Ազատության հրապարակում մեկնարկել է քաղաքացիական ֆորումը

Ազատության հրապարակում մեկնարկել է քաղաքացիական ֆորումը
Ազատության հրապարակում մեկնարկել է քաղաքացիական ֆորումը

Ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսը, որը սեպտեմբերի 30-ից արտահերթ ընտրությունների պահանջով շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Ազատության հրապարակում, այսօր հռչակել է քաղաքացիական ֆորումի մեկնարկի մասին:
Կոնգրեսը, իր հաղորդագրության մեջ, դա բացատրել է «Հայ ազգային կոնգրեսի կողմից հռչակած որոշումների կայացման գործընթացում ժողովրդի մասնակցության սկզբունքով» եւ նրանով, որ այդպիսով հետապնդվում է «Հայաստանի ապագա զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն ու պարտականությունը դարձնելու նպատակ»:

Ըստ Կոնգրեսի հաղորդագրության, Ֆորումի նպատակներ են «մանրամասն եւ համակողմանի քննարկել եւ մշակել Հայաստանի հանրապետության զարգացման քաղաքականությունը՝ անդրադառնալով բոլոր ոլորտներին, հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցել նշված քաղաքականության մշակմանը, ձեւավորել Հայաստանի ապագա զարգացման ընդհանրական հայեցակարգ եւ առավելագույնս օգտագործել հասարակության մեջ առկա ներուժը՝ հայեցակարգի մշակման եւ հանրայնացման գործում»:

«Ազատության հրապարակում 4 օր գործելու են ոլորտային խմբեր, որոնցից յուրաքանչյուրում կներկայացվեն Կոնգրեսի կողմից մշակված ծրագրերը եւ կնախաձեռնվի հանրային քննարկում: Կոնգրեսի մշակված ծրագրերից բացի կքննարկվեն ոլորտներին առնընչվող կարեւոր թեմաներ»,- տեղեկացնում են Կոնգրեսից:

Ըստ այդմ, նշված ոլորտներն են ՝ առողջապահություն, արտաքին քաղաքականություն, բնապահպանություն, կրթություն եւ գիտություն, մշակույթ, պաշտպանություն եւ տնտեսություն:

Հարցերի ներկայացումներն ու քննարկումներն կլինեն ամեն օր` ժամը 15-ից 18-ը:

Զեկուցումների թեմաների եւ վայրերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը փակցված կլինի Ազատության հրապարակի մամուլի կենտրոնի մոտ տեղադրված ցուցատախտակներին:

© Medialab.am