ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված

Հեղինակ MediaLab

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

«Դեռ որոշում չկա»,- ասաց Պետրոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Հայտնի է, որ նախագահն ստացել է առաջարկությունը, սակայն դեռևս չի ստորագրել: ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է, որ իր լիազորություններն իրականացնելիս հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր ու կարգադրություններ, և կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին:

ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին:

Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»։ Նույն հոդվածի երրորդ կետը սահմանում է, որ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: