«Սերժ Սարգսյանը պետք է ցույց տա իշխանական բուրգին, որ ինքը վերահսկում է իրավիճակը». որոնք են բռնությունների շարժառիթները

«Սերժ Սարգսյանը պետք է ցույց տա իշխանական բուրգին, որ ինքը վերահսկում է իրավիճակը».  որոնք են բռնությունների շարժառիթները
«Սերժ Սարգսյանը պետք է ցույց տա իշխանական բուրգին, որ ինքը վերահսկում է իրավիճակը». որոնք են բռնությունների շարժառիթները

Կարծում եմ` իշխանությունները շատ լուրջ խնդրի առջև են կանգնած, որովհետև դատական գործընթացն այսկերպ չի կարող շարունակվել. հանրային կարծիքը «Սասնա ծռերի» կողմն է. «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանը՝ օրերս «Սասնա ծռեր» խմբի անդամներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու առնչությամբ:

Հիշեցնենք, հունիսի 28-ի երեկոյան «Սասնա ծռեր» խմբի անդամները և նրանց փաստաբանները հայտարարել էին, որ այդ օրը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում 10-15 ոստիկաններ ծեծել են խմբի անդամներ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։ Իսկ նախքան դատական նիստերի մեկնարկը դատարանի անցակետում մանրակրկիտ զննության էին ենթարկվել «Սասնա ծռերի» փաստաբանները, բացառությամբ դատախազի: Դատական նիստերն անցնում են լարված մթնոլորտում:

Ստեփան Դանիելյանն իշխանությունների նման վարքագիծը պայմանավորում է մի շարք գործոններով. այնպես անել, որ, ի վերջո, նիստերը փակ լինեն և ապա` վախեցնել, որպեսզի ստիպեն «Սասնա ծռերի» անդամներին ինչ-որ տեղ կառավարելի դառնան: «Նրանք առաջին հերթին ուզում են վախեցնել «Սասնա ծռերի» անդամներին և նրանց հարազատներին, որպեսզի դահլիճում ակտիվ չլինեն: Մյուս բացատրությունն էլ այն է, որ իրենք, այդ թվում նաև` ոստիկանները, կորցրել են իրենց վրա վերահսկողությունը: Ուղղակի սա էմոցիոնալ պոռթկում էր, չգիտեին` ի´նչ անել»,- ասում է Դանիելյանը:

Քաղաքագետը հիշեցնում է՝ 15 ոստիկանով մեկ հոգու ծեծելը մեզանում նորություն չէ, նման գործելաոճը հայկական ոստիկանությանը միշտ է բնորոշ է եղել: Դանիելյանի խոսքով` երբ իշխանությանը պետք է լինում, 10-15 հոգով ծեծում են մեկ հոգու, երբ պետք է լինում՝ գնդակահարում են.

«Դա տեսել ենք մարտի 1-ին: Եղել են մասսայական խոշտանգումներ 1996-ին, 2008-ին, երբ հարյուրներով մարդկանց բռնում էին ու մասսայական խոշտանգումների ենթարկում, 20-30 հոգով մեկին ծեծում էին, նաև սեռական բնույթի խոշտանգումներ են եղել: Այստեղ որևէ նոր բան չկա, ուղղակի նյարդերը տեղի են տվել, և սա իրենց բնորոշ է»:

Դանիելյանի կարծիքով` քանի որ իրավիճակն արդեն դուրս է գալիս իշխանությունների վերահսկողությունից, այդ պատճառով դիմում են նման քայլերի. «Եվ այստեղ խնդիրը միայն հանրությունը չէ, առաջին խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է ցույց տա իշխանական բուրգին, որ ինքը վերահսկում է իրավիճակը, քանի որ եթե այսպես շարունակվի՝ ամենավտանգավորը նրա նկատմամբ իշխանական բուրգի կասկածանքներն են, այսինքն այն, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին»,- նկատում է քաղաքագետը:

Մամուլում հրապարկվել է «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանի գրությունը, որը նա փորձել էր փոխանցել իր փաստաբան Արա Ղարագյոզյանին, որը, սակայն, իրավապահ մարմիններն առգրավել էին: Նամակում, մասնավորապես, նշված էր, որ «Դատավարությունն օգտագործում ենք
1. Ժողովրդին (հատկապես երիտասարդությանը) ոգևորելու
2. Ինքնակազմակերպմանը օժանդակելու
3. Մեր ազգային օրակարգը Արցախի միացմամբ նոր հանրապետություն, հետո Կուր-Արաքսյան տարածքի վերահայացում
4. Մեր գաղափարները տարածելու
5. Աշխարհին հասկացնելու, որ հայերին հնարավոր չէ ստրկացնել, և մենք ազատվելու ենք գաղութատիրությունից
6. Դատավարությունը շուռ տալու և վերածելու ռեժիմի մահավճռի
7. Լինելու կազմակերպված և պայքարը շարունակելու մինչև հաղթանակ
8. Հետևել մեր առողջությանը, այն միայն մերը չէ, նաև պայքարի համար է»:

Ստեփան Դանիելյանն այս նամակի բովանդակության և, ընդհանրապես, նամակի բացահայտման մասին ասում է՝ նախ այն տեսել են Արեգ Կյուրեղյանն ու ոստիկանները, հիմա Կյուրեղյանը չի կարող խոսել՝ կալանավորված է: Իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը, օրինակ՝ Կուր-Արաքսյան տարածք և այլն, Դանիելյանը նկատում է՝ «Ուզում են ցույց տալ հանրությանը, որ այս մարդիկ ադեկվատ չեն»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նույնպես Հայաստանում ձերբակալվածներին կամ կալանավորվածներին ծեծի ենթարկելը նորություն չի համարում: Նա նշում է՝ եղել են դեպքեր, երբ ծեծի հետևանքով մարդիկ են սպանվել, չնայած հետաքննությունը բոլորովին այլ բան է պարզել, և «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամներին ծեծի ենթարկելն էլ առաջին դեպքը չէ:

«Բայց սա չի նշանակում, որ սա պետք է դառանա սովորական, և մենք չպետք է զարմանանք կա զայրանանք նման երևույթներից»:

Ինչո՞ւ նման բռնություն կիրառվեց խմբի անդամների նկատմամբ հարցին ի պատասխան Հարությունյանն ասում է.

«Ծեծում են, որովհետև լցված են վրեժխնդրությամբ և չարությամբ: Ես մինչև վերջ չեմ կարող հասկանալ իշխանությունների տրամաբանությունը, բայց սա միանշանակ պետք է արժանանա հանրության ամենախիստ դատապարտմանը»:

Իրավապաշտպանը համոզված է. նրանք, ովքեր գնում են ժողովրդի կամքին հակառակ, ապա, ինչպես պատմությունն է ցույց տալիս, իշխանությունից զրկվում են, եթե ոչ այսօր, ապա՝ վաղը:

Ըստ Հարությունյանի` իշխանությունները վաղուց ի վեր ընտրել են մի ճանապարհ, որով փորձում են ուժի ցուցադրմամբ վախեցնել հասարակությանը, նրանց թվում է, որ մարդիկ, սարսափով լցված, կդադարեն նրանց դեմ պայքարելուց:

«2008 թվականից սկսած իշխանությունները ակտիվ քաղաքացուն դուրս են մղել պետությունից և հասարակական դաշտից, ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ մարդիկ լքեն Հայաստանը, հեռանան այստեղից: Արտագաղթն առաջին հերթին ծրագրված էր իշխանությունների կողմից. ակտիվ հասարակությունը պետք է հեռանա, պետք է մնա պասիվ հանրությունը, որին հնարավոր կլինի ղեկավարել այնպես, ինչպես ցանկանում ես»,- նկատում է իրապաշտպանը:

Նա նաև ընդգծում է՝ սակայն պարզվեց, որ այս «պասիվ» հանրությունն այնքան ակտիվ է, որ կարողանում է դիմադրել, և հիմա իշխանությունն իր առաջ այդ դիմադրությունը կոտրելու խնդիր է դրել՝ ծեծով, վախով, սարսափի տարածումով, անմեղ մարդկանց դատապարտելով անհամաչափ պատժաչափերով, ցուցադրական դատապարտումներով. օրինակ՝ տոնածառ տեղադրելու համար մարդուն դատապարտում են երկար պատժաժամկետով: Այս ամենը ծրագիր է, և, ըստ իրավապաշտանի, իշխանությանը թվում է, թե իրենց կհաջողի, բայց՝ ոչ:

Հարությանյանի կարծիքով՝ այս իշխանությունները տարիներ շարունակ այնքան են լարել հասարակություն-իշխանություն փոխհարաբերությունները, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այսինքն՝ «Սասնա ծռերի» անդամները, արդեն առանց երկար-բարակ մտածելու` դիմում է զենքի: 5-10 տարի առաջ նման բանը հանրությանը կզարմացներ, իսկ այսօր հանրությունը սրան նորմալ է վերաբերվում և ավելին` նույնիսկ խմբի անդամներն արժանանում են հասարակության համակրանքին:

«Սա արդեն վկայում է այն մասին, որ մեր հասարակությունում իշխանություն-հանրություն բևեռացումն այնքան է խորացել, որ վերածվել է թշնամանքի: Մի կողմից՝ իշխանությունն իր չարությամբ՝ ծեծ ու ջարդով, ընտրություններ կեղծելով, բիրտ ուժ կիրառելով, Մարտի 1-ով, որը հանգրվան էր, որը բերեց այս ամեն ինչին, երբ իշխանություններն առաջին անգամ զենք օգտագործեցին, տանկեր ու ավտոմատներ հանեցին մարդկանց դեմ ու սպանեցին մարդկանց: Սրանով նրանք խախտեցին թույլատրելիի սահմանը: Հիմա էլ այս կողմից մարդիկ են կամաց-կամաց սկսում դիմել այդ քայլին կամ կոչ անել, որ դիմեն այդ քայլին: Իմ խորին համոզմամբ՝ և՛ հանրությունը, և՛ իշխանությունը պետք է բավական խոհեմ լինեն, որովհետև զենքի ուժը լուծում չէ, իշխանության քայլերն են հանգեցրել այս իրավիճակին»,-եզրափակում է իրավապաշտպանը:

Հարությունյանը դեպքերի նման զարգացումների հանգուցալուծումը տեսնում է թշնամության խորացմամբ, և կարծում է, որ կարող են լինել անկանխատեսելի երևույթներ, որոնք կարող են շրջադարձային լինել և´ մեր հասարակության, և´ մեր երկրի ճակատագրի համար:

Աուրիկա Ստեփանյան

MediaLab.am