«ՀԿ-ները հաշվետվություն ներկայացնելով՝ ոչ թե վերահսկվում են, այլ առաջին հերթին հաշվետու են լինում հանրության առաջ». Սոնա Այվազյանը՝ նոր նախագծի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

– Տիկի՛ն Այվազյան, Կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով սահմանվում է, որ բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն։ Ի՞նչ է ենթադրում այդ փոփոխությունը։

– Այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ նախկինում ձևակերպումները հստակ չէին և որոշ չափով խնդրահարույց էին։ Նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն աշխատում էր Պետական եկամուտների կոմիտեի հետ։

Եվ այն փոփոխությունները, որոնք արված են, հիմնականում համաձայնեցված են այդ խմբի հետ։ Իհարկե, կան ՀԿ-ներ, որոնք կարծում են, թե ընդհանրապես չպետք է նման փոփոխություններ կատարվեին, թե ՀԿ-ները չպետք է հաշվետու լինեն։ Բայց աշխատանքային խմբում ներգրավված ՀԿ-ները հիմնականում առաջնորդվում են այն սկզբունքով, որ հասարակական կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն հանրության առաջ։

Եվ տրամաբանական է, որ լինի հանրային հարթակ, որտեղ ցանկացած քաղաքացի կկարողանա ինֆորմացիա ստանալ այս կամ այն հասարակական կառույցի գործունեության վերաբերյալ։ Դրանով ապահովվում են հաշվետվողականությունը, գործունեության թափանցիկությունը։

Այսինքն՝ այս փոփոխությունը, որը կատարվել է, հիմնականում միտված է այն բանին, որ հասարակական կառույցներին հաշվետու դարձնի առաջին հերթին հանրության առաջ և ոչ թե պետական կառույցների։

– Օրենքի ընդունումից հետո ի՞նչ է ենթադրվում, ՀԿ-ները տարին մեկ անգամ պետք է ներկայացնեն, թե ինչ ֆինանսավորում են ստացել, ումից և ինչ ծրագրե՞ր են իրականացրել։

– Պետական եկամուտների կոմիտեի կայքում հասարակական կազմակերպությունները կարող են ունենալ իրենց տարածքը և ներկայացնել իրենց հաշվետվությունները։ Ցանկացած մարդ կարող է մտնել և ունենալ ինֆորմացիա այդ ՀԿ-ների մասին։ Սա նաև հնարավորություն է, որպեսզի հասկանանք, թե իրականում ո՛ր հասարակական կազմակերպություններն են գործում։

Իրականում պարբերաբար ՀԿ-ներ են բացվում, բայց հայտնի չէ՝ նրանք կան, չկան, գործո՞ւմ են, թե՞ ոչ, Հայաստանո՞ւմ է նրանց ղեկավարը, թե՞ ոչ։ Այնտեղ նաև դրա համար է հնարավորություն ստեղծվում, այսինքն՝ հասանելի դարձնել գործող ՀԿ-ների մասին ինֆորմացիան։

– ՊԵԿ նախագահն ասաց, որ սա միջազգային փորձ է, որը նաև Հայաստանում են ներդնում։ Արդյոք այս փոփոխությունը Հայաստանը որպես միջազգային պարտավորությո՞ւն է ստանձնել։

– Մենք պարտավորություն որպես այդպիսին չունենք։ Ավելի շուտ սա լավ փորձ է։ Տարբեր կարծիքներ կան նաև ՀԿ-ների շրջանում։ Կարծիքներից մեկն այն է, որ ՀԿ-ներն իրենք պետք է որոշեն, թե որքանո՛վ են թափանցիկ ու հաշվետու։

Եվ իրենք ըստ էության դրանով նաև մրցակցելու են միմյանց միջև։ Մյուս կարծիքն այն է, որ օրենքով պետք է որոշակի դաշտ ստեղծվի, որպեսզի ՀԿ-ներին ևս բերվի պատասխանատվության, վերահսկողության դաշտ, և դրանով պետությունը դերակատարում ունենա։

Պետությունն այստեղ ոչ թե վերահսկողի դեր է ունենում, այլ ստեղծում է այն հարթակը, որտեղ ՀԿ-ները հաշվետու են դառնում հանրության առաջ։

– Այս փոփոխությունն արդյոք նպատակ չունի՞ ՀԿ-ներին և նրանց ֆինանսական միջոցները վերահսկել։ Նման մտահոգություններ չե՞ն հնչել քննարկումների ժամանակ։

– Այդ ինֆորմացիան, որը տրամադրվելու է, միշտ կարող է օգտագործվել։ Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի իրավիճակ կարող է լինել։ Այսինքն՝ պետք է հասկանանք, թե ի՞նչն ենք մենք վերահսկելու։ Այսպես թե այնպես հարկային հաշվետվողականությունը կա, և դրանից խուսափել հնարավոր չի լինելու։ Սա ոչ այնքան վերահսկողություն է, որքան հանրամատչելի հարթակ, որտեղ հասարակական դաշտի վերաբերյալ ինֆորմացիա կհավաքվի։

Մենք դրական ենք գնահատում այդ փոփոխությունը, որովհետև կարծում ենք, որ շատ կարևոր է, որ հասարակական կառույցները հաշվետու լինեն հանրության առաջ։ Ցանկացած փոփոխություն կարելի է այնպես մեկնաբանել, որ այն վտանգ է ներկայացնում։ Եվ այն մյուս թևը, որը կարծում է, որ չպետք է հաշվետու լինել պետությանը, հենց այդպես է կարծում։

Բայց մենք ավելի լավատես ենք և կարծում ենք, որ պետությունն ինքը պետք է թափանցիկ լինի և, ինչու ոչ, պետք է ստեղծի թափանցիկ միջավայր, որտեղ կգործեն հասարակական կառույցները։ Դրա համար մենք չենք ուզում վտանգ տեսնել, եթե մենք պետական կառույցներից թափանցիկություն ու հաշվետվողականություն ենք պահանջում, նույնը պետք է նաև մեզանից պահանջեն։ Եվ սա ընդհանուր միջավայրն է փոխում, նաև վստահությունը կարող է բարձրանալ հասարակական կառույցների նկատմամբ։

Այսօր ոմանք կարծես պիտակավորում են ՀԿ-ներին տարբեր ձևերով։Իհարկե, այդ պիտակները, կարծում եմ, չեն վերանա, դա պրոպագանդայի հետևանք է։ Հիմա իրենք օգտվում են հասանելի աղբյուրներից, նյութեր են գրում, որ այսինչ հասարակական կազմակերպությունն այսինչից ստացավ այսքան գումար։ Այսինքն՝ ցույց են տալիս, որ մեծ հայտնագործություն են անում։ Բայց հանրային աղբյուրներ կան, դրանում ոչ մի բացահայտում էլ չկա, պարզապես մատուցումն է այլ։

Այնպես որ, այդ կառույցների համար ինֆորմացիայի դաշտը կբացվի, նրանք շատ ավելի կազմակերպությունների մասին ինֆորմացիա կունենան։ Բացի դա, մենք կարծում ենք, որ այս փոփոխություններն ընդհանուր հաշվետվողականության մշակույթը զարգացնելու համար են շատ կարևոր։ Դա կնպաստի քաղաքացիների և հասարակական կառույցների միջև վստահության բարձրացմանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am