«Արցախի կարգավիճակի հարցի քննարկում սկսելու համար Հայաստանը պետք է երկու քայլ անի». Բենիամին Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը

Պարո՛ն Պողոսյան, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ ընդգծելով, որ այս պահին, սակայն, վաղ է այդ հարցը օրակարգային դարձնել: Լավրովի առաջարկը պարունակո՞ւմ է արդյոք վտանգներ Արցախի կարգավիճակի հարցի լուծման առումով:

– Թեև Լավրովը ֆիքսում է, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկել Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների շրջանակներում, բայց նաև ասում է՝ Ռուսաստանի համար նպատակահարմար չէ առաջիկա տարիներին այդ հարցը քննարկել այդ ձևաչափում:

Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, որ Արցախի կարգավիճակի հարցը առկախվում է մինչև տնտեսական հարաբերությունների հաստատումը, ընդ որում՝ ենթադրաբար Հայաստանի ու Ադրբեջանի միջև, գուցե նաև՝ Արցախի ու Ադրբեջանի, ապա, ակնհայտ է, որ այդ դեպքում շատ ավելի բարդ կամ իմաստազուրկ կլինի խոսել Արցախի անկախ կամ Հայաստանին միացնելու կարգավիճակի մասին:

Որովհետև, եթե իսկապես տնտեսական ու որոշակի հարաբերություններ հաստատվեն, և լարվածությունն ու թշնամանքը սկսեն նվազել, ապա հետագայում հարց կառաջանա՝ ի՛նչ կարգավիճակի մասին է խոսքը, քանի որ մարդիկ այս կամ այն կերպ ապրում են, հետևաբար, կարող են այդպես էլ ապրել, բայց արդեն՝ Ադրբեջանի կազմում մնալու ձևով:

Եթե իրադարձությունները զարգանան Լավրովի ասածով, ապա մշակութային ինքնավարությունից ավելի բարձր ոչինչ չենք էլ կարող ակնկալել:

Օբյեկտիվորեն հնարավոր չէ՞ այս պահին Արցախի կարգավիճակի հարցը օրակարգային դարձնել, թե՞ պաշտոնական Մոսկվան է դեմ դրան:

– Եթե նկատի ունենք օրակարգային հարց դարձնել Մինսկի խմբում, ապա Ադրբեջանն ասում է, որ կարգավիճակի հարց գոյություն չունի, ու ինքը մտադիր չէ այդ հարցը քննարկել որևէ ձևաչափով:

Այսինքն՝ կարգավիճակի հարցը կարող է առաջ բերել միայն Հայաստանը: Բայց եթե հայտարարի, որ այդ հարցի քննարկումը պետք է սկսվի Մինսկի խմբի շրջանակներում, Ադրբեջանը պարզապես կհրաժարվի այդ քննարկումներին մասնակցելուց: Ես չեմ տեսնում որևէ անդամ պետություն, որն ի վիճակի է կամ ցանկություն ունի հարկադրելու Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը սկսի բանակցել Արցախի կարգավիճակի հարցի շուրջ:

Այս պարագայում Հայաստանի միակ հնարավոր տարբերակը հետևյալն է՝ հայտարարել, որ եթե ֆիքսված ժամկետում Ադրբեջանը չհամաձայնի մասնակցել Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ Մինսկի շրջանակներում վերսկսվող բանակցություններին, ապա Հայաստանը կա՛մ կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, կա՛մ կճանաչի Արցախի Հանրապետությունը որպես Հայաստանի Հանրապետության մաս:

Այս կերպ, եթե համանախագահող երկրները չեն ցանկանում իրավիճակի հավելյալ լարում, ժամանակ կունենան Ադրբեջանին հարկադրելու կամ համոզելու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Իմ գնահատմամբ՝ այս գործընթացը տեղից շարժելու միակ ճանապարհը սա է:

Պարո՛ն Պողոսյան, կարծում եք՝ պաշտոնական Մոսկվան աչքի առաջ ունի հենց ձեր ասած հեռանկա՞րը, որ տնտեսական համագործակցությունից հետո համանախագահող երկրները կարող են ասել՝ ի՛նչ կարգավիճակի հարց, մարդիկ կարծես լավ էլ ապրում են:

– Հիմք ընդունելով Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ այն այլ կերպ մեկնաբանել, քան, որ, այո՛, Ռուսաստանն ուզում է առայժմ կարգավիճակի հարցը սառեցնել, իսկ որոշ ժամանակ հետո ստեղծել մի իրավիճակ, երբ ընդհանրապես Արցախի՝ Ադրբեջանից դուրս կարգավիճակի հարցը աստիճանաբար օրակարգից դուրս կմղվի:

Հիմա Ռուսաստանը հակված է նրան, որ որոշ ժամանակ անց լինի մի այնպիսի իրավիճակ, երբ կարգավիճակի հարցն ընդհանրապես մղվի երկրորդ պլան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am