ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սալամանկա քաղաքի ավագ դպրոցում նոր ուսումնական տարվանից դասերին կմասնակցի Sally անունով մարդանման ռոբոտը։ Այն չի փոխարինի ուսուցչին, այլ կծառայի որպես ուսուցչի օգնական և կրթական գործիք՝ աջակցելով թե՛ աշակերտներին, թե՛ մանկավարժներին։
Սալամանկայի դպրոցական շրջանը ռոբոտը ձեռք է բերել Realbotix տեխնոլոգիական ընկերությունից։ Ռոբոտի հետ միասին դպրոցը կօգտագործի նաև արհեստական բանականությամբ աշխատող վիրտուալ օգնական, որի հետ աշակերտները կկարողանան շփվել համակարգիչների միջոցով։ Ծրագիրը սկզբում նախատեսվում է կիրառել արհեստական բանականության և ռոբոտաշինության դասընթացներում, իսկ հաջողության դեպքում՝ նաև այլ առարկաների ժամանակ։
Sally-ն կնոջ արտաքինով նստած ռոբոտ է՝ սիլիկոնե մաշկով, երկար մազերով, դեմքի արտահայտություններ և մարմնի վերին հատվածի շարժումներ կատարելու հնարավորությամբ։ Աշակերտները հատուկ նույնականացման կոդով կկարողանան դիմել նրան, իսկ համակարգը նրանց նախորդ հարցումների հիման վրա անհատականացված աջակցություն կտրամադրի։ Այս մասին տեղեկացնում է New York Focus-ը:
Ռոբոտի վիրտուալ տարբերակը կօգնի տնային առաջադրանքների հարցում, կկարողանա մեկնաբանել աշակերտների ուղարկած աշխատանքների լուսանկարները, կազմել լրացուցիչ դասեր և իրական ժամանակում թարգմանել ավելի քան 100 լեզուներով։ Ուսուցիչները ևս կկարողանան օգտվել դրանից՝ դասի ընթացքի կամ ուսումնական ծրագրի վերաբերյալ հուշումներ ստանալու համար։
Դպրոցական շրջանը ռոբոտի և ծրագրային համակարգի համար վճարել է 57 հազար 590 դոլար։ Ծրագրի հեղինակները նշում են, որ համակարգը փակ է և համացանցին միացված չէ, իսկ ընկերությունը չի ստանա աշակերտների անձնական տվյալները։ Ռոբոտը չի ունենա նաև դեմքերի ճանաչման և ձայնագրման գործառույթներ։
Նախաձեռնությունը, սակայն, հակասական արձագանքների է արժանացել։ Մի մասը այն համարում է նորարարական հնարավորություն՝ հատկապես տեխնոլոգիական կրթության զարգացման համար, իսկ մյուսները մտահոգություն են հայտնում երեխաների տվյալների պաշտպանության, էկրանի առաջ անցկացվող ժամանակի և դպրոցներում արհեստական բանականության դերի ընդլայնման վերաբերյալ։
Սալամանկայի կրթական ղեկավարությունը շեշտում է, որ նպատակը մարդ ուսուցչին փոխարինելը չէ։ Ծրագրի արդյունավետությունը գնահատվելու է աշակերտների և ուսուցիչների արձագանքների հիման վրա, իսկ ռոբոտի աշխատանքը շարունակաբար վերահսկվելու է մանկավարժների կողմից։



















