«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ է ենթադրելու Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը կստորագրվի նախագահների միջև հունվարի 17-ին կայանալիք բանակցություններից հետո։ Ի՞նչ հնարավոր ազդեցություններ է ունենալու սա Հայաստանի համար:
– Այդ փաստաթուղթը որպես այդպիսին նորություն չէ ռուս-իրանական հարաբերություններում, սա այն նույն փաստաթուղթն է, որը գոյություն է ունեցել դեռևս 2001 թվականին, այսինքն՝ նոր փաստաթուղթն ընդամենը փոխարինելու է դրան, ու այս փաստաթղթում ուղղակի կետեր և ենթակետեր են ավելանալու, ըստ որոնց բարձրացվելու են Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունների մակարդակը՝ հատկապես Արևմուտքի հետ սուր հակամարտության համատեքստում:
Սա նշանակում է, որ առաջնահերթություններից մեկն այն է, որ Մոսկվայի հետ համագործակցություն պետք է կնքվի անվտանգության ու պաշտպանության ոլորտում, այսինքն՝ եթե նախկինում այս մասին չկա կետ, ապա հիմա ավելացել է անվտանգության ու համատեղ պաշտպանության համակարգի ներդրման մասին կետ: Սա Ռուսաստանի ու Իրանի մերձեցման վճռական քայլ է, հատկապես երբ նայում ենք, թե ինչպես նորընտիր նախագահ Թրամփը, ի հակադրություն իր նախընտրական խոստման, թե դադարեցնելու է պատերազմներն աշխարհում, չի բացառում Իրանի հետ պատերազմը:
Ենթադրելի է, որ նոր ճարտարապետություն է կառուցվում Իրան-Ռուսաստան հարաբերություններում, որտեղ հիմք է դրվում անվտանգային համակարգի ներդրման ստեղծմանը, անվտանգային համակարգ՝ հատկապես Հարավային Կովկասում, թե հիմա մենք դրանից ի՛նչ հետևություններ կանենք, պետք է ինքներս հասկանանք, նկատի ունեմ՝ օրվա իշխանությանը:
– Կարո՞ղ ենք ասել, որ Իրանն ու Ռուսաստանը միավորում են իրենց ուժերը ընդդեմ հավաքական Արևմուտքի:
– Այո՛, իհարկե, հենց առաջինն ասացի, որ դա առաջնահերթ կոնկրետ ուղղված է հավաքական Արևմուտքի, կոնկրետ՝ Վաշինգտոնի ռազմական հռետորաբանության դեմ: Թրամփի վարչակազմն ուղիղ ու անկաշկանդ խոսում է իր ծավալապաշտական նկրտումների մասին, որի մեջ ներգրավվում է ամբողջ Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը: Այս պարագայում հասկանալի է, որ այս համագործակցությունը ուղիղ հակընդդեմ գործիքակազմ ու մեխանիզմներ ունեցող պայմանագիր է, որը ցույց է տալիս, որ կա հակակշիռ:
Շատ հավանական է, որ մեր մասով ևս սա նաև ազդակ է, որ այսօր այն իրավիճակը, որ տիրում է Հարավային Կովկասում, նաև ցույց է տալիս, որ Ռուսաստանը Իրանի հետ նոր ճարտարապետություն է կառուցում Հարավային Կովկասում, որ ինչ-որ տեղ նաև թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ ուղղված որոշակի կոմպոնենտներ պարունակող համագործակցություն է:
– Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ քաղաքականություն պետք է վարի ՀՀ օրվա իշխանությունը՝ հաշվի առնելով այս ամենը:
– Այս իրավիճակում մենք պետք է հասկանանք, թե նման ճարտարապետության մեջ մեր տեղն ու դերը ո՛րը պետք է լինի: Ես միշտ եմ ասել, որ երկու երկրի հետ պետք է փորձենք մաքսիմալ հնարավորություններ ստեղծել՝ այդ կոնֆիգուրացիայում մեր ուրույն տեղն ունենալու համար:
Երկրորդ՝ տեսնում ենք, որ հայ-ամերիկյան գործակցության նախադրյալներ են ստեղծվում, ու ստորագրված փաստաթուղթն արդեն իսկ ցայտնոտի առիթ է ստեղծել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի համար, այսինքն՝ այստեղ շահեկան իրավիճակ է ստեղծվում մեզ համար: Այս համատեքստում մենք կարող ենք մեր քաղաքականությունը կառուցել: Հիմա թե ի՛նչ կանի Հայաստանի գործող իշխանությունը, արդեն հարցի մյուս կողմն է: Իշխանությունը պետք է կարողանա ճիշտ ներկայացնել այդ փաստաթղթի բովանդակությունը թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին, ու ցույց տա, որ դա որևէ կերպ նրանց դեմ չէ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















