Հարսանիք. Ադրբեջանում պայքարում են անչափահասների ամուսնությունների դեմ

Հարսանիք. Ադրբեջանում պայքարում են անչափահասների ամուսնությունների դեմ
Հարսանիք. Ադրբեջանում պայքարում են անչափահասների ամուսնությունների դեմ

Մինչ երկրի խորհրդարանում քննարկվում է ամուսնությունների վերաբերյալ խստացված օրենսդրությունը, դեռատի աղջիկներին շարունակում են ամուսնացնել մեծահասակ տղամարդկանց հետ:
Երկու տարի է անցել, ինչ Ադրբեջանի խորհրդարանը խոստացել է խստացնել օրենսդրությունը` անչափահասների շրջանում ամուսնությունների քանակը կրճատելու նպատակով, սակայն վերջերս միայն ոստիկանության միջամտության շնորհիվ հաջողվեց կանխել 30-ն անց տղամարդու ամուսնությունը 13-ամյա աղջկա հետ:

Անցյալ ամիս ոստիկանության աշխատակիցների կազմակերպած շուրջկալի շնորհիվ` խափանվեց Գյանջայում եղած գեղեցկության սրահներից մեկում կայանալիք հարսանեկան արարողությունը:

13-ամյա աղջնակը` հարսնացուն, ասում է, որ տեղյակ է` 17 տարին չլրանալու դեպքում արգելվում է ամուսնանալ, բայց նա կարծում էր, որ իրենից 20 տարով մեծ ապագա ամուսնու պես տղամարդուն չէր կարելի «ձեռքից բաց թողնել».

«Իմ փեսացուն լուրջ տղա է: Ասում են` նա գործարար է: Մայրս տեսել է նրա տան լուսանկարները. այն մեծ է ու գեղեցիկ»:

Աղջիկը դեմ չէր լինի շարունակել դպրոց գնալ եւ հաճախել երաժշտական քոլեջ, բայց դատելով մոր նկարագրություններից, մտածել է, որ ամուսնությունը լավ գաղափար է:

Նա մեղադրում է «նախանձ» բարեկամներին ոստիկանությանը կայանալիք հարսանիքի մասին հայտնելու մեջ.

«Փեսացուիս ծնողները սկզբում ուզում էին ամուսնացնել նրան իմ զարմիկի հետ: Բայց հարսնատեսի ժամանակ նա ինձ հավանեց եւ ամուսնության առաջարկ արեց»:

Գյանջայի ոստիկանապետի տեղակալ Իլգար Բալաքիշիեւն իր հերթին կասկած է հայտնում, որ այս ամուսնությունը ոչ այլ ինչ էր, քան ֆինանսական գործարք:

«Մենք կասկածում ենք, որ սա է հիմնական խնդիրն այստեղ: Նրանք պատրաստվում էին շատ արագ` մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպել հարսանիքը, շատ քիչ վկաների ներկայությամբ: Այն փաստը, որ հարսանիքից առաջ աղջիկը բժշկական փորձաքննություն էր անցել եւ կուսությունը հաստատող վկայագիր ստացել, հաստատում է մեր կասկածները: Երկար տարիների փորձը հուշում է, որ նման բժշկական ստուգումների շարժառիթն աղջկան ավելի թանկ գնով վաճառելն է», – ասում է նա:

Աղջկա մայրը, սակայն, հերքում է շահադիտական նպատակների առկայությունը:

«Ես մայր եմ եւ սիրում եմ իմ աղջկան: Ինչպե՞ս կարող էի վաճառել նրան: Պարզապես հաջող փեսացու էր հայտնվել, եւ ես ուզում էի, որ աղջիկս երջանիկ լինի: Ես առողջական խնդիրներ ունեմ, այդ պատճառով ուզում էի աղջկաս կյանքը դասավորել հնարավորինս շուտ… ինքս ամուսնացել եմ, երբ 13 տարեկան էի», – ասում է նա:

2009-ին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ, սոցիալական քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հադի Ռաջաբլին օրենսդրական փոփոխությունների առաջարկ էր արել այս խնդրի կապակցությամբ` նշելով. «եթե մայրն ինքը երեխա է, ապա չի կարող ինչպես հարկն է դաստիարակել սեփական երեխաներին»:

Երկու տարի առաջ IWPR-ն անդրադարձել է այս թեմային. այն ժամանակ 15-ամյա աղջիկը պատրաստվում էր ամուսնանալ իրենց 7 տարով մեծ տղամարդու հետ, եւ նման դեպքերը, կարծես, ավելի ու ավելի լայն տարածում են ստանում Ադրբեջանում:

IWPR-ի այն հարցին, թե ինչու ոչինչ չի արվել օրենսդրական նախագիծը ներկայացնելուց հետո, Ռաջաբլին պատասխանեց.

«Այս շրջանում մենք բազում այլ օրենքներ ենք հաստատել: Մենք պարզապես մեր ձեռքերը ծալած չենք նստել: Եթե առաջարկված օրենսդրական փոփոխությունները հայտնվել են օրակարգում, ապա դրանք կքննարկվեն, եւ հավանաբար, կհաստատվեն, նույնիսկ հնարավոր է` խորհրդարանի աշնանային նստաշրջանի սկզբին»:

Ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկել խորհրդարանի` խնդրի լուծումը ձախողելը: «Մուսավաթ» կուսակցության անդամ Փանահ Հուսեյնովը, ով զրկվեց պատգամավորական մանդատից 2010 թվականի նոյեմբերի ընտրություններից հետո, կտրուկ քննադատել է այն հանգամանքը, որ պատգամավորները չափազանց զբաղված են այլ հարցերով:

«Այս խորհրդարանում, որտեղ բոլորը նույն դուդուկի տակ են պարում, ընդդիմությունը ներկայացված չէ, իսկ այլախոհներ չկան, զարմանալի չէ, որ առաջարկված կարեւոր օրենսդրական փոփոխությունները երկար ժամանակ է` չեն հաստատվել», – ասում է նա:

Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստներն ընդգծում են խստացված օրենսդրության հրատապությունը, քանի որ աստիճանաբար ավելանում են դեպքերը, երբ աղջիկներին ամուսնացնում են թույլատրվածից վաղ տարիքում: Ներկայում տղամարդկանց համար սահմանված ամուսնության նվազագույն տարիքը 18 տարին է, կանանց համար` 17-ը, բացառիկ հանգամանքներում, երկու սեռերի ամուսնական նվազագույն տարիքը կարող է նշվածից մեկ տարի վաղ սահմանվել:

Անչափահասների ապօրինի ամուսնություններն ամրագրվում են միայն մահմեդական կրոնական ծեսի օգնությամբ: Այդ դեպքում, առանց ամուսնության մասին պետական վկայական ստանալու, հատկապես կանայք եւ ոչ միայն անչափահասները, զրկվում են օրինական ամուսնության դեպքում տրամադրվող իրավական երաշխիքներից:

«Եթե զույգը բաժանվում է, կինը սեփականության նկատմամբ կամ ֆինանսական փոխհատուցում ստանալու ոչ մի իրավունք չի ունենում, – նշում է Անվճար իրավաբանական աջակցություն տրամադրող կազմակերպության իրավաբան Նամիք Գուլիեւը, – Կինը կարող է ալիմենտներ պահանջել միայն այն ժամանակ, եթե նրանք երեխաներ ունեն, բայց այն դեպքում, եթե տղամարդը պաշտոնապես ճանաչում է հայրության փաստը» (Տե´ս «Ադրբեջան. միայնակ մայրերը ծանր կացության մեջ են» հոդվածը):

«Կանանց տարածաշրջանային կենտրոն»-ի ղեկավար Մալեյկա Ալիզադեի խոսքերով` ծնողները հաճախ արդարացնում են իրենց դեռահաս աղջիկներին ամուսնացնելն այն հանգամանքով, որ այդպիսով նրանց ֆինանսական վիճակը բարելավվում է:

«Մինչդեռ նրանք պետք է իմանան, որ 13-14 տարեկան աղջիկները ֆիզիկական եւ հոգեբանական առումով պատրաստ չեն ամուսնության, այդ պատճառով նրանք բազում լուրջ խնդիրների են բախվում: Ինչպե՞ս կարող է 13-ամյա աղջիկը երեխա դաստիարակել: Նա ինքը դեռ երեխա է: Երեխան պարզապես տիկնիկ կլինի նրա համար», – կարծիք է հայտնել Ալիզադեն:

Նրա խոսքերով`ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասների մասնակցությամբ ամուսնություններն ապահարզանով ավարտվելու ավելի մեծ հավանականություն ունեն:

«Շատ դեպքերում, երբ ամուսնալուծվում են, երիտասարդ կանայք սեփականության նկատմամբ ոչ մի իրավունք չեն ունենում եւ զրկվում են փող աշխատելու հնարավորությունից` դառնալով թրաֆիքինգի զոհ», – ասում է նա:

Ալիզադեն նշում է, որ անհամբերությամբ սպասում է օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուն:

«Մենք մեծ հույսեր ունենք, որ օրենսդրական փոփոխությունները կհաստատվեն խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ, եւ որ ամուսնության նվազագույն տարիքը կսահմանվի 18 տարին երկու սեռերի համար», – ասում է նա` հավելելով, որ օրենսդրական փոփոխությունները միայն գործընթացի սկիզբն են:

«Այս խնդիրը վերջնականապես լուծելու համար, ոստիկանությունը պետք է ավելի խիստ միջոցներ ձեռք առնի վաղ ամուսնությունների դեմ, դպրոցները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այս դեպքերին, իսկ ծնողները պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աղջիկների ապագային», – նշում է Ալիզադեն:

 

Գյուլնուր Ռաջիֆգըզի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)