Էդվարդ Նալբանդյան. «Եթե դրական միտումը պահպանվի նաեւ Կազանում, ապա կկարողանանք դրական առաջընթաց արձանագրել»:

Էդվարդ Նալբանդյան. «Եթե դրական միտումը պահպանվի նաեւ Կազանում, ապա կկարողանանք դրական առաջընթաց արձանագրել»:
Էդվարդ Նալբանդյան. «Եթե դրական միտումը պահպանվի նաեւ Կազանում, ապա կկարողանանք դրական առաջընթաց արձանագրել»:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ այսօր` հունիսկ 14-ին կայացած համատեղ մամլո ասուլիսին հայտարարել է, թե «լիովին համամիտ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ` անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ»:
Նալբանդյանն այդ հայտարարությունն արել է` պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞ր փուլում է նախատեսվում Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում:

«Երկրորդ փուլում նախատեսվում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը, ինչին միանշանակ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակից լինի: Մեզ համար խաղաղ կարգավորման հիմնաքարը այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է իր ճակատագրի տերը»,- ասել է Նալբանդյանը:

Ինչ վերաբերվում է գալիք Կազանի հանդիպմանը, ապա ՀՀ ԱԳ նախարարն ասել է, թե ԱԳՆ-ն արդեն հաղորդագրություն էր տարածել Մոսկվայում կայացած նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո, որտեղ ասվում էր, որ «կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ եւ եթե այդ դրական միտումը պահպանվի նաեւ Կազանում, ապա կկարողանանք դրական առաջընթաց արձանագրել»:

Հարցին էլ, թե «կարո՞ղ ենք ձեր պատասխանից եզրակացնել, որ Կազանում առաջին փուլի ավարտ է ակնկալվում, քանի որ դուք խոսեցիք երկրորդ փուլի մեկնարկի մասին Ղարաբաղի մասնակցությամբ», Նալբանդյանը պատասխանել է. «կարծեմ ես արդեն ասացի, որ առաջին փուլը մենք կարող ենք հաշվել եզրափակված, երբ հնարավորություն ունենանք անցնել երկրորդ փուլին, երբ ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը իր համաձայնությունը տա հիմնարար սկզբունքներին»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին, Նալբանդյանն ասել է. «Այն դրույթների մեջ, որոնք հրապարակվել էին նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի կողմից Լ՛Ակվիլայում եւ Մուսկոկայում արված հայտարարություններում՝ վեց դրույթների շարքում կար նաեւ Ղարաբաղի շուրջ խաղաղապահ գործողության մասին դրույթ: Բայց այս հարցի վերաբերյալ մանրամասներ վերջին երեք տարիների ընթացքում չեն քննարկվել: Եթե չի քննարկվել, ապա որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:

© Medialab.am