Մավրիկիոսում ջրի պակասի և ոստիկանական գործողությունների հետևանքով զանգվածային անկարգություններ են․ սահմանվել է պարետային ժամ

Հնդկական օվկիանոսում գտնվող Մավրիկիոսում (Mauritius) արդեն մի քանի օր շարունակվում են զանգվածային անկարգությունները, որոնց պատճառ են դարձել խմելու ջրի պակասը, կյանքի թանկացումն ու ոստիկանության կողմից 27-ամյա կնոջ վիրավորումը։ Երկրի իշխանությունները պարետային ժամ են սահմանել, ուժեղացրել անվտանգության միջոցառումները, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը⁠, բողոքի ցույցերը սկսվել են անցած շաբաթ՝ ջրամատակարարման խնդիրների և կյանքի թանկացման դեմ։ Իրավիճակը կտրուկ սրվել է հոկտեմբերի 9-ին, երբ ոստիկաններից մեկը կրակել և վիրավորել է 27-ամյա կնոջը՝ մայրաքաղաք Պորտ Լուիից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Կամպ Լևիե թաղամասում։

Դեպքից հետո ցուցարարները փակել են ճանապարհները, այրել անվադողեր, բախվել ոստիկանների հետ և վնասել հասարակական շենքեր։ Իշխանությունները ներգրավել են նաև ոստիկանության հատուկ ստորաբաժանումները։

Կնոջը վիրավորած ոստիկանը ձերբակալվել է, ևս երեք ոստիկան ժամանակավորապես հեռացվել են ծառայությունից՝ տուժածին օգնություն չցուցաբերելու համար։

Հոկտեմբերի 15-ի տվյալներով՝ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է առնվազն 120 մարդ։ Կառավարությունը երկարաձգել է գիշերային պարետային ժամը՝ ժամը 20։30-ից մինչև 05։00-ն։ Որոշ շրջաններում ժամանակավորապես դադարեցվել են դպրոցների և հասարակական տրանսպորտի աշխատանքները։

Մավրիկիոսի վարչապետ Նավին Ռամգուլամը հայտարարել է, որ բռնությունների և ավերածությունների մասնակիցները խիստ պատասխանատվության կենթարկվեն։

Իրավիճակի սրման պատճառով Մավրիկիոսում Ռուսաստանի դեսպանատունը⁠ իր քաղաքացիներին հորդորել է առանց խիստ անհրաժեշտության չերթևեկել ավտոմեքենաներով, խուսափել մարդկանց զանգվածային կուտակումներից և պահպանել պարետային ժամի սահմանափակումները։

Մավրիկիոսը համարվում է Աֆրիկայի ամենակայուն ժողովրդավարություններից մեկը։ Երկրում նման մասշտաբի անկարգություններ վերջին անգամ տեղի են ունեցել 1999 թվականին, երբ ոստիկանության կալանքի տակ հայտնի երաժշտի մահը զանգվածային բողոքի ալիք էր առաջացրել։