Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չարլզ Երրորդին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում նշել է, որ երկարամյա գահակալության ընթացքում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը Միացյալ Թագավորությանը ծառայեց հավատքով ու սիրով` հանդեպ Բրիտանիայի ժողովուրդը։ Յոթ տասնամյակ շարունակ Նորին Մեծությունը ներշնչեց իր ժողովրդին միասնականություն և ամենադժվար ժամանակներում դարձավ ուժի և վճռականության խորհրդանիշ։
Վեհափառ Հայրապետը հայցել է Բարձրյալ Աստծուց Իր երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հոգին։