Արցախի նախագահն ու Ռուստամ Մուրադովը կարևորել են Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումն ու բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ստեղծումը

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերի հստակեցմանը, այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, խաղաղապահ առաքելության դիտորդական և մարդասիրական գործառույթների հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք ընդգծվել է Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։