«Այն թվերը, այն տոկոսները, որոնց մասին խոսում են, դրանք ռեալ աղքատությունը չեն բացահայտում»․ Հրանուշ Խառատյան

«Այն թվերը, այն տոկոսները, որոնց մասին խոսում են, դրանք ռեալ աղքատությունը չեն բացահայտում»․ Հրանուշ Խառատյան
«Այն թվերը, այն տոկոսները, որոնց մասին խոսում են, դրանք ռեալ աղքատությունը չեն բացահայտում»․ Հրանուշ Խառատյան

Պաշտոնական թվերով Հայաստանում աղքատության ցուցանիշի փոքր ինչ նվազումը որևէ դրական փոփոխության չի բերում, իրականում երկրում աղքատությունից դուրս գալու հնարավորություն չկա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով պաշտոնական թվերին, որոնց համաձայն՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազում է:

Ազգային վիճակագրական ծառայության՝ նախորդ տարեվերջին հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս՝ 2014-ի 30 տոկոսի փոխարեն: 2013 թվականին էլ աղքատության մակարդակը կազմել էր 32, իսկ 2012-ին՝ 32.4 տոկոս: Այն պայմաններում, երբ անգամ վարչապետն ու կառավարության անդամներն են խոսում երկրի չափազանց վատ վիճակի մասին, պաշտոնական վիճակագրությունը աղքատների թվի նվազում է արձանագրում:

Եթե անգամ իշխանություններն ընտրությունների նախաշեմին փորձում են այս թվերով մեղմել իրավիճակը, Հրանուշ Խառատյանի խոսքով, մեկ կամ երկու տոկոսի նվազումն իրավիճակի մեղմացում հնարավոր չէ համարել: Ազգագրագետի խոսքով՝ այսօր չկա ռեալ պատկեր, թե Հայաստանում աղքատները քանի տոկոս են կազմում: Իրավիճակը պարզելու համար համապարփակ հետազոտություն անելու կարիք կա:

«Աղքատությունը 28 թե 30 տոկոս է, ըստ էության մեծ փոփոխություն չկա, հատկապես եթե ռեալ իրավիճակ չունենք: Ոչ ոք այս պահին չի կարող ասել, որևէ հետազոտություն չի կարող ցույց տալ, թե աղքատի վիճակագրական սահմանումից 500 կամ 1000 դրամ տարբերությամբ ապրող ընտանիքի պատկերն ինչպիսին է, այսինքն՝ թե քանի ընտանիք է մոտ աղքատության գծին»,- «Մեդիալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը:

Մասնագետը նշում է, որ համեմատել է սոցիալական ծրագրերի և աղքատության նվազման կամ կայունության պահպանման միջև կապը: Բայց, ցավոք, պարզել է, որ սոցիալական ծրագրերը իրականում որևէ կերպ աղքատության հաղթահարմանը չեն օգնում:

Մյուս խնդիրն, ըստ Խառատյանի, այն է, թե Հայաստանից արտագաղթողների թվում քանի տոկոս են կազմում աղքատները: Մարդիկ լավ օրից չեն արտագաղթում:

«Մենք չունենք որևէ տեղեկություն արտագաղթողների սոցիալական կարգավիճակի վերաբերյալ: Եվ ի վերջո, եթե աղքատության նվազումը չի ուղեկցվել աշխատատեղերի աճի, ընդհանուր կենսամակարդակի բարձրացման հետ, աղքատության թվերը շատ հարաբերական են: Այսինքն՝ 500 դրամը տոկոսը փոխում է: Ենթադրենք, 50 հազար դրամ է աղքատության գնահատականը, 50 500 դրամն արդեն մարդուն աղքատի կարգավիճակից տեղափոխում է միջին կարգավիճակ: Բայց դա չի նշանակում, որ վիճակը բարելավվել է, նրա կյանքը փոխվել է: Դա նաև չի նշանակում, որ մենք աղքատության պատկերի ռեալ գնահատական ունենք առհասարակ: Այսինքն՝ այն թվերը, այն տոկոսները, որոնց մասին խոսում են, դրանք ռեալ աղքատությունը չեն բացահայտում, միայն վիճակագրորեն սահմանված թվերով են վիճակը ներկայացնում, ինչը իրականությունից շատ տարբեր է»,- նշում է Խառատյանը:

Ազգագրագետը ձեռնպահ է մնում գնահատական հնչեցնելուց, թե իրականում քանի տոկոս է Հայաստանում կազմում աղքատության ցուցանիշը՝ նշելով, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ աշխատանք չի իրակացրել: Բայց նշում է, որ մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանում իրականացվող փոփոխություններին զուգահեռ որևէ աղքատ ոչ աղքատի կարգավիճակ չի ստանում, այսինքն՝ մարդկաց համար աղքատությունից դուրս գալու հնարավորություն չի ստեղծվում երկրում:

Մյուս կողմից չկա սոցիալական բևեռվածության իրական պատկերը արտացոլող հետազոտություն: Այսօր հայտնի չէ, թե Հայաստանի բնակչության ստորին 10 տոկոսի և վերին 10 տոկոսի եկամուտների ու ծախսերի հարաբերակցությունն ինչքան է: Դա, ըստ Խառատյանի, շատ մեծ է, բայց 10 տոկոս առավել հարուստ մարդիկ այդպես էլ չեն ընդգրկվում վերլուծությունների մեջ:

«Այսինքն՝ ջինի գործակցի այսօրվա պատկերը մենք ստանում ենք՝ միջին մակարդակը համեմատելով ստորինի հետ: Բայց վերին մակարդակը չենք համեմարտում ստորինի հետ, չունենք ռեալ բևեռացման պատկերը:

Դեռևս 2010 թվականի ԱՎԾ կայքում հատուկ դիմում կար՝ խնդրում ենք, հարուստներ, թույլ տվեք ձեզ մոտ այդ հետազոտություն անենք, որպեսզի երկրի վիճակը պարզենք: Այսինքն՝ մենք երկրի վիճակի վերաբերյալ այդ բևեռացման տարբերության վերաբերյալ որևէ ռեալ պատասխան չունենք»,- ասում ազգագրագետը:

Նշենք, որ ԱՎԾ-ն իր «Պարենային ապահովությունը և աղքատությունը» զեկուցում միայն արձանագրել էր, որ երկրում չի մեղմվում բևեռացումը: 2015 թվականին ամենաշատ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 16.4 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտներին: Սա փաստում է երկրում առկա խորը սոցիալական բևեռացման մասին:շ

Էմմա Մանուկյան

MediaLab.am