Համեմատությունների եւ սպասումների միջեւ. Հայաստանում ժողովրդավության հեռանկարները ԵՏՄ-ում

Համեմատությունների եւ սպասումների միջեւ. Հայաստանում ժողովրդավության հեռանկարները ԵՏՄ-ում
Համեմատությունների եւ սպասումների միջեւ. Հայաստանում ժողովրդավության հեռանկարները ԵՏՄ-ում

Դժվար թե որևէ մեկն այսօր պնդի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, այդուհանդերձ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ չնայած Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առկայությանը, փակ սահմաններին ու դրանցից բխող բազմաթիվ քաղաքատնտեսական խնդիրների առկայությանը, Հայաստանն այսօր ժողովրդավարության ցուցանիշով առաջ է հետսովետական երկրների մեծամասնությունից: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին որոշումից հետո ՀՀ քաղաքացիների մոտ առաջացան մի շարք հարցեր, որոնց մի մասը կապված է այս միություն մտնելուց հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ապագայի հետ:

Նախքան Եվրասիական տնտեսական միությունում հայկական ժողովրդավարության հեռանկարների դիտարկմանն անցնելը սահմանենք ժողովրդավարություն հասկացությունը: Ժողովրդավարությունը կառավարման մի համակարգ է, որտեղ կառավարումն իրականացվում է պետության ողջ բնակչության կամ իրավասու խմբի կողմից՝ սովորաբար ընտրված ներկայացուցիչների միջոցով: Ըստ ՀՀ Սահմանադրության առաջին գլխի հոդված 1-ի՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», որտեղ, ըստ հոդված 2-ի, իշխանությունը պատկանում է ժողովրդին:

ՌԴ սահմանադրության առաջին հոդվածը իր հերթին պնդում է, որ ՌԴ-ն ժողովրդավարական ֆեդերատիվ իրավական պետություն է՝ հանրապետական կառավարման ձևով: Թե Ղազախստանի և թե Բելառուսի սահմանադրությունների առաջին հոդվածները պնդում են, որ այս երկրները ևս ժողովրդավարական են: Բայց ինչքանո՞վ են համապատասխանում իրականությանն այս պնդումները:

Միջազգային մի շարք հետազոտական կառույցներ, որոնք զբաղվում են աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարական գործընթացների ուսումնասիրությամբ և համեմատությամբ առանձնահատուկ դրական ցուցանիշներ չեն արձանագրում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վերաբերյալ:

Այսպես օրինակ միջազգային հեղինակություն վայելող «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության 2005-2014 թվականների ընթացքում կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երեք երկրները անցած ինը տարիների ընթացքում ոչ միայն չեն գրանցել դրական փոփոխություններ ժողովրդավարության հաստատման գործընթացում, այլև այս երկրներում ժողովրդավարության վիճակը ավելի և ավելի բացասական է դառնում: Ստորև բերում ենք «Ֆրիդոմ Հաուս» -ի 2005-2006 թվականների արդյունքները ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի համար: Արդյունքները ներկայացված են 7 բալանոց համակարգով, որտեղ 1-ը լավագույն արդյունքն է, իսկ 7-ը՝ բացասական:   

Ռուսաստանի Դաշնության դեմոկրատիայի ցուցանիշը 2005-2014 թթ

ռուսաստան1

Աղբյուրը՝ Freedom House

Ինչպես տեսնում ենք, անցած ինը տարիների ընթացքում Ռուսաստանում ժողովրդավարական գործընթացները հաստատուն կերպով թուլանում են:

Բելառուսի Հանրապետության դեմոկրատիայի ցուցանիշը 2005-2014 թթ.

բելոռուս  

Աղբյուրը՝ Freedom House

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Բելառուսի հանրապետությունը 2009-2010 թվականներին ժողովրդավարության ոլորտում կարճաժամկետ դրական արդյունքներ է ունեցել: Այդուհանդերձ, 2005 թվականի և 2014 թվականի ցուցանիշների միջև գրեթե տարբերություն չկա, ինչը նշանակում է, որ Բելառուսի Հանրապետությունում այս տարիների ընթացքում որևէ դրական փոփոխություն չի նկատվել լրատվամիջոցների ազատության, անկախ և արդար ընտրությունների, անկախ դատական համակարգի ստեղծման, կոռուպցիայի վերացման գործընթացներում: Գրեթե նույնանման իրավիճակ է տիրում Ղազախստանում: Ղազախստանի 2014 թվականի ցուցանիշը՝ 6.61 քիչ է տարբերվում Բելառուսի ցուցանիշից: Ինչպես և ՌԴ-ի դեպքում, անցած ինը տարիների ընթացքում ժողովրդավարական հետընթացը տեղի է ունեցել նաև այս երկրում:     

Ղազախստանի դեմոկրատիայի ցուցանիշը 2005-2014 թթ.

 Ղազախստան

Աղբյուրը՝ Freedom House

Այժմ դիտարկենք ՀՀ-ի ցուցանիշները, ըստ միևնույն վիճակագրության աղբյուրի: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համեմատ Հայաստանը բավականին լավ ցուցանիշ է դրսևորում: 2014 թվականի տվյալներով երեք անդամ երկրներից ամենադրականը ՌԴ-ի ցուցանիշն է՝ 6.29, որը գրեթե մեկ բալով ավելի ցածր է ՀՀ 2014 թվականի ցուցանիշից՝ 5.36:

վերջին աղյուսակ

Աղբյուրը՝ Freedom House

Մեկ այլ կազմակերպության՝ հայտնի «Էկոնոմիստ Ինտելիջենս Յունիոն»-ի կողմից իրականացվող հետազոտության (Democracy index, Democracy in limbo 2013) համաձայն՝ 2013 թվականին աշխարհի 167 երկրներում ժողովրդավարության իրավիճակի ցանկում ՌԴ-ն զբաղեցնում 125-րդ, Բելառուսը 142-րդ, Ղազախստանը 140-րդ, իսկ Հայաստանը 116-րդ հորիզոնականը (որտեղ 1-ին հորիզանակնում ամենաժողովրդավար երկիրն է, իսկ 167-ում՝ ամենաքիչ ժողովրդավարը): Այս դեպքում ևս Հայաստանը երեք ԵՏՄ անդամ երկրներից ամենալավ ցուցանիշներ գրանցած ՌԴ-ից գրեթե մեկ տասնյակ տեղով ավելի առաջ է:

Վերջին տարիների ընթացքում մի շարք միջազգային վստահելի կազմակերպություններ նմանօրինակ հետազոտություններ են կատարել: Դրանց բոլորի ներկայացրած տվյալները աննշան տարբերություններով ներկայացնում են վերոնշյալ երկու կազմակերպությունների ներկայացրած իրավիճակը:

Իհարկե, վիճակագրական տվյալների առանձնահատուկ կարիք չկա էլ, որպեսզի ապացուցվի, որ ՌԴ-ում, Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանում լուրջ ժողովրդավարական խնդիրներ կան: Բավական է միայն նշել, որ Ռուսաստանի Դաշնությունում 1999 թվականից հետո իշխանության գլուխ է կանգնած Վլադիմիր Պուտինը: Ղազախստանում և Բելառուսի Հանրապետությունում իրավիճակն էլ ավելի անմխիթար է: Առաջինի դեպքում սկսած 1990 թ.-ից երկրի նախագահն անընդմեջ եղել է Նուրսուլթան Նազարբաևը, իսկ Բելառուսում՝ 1994 թ.-ից սկսած՝ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ի տարբերություն բոլոր երեք երկրների՝ ՀՀ-ում երբևէ չի կատարվել փորձ՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով ցմահ նախագահություն մտցնելու կամ իշխանությունը միևնույն մարդու ձեռքում 10 տարուց ավել պահելու:

Իշխանության նմանօրինակ մոնոպոլիան ԵՏՄ անդամ երեք երկրներում վկայում է ժողովրդավարական մեկ այլ սկզբունքի՝ արդար և ազատ ընտրության իրավունքի խախտման մասին:

ԵՏՄ անդամ որոշ երկրներում ընտրախախտումները սկսվում են դեռևս թեկնածուների գրանցման գործընթացի ժամանակ: Այսպես, օրինակ, Բելառուսի դեպքում բավականին տարածված է նախքան ընտրությունները, արհեստական խոչնդոտներ ստեղծելով, սահմանափակել թեկնածուների թիվը: 2012 թ. Բելառուսում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների ամփոփիչ զեկույցի համաձայն՝ դիմում ներկայացրած թեկնածուներից 27-ը մերժվել էին բավարար հիմք չհանդիսացող տեխնիկական պատճառաբանություններով: Նմանօրինակ մոտեցումը հնարավորություն է տալիս իշխող կուսակցությանը մերժել ցանկացած թեկնածուի առաջադրումը: Նույն 2012 թ-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների վերջնական զեկույցը նշում է, որ թեկնածուների գրանցումն ամբողջական էր և գրեթե ոչ ոքի թեկնածությունը չի մերժվել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կողմից:

Ընտրախախտումները լայնորեն տարածված են նաև ԵՏՄ մյուս անդամ երկրներում: Այսպես, օրինակ, երբ 2011 թվականի դեկտեմբերին Գոսդումայի ընտրություններն ամփոփելիս «Ռոսսիա-24» հեռուստաալիքը, հղում տալով պաշտոնական տվյալներին, ցուցադրել էր Ռոստովի շրջանից ստացված արդյունքները, դրանք ներկայացրել էին 146,47% մասնակցություն ընտրություններին, մինչդեռ Վորոնեժի շրջանում բնակչության 130%-ն էր մասնակցել ընտրություններին: Իհարկե, «սխալը» արագ ուղղվեց, բայց այդուհանդերձ հասցրեց մամուլում և հասարակության մեջ բողոքի ալիք բարձրացնել:

Կարելի է, բնականաբար, հայտարարել, որ ՌԴ-ի, Բելառուսի կամ Ղազախստանի ընտրախախտումներն ու ժողովրդավարությունը առանձնահատուկ կապ չունեն Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն այսօր աշխատում է այս եռյակի հետ միայն տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, իսկ տնտեսական համագործակցությունը միշտ չէ, որ ենթադրում է նաև արժեքների փոխանակում և արժեհամակարգի փոփոխություն: Այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ Եվրասիական տնտեսական միության հիմնական ջատագովի՝ ՌԴ-ի համար կարևոր է նաև Հայաստանի վրա քաղաքական և մշակութային ազդեցություն ունենալը: Այսպես, անցած մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ Մոսկվայի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչել են առաջարկներ և քննադատական հայտարարություններ ՀՀ քաղաքականության մի շարք ոլորտների մասին: Ավելին՝ պարբերաբար տարբեր ռուսական պաշտոնյաների կողմից հնչում են մի շարք առաջարկներ ՀՀ-ում որոշակի փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել հայտարարությունները ՀՀ-ում ռուսերենի հանդեպ «ոչ պատշաճ» վերաբերմունքի վերաբերյալ: Այսպես, օրինակ, դեռևս վերջերս՝ 2014 թվականի հունիսի մեկին, ՀՀ Ազգային Ժողովում հայ-ռուսական բարեկամական խորhրդարանական ակումբի նիստի ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել էր այն մասին, որ Երևանում չկան ռուսական դպրոցներ, իսկ ռուսական մշակույթը Հայաստանում երկրորդական է դառնում: Նմանօրինակ հայտարարությունները նորություն չեն: Հայաստանում ռուսերենի դիրքերն ամրապնդելու մասին կոչեր վաղուց են արվում: Այսպես, օրինակ, 2011 թվականին «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարել էր, որ «Հայաստանում ռուսաց լեզուն օտար չէ»:

Հայաստանում ռուսերենի դիրքերն ամրապնդելու կոչերն արդեն իսկ վկայում են, որ մշակութային ազդեցություն արդեն իսկ կա, թեև մենք դեռևս Եվրասիական Միության անդամ չենք: Հիմքեր ենթադրելու, որ այս միությանը միանալուց հետո ազդեցությունը թուլանալու է, չկան, ընդհակառակը՝ այն կտրուկ աճելու է, որովհետև պաշտոնական Մոսկվան կունենա էլ ավելի շատ լծակներ իր ազդեցությունը ուժեղացնելու համար:

Վերջին շրջանում նկատվում է նաև բացասական վերաբերմունք Կրեմլի կողմից հայաստանյան քաղաքացիական հասարակության հանդեպ: Այսպես օրինակ, այս տարվա մայիսին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ ներկայանա Հայաստանի ինֆորմացիոն դաշտում, ինչպես նաև «ՀՀ-ՌԴ բարեկամության մեջ սեպ խրող» հասարակական կազմակերպությունները վերացնելու կոչ էր արել: Այլ կերպ ասած՝ Ռուսական դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում առաջարկել էր հայկական ինֆորմացիոն դաշտի վրա հաստատել ռուսական վերահսկողություն և սահմանափակել Հայաստանում քաղաքացիական հասարակությունների գործունեությունը: 2014 թ. փետրվարին ռուսական «ԻԱ Ռեգնում» լրատվամիջոցը խորհուրդ էր տվել հայկական օրինապահ մարմիններին վերահսկել Ռուսաստանի վերաբերյալ քննադատական հոդվածներ տպող հայկական լրագրողներին` փաստացի առաջարկելով Հայաստանում լրատվամիջոցների ցենզուրա մտցնել:

Հաշվի առնելով այն, որ ցանկացած ժողովրդավարության հիմքը քաղաքացիական հասարակություն ու ազատ լրատվամիջոցներն են, նմանօրինակ հայտարարությունները վկայում են Կրեմլի՝ հայաստանյան իրականությունը կառավարելու և Հայաստանի ինքնիշխանության ու ժողովրդավարական գործընթացներին միջամտելու հստակ մտադրության մասին: Նմանօրինակ տրամադրվածությունը Եվրասիական Միության ստեղծումը նախաձեռնած պետության կողմից չի կարող անհետևանք մնալ Հայաստանի ապագայի և ժողովրդավարական գործընթացների համար:

Հարկ է նաև նշել, որ պետությունները հակում ունեն օգտագործել իրենց դաշնակից երկրների օրենսդրական և քաղաքական պրակտիկաները: Այսպես, օրինակ, ավտորիտար ոչ դեմոկրատ պետական համակարգերը հակում ունեն միմյանցից փոխառելու վատագույն պրակտիկաները, ինչպես օրինակ քաղաքացիական ակտիվության քրեական հետապնդումը, քաղաքացիական հավաքներն արգելող օրենքները և այլն: Ռուսաստանի կողմից ընդունված նմանօրինակ բազմաթիվ օրենքներ արդեն իսկ կրկնօրինակվել են մի շարք հետսովետական երկրների կողմից:

Վերջում նշենք նաև այն, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի Հայաստանի որոշումը միանալ Մաքսային Միությանը ժողովրդավարական հիմունքներով չի կայացվել:

Եթե Հայաստանի համագործակցության սկիզբը ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի հետ ժողովրդավարական հիմունքերով չի սկսվել, քիչ հավանակն է, որ կշարունակվի՝ նպաստելով ՀՀ-ում դրական ժողովրդավարական գործընթացներին, այլ ոչ թե հակառակը: Եվ բացի այդ, հաշվի առնելով, որ ցանկացած համագործակցություն նախ և առաջ վստահություն է ենթադրում, հարց է առաջանում՝ արդյոք կարելի է տնտեսական համագործակցության բնագավառում վստահել պետությունների, որոնք չեն կատարում սեփական սահմանադրության առաջին կետը, այսինքն՝ իրենց առաջին և ամենակարևոր խոստումը՝ տրված Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիներին:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»