«Ստեղծված իրավիճակում քիչ հավանական է, որ «Հայաստան» դաշինքը կկարողանա իշխանափոխության հասնել». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ շուտով սկսելու են փողոցային պայքարը, և որ իրենց օրակարգը չի փոխվել, այն է՝ հասնել այս իշխանության հեռացմանը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով է ընդդիմությունը կրկին փողոց դուրս գալիս ու այս անգամ կհաջողի՞:

-Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում քիչ հավանական է, որ «Հայաստան» դաշինքը կկարողանա իշխանափոխության հասնել: Գուցե նպատակ ունեն բարձրացնել խորհրդարանական ընդդիմության դերն ու նշանակությունը ու փորձել ճնշումներ գործադրել իշխող ուժի վրա՝ կապված սպասվող աշխարհաքաղաքական քայլերի հետ, որոնք հավանաբար շուտով պետք է իրականացնի Հայաստանի իշխող ուժը:

Խոսքը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ու Թուրքիայի հետ հնարավոր բարեկամության հաստատման մասին է: Իշխող ուժի այս բոլոր գործողությունները կարող են անցնել բողոքի ցույցերի ֆոնին:

Ասում եք, որ այս ձևով փորձում են ընդդիմության դերը բարձրացնել, բայց գուցե հակառակ էֆե՞կտն ունենա իրենց համար:

Իմ կարծիքով՝ իշխող ուժը խոցելի է, որովհետև ծրագիրը, որը փորձում է առաջ տանել, ըստ էության, արվելու է ազգային շահերի հաշվին, իսկ այդ դեպքում հանրային բավականին մեծ շերտ կարող է արձագանքել այդ գործողություններին, համենայնդեպս, այդպես է մտածում «Հայաստան» դաշինքը:

Եթե նրանք չկարողացան նոյեմբերի 9-ից հետո իրենց շուրջը համախմբել հանրության լայն հատվածին, հիմա ինչպե՞ս են կարողանալու:

-Գիտեք՝ «Ելք» դաշինքը 2016-2017 թվականի ընտրություններում չկարողացավ համախմբել, բայց դա չէր նշանակում, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը չէր կարողանա հասնել այն բանին, ինչին հասավ: Այսինքն՝ նշանակություն ունի ոչ թե ե՞րբ կարողացավ կամ չկարողացավ, այլ՝ ի՞նչ պայմաններ են ձևավորվում արտաքին ու ներքին քաղաքական կյանքում:


Արդյոք հայ ժողովուրդը ցանկանո՞ւմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ու հայերը տեղահանվեն Արցախից, ցանկանո՞ւմ է, որ Հայաստանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ որևէ պահանջից: Եթե կարծում եք, որ այո, ապա, իհարկե, այս դեպքում իշխող ուժի վարած քաղաքականությունը քաղաքացիներ մեծ մասի բացասական արձագանքին չի արժանանա, բայց եթե հայերի մեջ դեռ մնացել է ազգային արժանապատվության գեթ մի նշույլ, իհարկե, նման քաղաքականությունը ինչպես չեն ընդունել 2009 թվականին, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր նույնն անել, այնպես էլ հիմա չեն ընդունելու:
Այդ տարի ազգայնական ուժերը, գլխավորապես, Դաշնակցությունը, կարողացան դիմադրություն ստեղծել ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում:

Իշխող ուժը այս ամենը պետք է նկատի ունենա ու հասկանա, թե կարո՞ղ է առճակատման գնալ ազգայնական հատվածի դեմ ու եթե գնա՝ ինչո՞վ է այն ավարտվելու: Պարտադիր չէ, որ այդ բողոքի ցույցերը մարդաշատ լինեն, բայց դրանք կարող են ազդեցիկ լինել:

Պարո՛ն Ղուկասյան, արտախորհրդարանական ընդդիմադիր «Ազգային-ժողովրդավարական բևեռ» քաղաքական ուժը ևս հոկտեմբերի 1-ից անհնազանդության գործողություններ է սկսում: Նրանց շանսերն ինչպե՞ս եք գնահատում, ընդհանրապես, ինչի՞ կարող են հանգեցնել այս բողոքի ակցիաները:

-Բևեռի ցույցերը ևս պայմանավորված են նույն տրամաբանությամբ, որովհետև նրանք ևս տեսնում են, որ իշխող ուժը մտադիր է իրականացնել մի քաղաքականություն, որը վատթարացնելու է ազգային շահը:

Այսինքն՝ տրամաբանությունը հետևյալն է՝ սխալվում են այն մարդիկ, որոնք մտածում են, թե Սերժ Սարգսյանի մոտ չստացվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ կստացվի, որովհետև Սարգսյանը կոռուպցիոն գործիչ էր, իսկ Փաշինյանը նման ընկալում չունի:

Արտաքին քաղաքականություն բերվող հարցերը շատ զգայուն են մեր ժողովրդի համար, ու այն մարդիկ, որոնք չեն կորցրել ազգային արժանապատվության զգացումը, բացասական են գնահատում ցանկացած քայլ, որն ուղղված կլինի մեր հաշվին թուրք-ադրբեջանական խաղաղության մոդելի կյանքի կոչմանը:


Եթե իշխող ուժի հաշվարկն այն է, որ պարտված հասարակությունն ավելի հեշտ կհամակերպվի թուրք-ադրբեջանական խաղաղության նախապայմանների հետ՝ մեծագույն սխալ է:

Այսինքն՝ կարծում եք, որ ընդդիմության այս անգամվա պայքարն ինչ-որ չափով արդյո՞ւնք կտա:

-Իշխող ուժի որդեգրած քաղաքականությունը հնարավորություն է տալիս առողջ ու անառողջ ուժերին՝ ազգայնական դրոշի տակ, ի հայտ գալ դրական լույսի ներքո: Առհասարակ, արհամարհել արժանապատվությունը սխալ է, նախորդ ռեժիմը դրա համար տապալվեց, իսկ արհամարհել ազգային արժանապատվությունը՝ մեծագույն սխալ է, որ որևէ քաղաքական ուժ կարող է իրեն թույլ տալ:

Իշխող ուժը կարծում է, թե այնքան խորամանկ է, որ անձրևի կաթիլների արանքով կարող է անցնել ու չոր դուրս գալ դրանից, բայց այդպես չէ:

Մեկնարկող բողոքի ակցիաները երկիրը ցնցման չե՞ն տանի:

Անպայման տանելու են, բայց դրանք արձագանք են այն արտաքին քաղաքականության օրակարգին, որը իշխող ուժն առաջ է բերում:

Իսկ այդ ակցիաներով հնարավոր կլինի՞ այդ օրակարգը հետ մղել:

Դժվարանում եմ հիմա ասել, թե այդ գործողությունները քաղաքական իրավիճակը ուր կհասցնեն, բայց կարևոր է նաև, որ Թուրքիայի ու Ադրբեջանի խաղաղության օրակարգը ընդունելի չէ նաև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համար:

Կարո՞ղ է հասնել մինչև իշխանափոխության՝ դժվար է հիմա այդ մասին կանխատեսում անել, բայց այդ օրակարգը խոցելի է դարձնում այս իշխանությանը:

Պարո՛ն Ղուկասյան, ձեր քաղաքական ուժը ինչ-որ մի պահի կմիանա՞ այդ բողոքի ակցիաներին:

-Մենք բացասական ենք գնահատել այդ օրակարգը և նույնպես դիմադրության մասնակիցն ենք լինելու այն քաղաքականությանը, որն այսօր իշխող ուժը փորձում է առաջ տանել:


Քրիստինե Աղաբեկյան


MediaLab.am