«Ես հասկացա, որ ես չեմ որոշել իմ գեյ լինելը». Միքայելն ասում է, որ չի ուզում ապրել երկակի կյանքով

«Ես հասկացա, որ ես չեմ որոշել իմ գեյ լինելը». Միքայելն ասում է, որ չի ուզում ապրել երկակի կյանքով
«Ես հասկացա, որ ես չեմ որոշել իմ գեյ լինելը». Միքայելն ասում է, որ չի ուզում ապրել երկակի կյանքով

Մոտավորապես 7-8 տարի առաջ էր, երբ Միքայելը «տղաներ», «հանդիպում տղաների հետ» և այլ բառերով համացանցը փորփրելու արդյունքում տեսնելով «գեյ» բառն ու փնտրելով դրա իմաստային նշանակությունը բառարաններում՝ հասկացավ. դա մի բան է, որի հետ ինքն ունի կոնկրետ և անմիջական կապ:

«Հետո մենք արբանյակային հեռուստատեսություն ունեինք ու կինոների ժամանակ, երբ հանկարծ լսվում էր գեյ բառը՝ մամաս ներվայնացած փոխում էր ալիքը»,- ասում է նա:

Միքայելը գեյ է. նրան ձգում են տղաները: 15-16 տարեկանից հասկացել է, որ զգացմունք չունի աղջիկների նկատմամբ:

«Երբ մեր բարեկամների տղաներով հավաքվում էինք՝ նրանք խոսում էին տղայական տարբեր խաղերից, ու ես զգում էի, որ դրանք ինձ բոլորովին չէին հետաքրքրում,- «Մեդիալաբին» պատմում է նա,- սակայն ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում իմ հետ: Միակ բանը, որ գիտեի. դա այն է, որ ես ուրիշ տղաների նման չեմ»:

Միքայելը երեք տարի է, որ Հայաստանում է: Եկել է Դամասկոսից ու արդեն 6-7 ամիս է, ինչ Հայաստանի քաղաքացի է:

Եթե դիտարկելու լինենք երկրները որպես ծնողներ՝ Միքայելի համար Սիրիան նրա հայրն է, Հայաստանը՝ մայրը: Սակայն սիրելով հանդերձ Սիրիան, նա իրեն այնտեղ չի զգացել իր տեղում, քանի որ ստիպված էր վարել երկակի կյանք՝ փնտրելով միջավայր որտեղ իրեն օտարված չզգար:

«Սիրիան ամեն դեպքում մուսուլմանական երկիր է, իսկ իմ ընտանիքը կրոնական է եղել ու իմ համար կարևոր էր գտնել այնպիսի մի քրիստոնյա միջավար, որի նկատմամբ ես կունենայի պատկանելության զգացում ունենալ»,- պատճառաբանում է նա:

29-ամյա Միքայելը բարեկազմ, հաղթանդամ մարմնաձևերով սպիտակամորթ երիտասարդ է:  Աջ ականջի բլթակին երկու փոքրիկ ականջօղեր են, իսկ թավ հոնքերը թեթևակի հավասարեցված են:

Նրա մայրը շատ փոքր տարիքից նկատել է, որ ավագ որդին հակում ունի խոհանոցային գործի նկատմամբ, ու, ընդհանրապես շատ մեծ ուշադրություն էր դարձնում արտաքինին:

«Նա միշտ աշխատում էր իմ մեջ կոտրել այդ հակումներն ու արգելում էր գալ խոհանոց,- պատմում է Միքայելը,- երբեմն նա ուղղակի ասում էր, որ պետք չէ այդքան նուրբ լինել, դա  տղային սազական չէ»:

Միքայելի կրտսեր եղբայրը նրանից փոքր է երեք տարի ու հասնելով սեռահասունացման տարիքին՝ նա էլ սկսեց սափրվել ու խնամել արտաքինը, այդուհանդերձ, նրա ծնողները երբեք դրան ուշադրություն չդարձրին:

«Որովհետև ակնհայտ էր, որ ես ու եղբայրս ինչ-որ բանով իրարից տարբերվում էինք»,- ասում է Միքայելը:

Նա պատմում է, որ մինչև 20-25 տարեկանը բազմաթիվ ներքին խնդիրներ է ունեցել՝ չհասկանալով, թե ինչ անել կամ ում դիմել: Ծնողների հետ այդ հարցերով երբեք չի կիսվել, քանի որ ինչպես շատ ավանդական հայկական ընտանիքներում՝ ծնողները մտահոգված են իրենց երեխաների բարօրությամբ, բայց ոչ նրանով, թե ինչ են նրանք մտածում, կամ առավել ևս՝ զգում:

Միքայելն ասում է, որ երբ տանը պատահականորեն մարդկանց սեռական կողմնորոշմանը վերաբերվող թեմաներով խոսակցություններ են եղել՝ մայրը կտրուկ արտահայտվել է, որ զզվում ու ատում է «այդ տիպի» մարդկանց:

«Փաստորեն ես ստեղծել էի կերպար ու խաղում էի մի մարդու դերը, որն ինձ չէր ներկայացնում ու երբեմն հոգնում էի՝ օրեր շարունակ փակվելով իմ սենյակում,- պատմում է նա,-  չէի շփվում ոչ ոքի հետ ու երբ ինչ-որ մեկը փորձում էր հետս մտերմանալ՝ ինձ թվում էր, թե նա էլ է իմ պես»:

Միքայելի առաջին սեռական փորձառությունը տղայի հետ եղել է մոտ 16 տարեկանում, որից հետո  Yahoo Messenger ծառայության միջոցով գտել է իր պես մտածող տղաների, սակայն պատմում է, որ ոչ ոքի հետ երկարատև հարաբերություններ չեն ստացվել:

Նա հուզված պատմում է, որ սկզբնական հանդիպումների ժամանակ շատ զգացմունքային էր.

«Եղել է, որ մեկի հետ շատ եմ կապվել, բայց նա գնացել է, ու ես դա շատ ծանր եմ տարել»,- զգացմնուքները չկարողանալով զսպել հուզվում է նա:

Միքայելն ասում է, որ մարդիկ Սիրիայում սեռական կողմնորոշման հարցում համեմատաբար չեզոք վերաբերմունք ունեն՝ ի հակառակ կառավարության, որը լինելով կրոնական տրամադրված՝ խիստ դեմ է ԼԳԲՏ համայնքին:

«Ու հանդիպումներին գնալուց էլ էր շատ մեծ վախ կար, քանի որ միշտ հնարավորություն կար, որ կառավարությունից ներդրված մարդու հետ ես հանդիպում, ով այնտեղ գրանցվել է, որպեսզի գեյ գտնի»,- ասում է Միքայելը:

Նրա համար նաև սիրիացիների հետ սեռական հարաբերություն ունենալը դժվար էր նրանով, որովհետև կրոնը Միքայելը համար խիստ նշանակություն ունի:

Նա փորձառության համար սեռական հարաբերություն է ունեցել նաև աղջկա հետ՝ նախապես ասելով, որ գեյ է:

«Այդ հարաբերությունը չստացվեց, ու ես հասկացա, որ դա իմը չէր,- պատմում է նա,- նրա մաշկի հետ շփումն անգամ ինձ խորթ էր ու տհաճ»:

Միքայելը նաև նշանված է եղել տեղացի մի հայ աղջկա հետ՝ մոտ 3-4 տարի ընկերական հարաբերություններ ունենալուց հետո:

«Քանի որ ես տան ավագ որդին էի ու նաև ավագ թոռը՝ իմ գերդաստանը մեծ սպասումներ ուներ ինձանից ու իմ ամուսնության հարցն օրակարգում էր»,- բացատրում է նա:

Ամուսնությունը չի կայացել Միքայելի ամենամոտ ընկերոջ շնորհիվ, ում հետ իր գաղտնիքը կիսել էր տարիներ առաջ:

«Նա ասաց, որ ամբողջ կյանքում ապրելու եմ երկակի կյանքով ու նաև խորտակելու եմ այդ աղջկա կյանքը, ու ես հասկացա, որ նա ճիշտ է»,- հիշում է Միքայելը:

Գեյ. պիտա՞կ, թե՞ ինքություն

Խոսելով գեյ բառի մասին՝ Միքայելն ասում է, որ տանել չէր կարողանում այդ եզրը՝ համարելով, որ դա պիտակ է իր դեմքին.

«Ես ատում էի այդ բառը, քանի որ դա ինձ բաժանում էր մնացած մարդկանցից, ու ես չէի ուզում ընդունել ինքս ինձ»:

25 տարեկանում  Միքայելը հասկացել է, որ կարիք ունի հասկանալու գեյ լինելու պատճառները, եւ սկսել է այդ մասին տեղեկոթյուններ փնտրել համացանցում, ուսումնասիրություններ եւ մասնագետների կարծիքներ կարդալ:

«Ես հասկացա, որ ես չեմ որոշել իմ գեյ լինելն, ու այնպես չէ, որ ես մի օր արթնացել ու որոշել եմ, որ գեյ եմ»,- բացատրում է  նա:

Այդուհանդերձ, նա դեռևս խնդիր ուներ գեյ բառի և սեփական ինքնության հետ, մասամբ նաև այն պատճառով, որ հայ համայնքում ճանաչում էին Միքայելի այն «դիմակը», որով նա ներկայանում էր, և հետևաբար, ազատ լինել չէր կարող:

Ինքնահաղթահարման այդ ճանապարհը, կարելի է ասել ավարտվել է մոտավորապես երկու տարի առաջ, երբ եկել է գիտակցությունը. «որ ես պիտի ընդունեմ ինքս ինձ այնպիսին, ինչպիսին կամ ու ես տարբեր չեմ մնացածներից, ու դա վատ կամ լավ չէ, դա պարզապես այդպես է»:

Միքայելը մի բլոգ է գտել, որտեղ մի միասեռական գրում էր, թե ինչպես է հաղթահարել այդ ճանապարհը, ու դա օգնել է նրան, որպեսզի ինքն իրեն ընդունի.

«Ու այդ ժամանակվանից սկսած արդեն ես գեյ բառի հետ խնդիր չունեի, ու դա ինձ արդեն դուր էր գալիս»,-պատմում է նա:

Վերածնվելով Հայաստանում

Միքայելը մի քիչ ուսումնասիրելով հայկական միջավայրն ու օրենսդրական դաշտը, հասկացել է, որ բոլոր դեպքերում Հայաստանում, ի տարբերություն Սիրիայի՝ գեյ լինելը հանցագործություն չի համարվում:

«Իսկ եթե դա այդպես է, ուրեմն ես ոչ միայն չեմ ճնշվի կառավարության կողմից , այլև կարող եմ ստիպել նրան, որ ինձ հովանավորի, քանի որ կան օրենքներ,- մեկնաբանում է նա,- ու ես տեղափոխվեցի այստեղ՝ նոր կերպարով ու գտնելով ինձ համար նոր միջավայր»:

Միքայելն ասում է, որ այստեղ նա է ընտրում, թե ով և որտեղ պիտի լինի նրա կողքին:

«Ես շփվում եմ այնպիսի մարդկանց հետ ովքեր կամ ԼԳԲՏ համայքնից են կամ էլ խնդիր չունեն իմ տեսակի հետ,- մեկնաբանում է նա,- քանի որ ես այլևս իմ  ինքնությունը չեմ թաքցնում և չեմ ցանկանում թաքցնել»:

Միքայելը պատմում է, որ եղել են մարդիկ, ովքեր իմանալով իր կողմնորշման մասին փորձել են իրեն բացատրել, որ դա սխալ է :

«Այդ մարդկանց ես հեռացրել եմ ինձանից, որովհետև եթե մարդն այդպես է մտածում, ուրեմն չի կարող ինձ հետ ընկեր լինել,- ասում է նա,- ու իմ սեռական կողմնորոշման հարցը իմ գործն է»:

Միքայելը աշխատում է գյուղատնտեսական ոլորտով զբաղվող մի գրասենյակում որպես մարկետինգի գծով մենեջեր: Գրասենյակի տնօրենը տեղյակ է նրա սեռական կողմնորոշման մասին, սակայն Միքայելի խոսքով՝ լինելով ազատամիտ անձնավորություն՝ բոլորովին դեմ չէ:

Նա պատմում է, որ աշխատանքային միջավայրում հարգալից հարաբերություններ ունի գործընկերների հետ, սակայն միեւնույն ժամանակ թույլ չի տալիս նրանց կրճատելու հեռավորությունը, որի դեպքում հնարավոր է քննարկել սեռական կողմնորոշմանն առնչվող հարցեր:

Միքայելը ժպտալով պատմում է, որ փողոցում կամ երթուղային տաքսիներում շատ է լսում իր մասին արված մեկնաբանություններ, որոնց թեթև է վերաբերվում:

«Որոշները փսփսում են իմ ունքերի ու ականջօղերի մասին ու երբեմն թեքվում ու հարցնում եմ, թե սիրո՞ւն է արդյոք կամ սազո՞ւմ է ինձ,- ասում է նա,- սակայն երբեք ատելությամբ լցված չեմ մարդկանց հանդեպ, որովհետև կարծում եմ, որ այդ վերաբերմունքը գալիս է ինֆորմացիայի պակասից»:

Նա ասում է, որ իրեն այստեղ շատ չեն անհանգստացնում, մասամբ նաև այն պատճառով, որ խոսքից եւ արտաքինից հասկանում են, որ սփյուռքահայ է եւ կերպարը եւ ոճը վերագրում են արտերկրում ապրելուն:

Միքայելը պատմում է, որ ծնողները եւս պատահականորեն տեղեկացել են իրենց որդու նույնասեռական լինելու մասին: Հերթական անգամ ԱՄՆ-ում ապրող մորաքրոջ հետ  Սկայպով խոսելիս, երբ քննարկվել է Միքայելի ամուսնանալու թեման, նա չի դիմացել եւ հայտարարել է, որ գեյ է:

«Դա նրա վրա շոկային ազդեցություն թողեց. միանգամից անջատեց հեռախոսը,- պատմում է նա,- սակայն ես մեծ թեթևություն զգացի, որովհետև իմ ընտանիքի անդամներից մեկն արդեն այդ մասին գիտեր, ու հետո ընդունեց այդ հանգամանքը»:

Միքայելի խնդրանքով՝ մորաքույրն այդ մասին տեղյակ է պահել մորը, ով լուրն իմանալուն պես լացել ու ասել էր, որ այդ մասին միշտ կասկածներ է ունեցել:

«Մայրս անմիջապես եկավ Հայաստան, ու ինձ տարավ հոգեբանի մոտ՝ լաց լինելով, թե ախր ինչն եմ սխալ արել, ախր ես լավ եմ վերաբերվել նրա հետ և այլն, իսկ հոգեբանն ասաց, որ դա ոչ մի նշանակություն չունի,- պատմում է Միքայելը,- նա մտածում էր ինձ բուժելու մասին, սակայն հոգեբանն ասաց, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է»:

Միքայելը կարծում է, որ եթե ինքն իրեն ընդունելու հանգամանքը տևել է երկար տարիներ, ապա իր ընտանիքի համար այն ևս որոշ ժամանակ կպահանջի:

Նա պատմում է, որ հայրը երբեք չի խառնվել որդիների անձնական կյանքին՝ համարելով, որ դա նրանց ընտրության գործն է: Իսկ որդու սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո էլ երբեք որդուն զգացնել չի տվել, թե տեղյակ է այդ մասին:

«Իսկ մայրս աստիճանաբար հարմարվում է իրավիճակի հետ և նույնսիկ սկսել է խոհանոցային հարցերում խորհուրդներ ընդունել ինձնից,- ժպտում է Միքայելը,- մենք երբեք նախկինում այդքան մտերիմ չենք եղել իրար հետ, իսկ հիմա ավելի ու ավելի ենք մոտենում իրար»:

Միքայելի խոսքով՝ մեկ հանգամանք շատ է օգնել, որպեսզի մայրը փոքր-ինչ հասկանա իրեն:

«Ես ասացի, որ չեմ ուզում, որպեսզի իմ ընտանիքին խաբեմ ու սուտի մեջ ապրեմ»,- ասում է նա:

Աննա Մուրադյան

Հոդվածում հերոսի անունը փոխված է: 

© Medialab.am