Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցի ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը:  Ավելի վաղ այնտեղ էին հասել Ֆրանսիայի հայերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության ֆոնին միասնության ցույց էին իրականացնում հայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակից, Հայորդի երիտասարդաց միության նախագահ Դավիթ Հովսեփյանն ասաց, որ ակցիային մասնակցել է 250-300 հայ: «Հավաքվել էինք այնտեղ, որպեսզի ցույց տայինք, որ հայերն ամեն վայրկյան, ամեն րոպե պատրատ են  համախմբվել: Ադրբեջանցիները պետք է լինեին մեր հյուպատոսարանի դիմացի մայթին, բայց մենք այնքան շատ էինք, որ ոստիկանությունը նրանց թույլ չտվեց մոտենալ շենքին: Նրանց մոտավորապես 150 մետր հեռավորության վրա էին պահում»,-պատմեց Հովսեփյանը:

Նա նշեց, որ ակցիայի հայ մասնակիցների դիմաց մոտ 3 կամ 4  ոստիկան է կանգնած եղել, իսկ ադրբեջանցիների մոտ 2-3 մեքենայով ոստիկաններ են եղել, որոնք փակել են ճանապարհները, քանի որ գիտեին, թե ովքեր են իրական ագրեսորները: