«Ալիևի ագրեսիվ հայտարարությունների պատճառով կարող են նոր զարգացումներ լինել, այդ թվում՝ ռազմական ճանապարհով». Տարոն Հովհաննիսյան

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»։

Նա մյուս երկրներին կոչ է արել օգտվել այդ միջանցքից։ Իհարկե, մեր ԱԳՆ-ն կոշտ արձագանքել է այս հայտարարությանը, ըստ ձեզ՝ ի՞նչ վտանգներ են պարունակում նմանօրինակ հայտարարությունները։

– Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահն անընդհատ ակնհայտ ագրեսիվ հայտարարություններ է կատարում։ Այդ հայտարարությունները միշտ խախտում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր ընդունված նորմերը, թե՛ եռակողմ հայտարարությունն ու համաձայնությունները, նաև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։

Այսինքն՝ ոչ թե որևէ կառուցողական բան չկա իր հայտարարություններում, այլ ընդհակառակը՝ նա անընդհատ շարունակում է ավելի բարձր տոնով հակահայկական ու ագրեսիվ հայտարարություններ կատարել։

Սա հերթական նմանատիպ հայտարարությունն է՝ էլի ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ինչ-որ նկրտումներով։ Չնայած նա հայտարարում է, թե ՀՀ տարածքների նկատմամբ նկրտումներ չունի, բայց այսօրինակ հայտարարություններն այլ մեկնաբանություն չեն կարող ունենալ։

Դա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահը համարում է, թե Զանգեզուրով իրենք ստանալու են ինչ-որ սուվերեն անցում, որտեղ ինչ-որ շարժ իրականացնելու համար ինքն իրեն իրավունք է վերապահում հրավիրելու նաև միջազգային գործընկերների, երկրների՝ առանց հաշվի առնելու ՀՀ կարծիքը։

Իսկ ՀՀ տարածքով առանց ՀՀ թույլտվության չի կարող որևէ գործունեություն իրականացվել։ Եվ ադրբեջանական կողմը, բնականաբար, նմանատիպ հայտարարություն կատարելու որևէ իրավասություն չունի։ Բայց ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմից նմանատիպ հայտարարությունների ապագայում ևս ականատես կլինենք։

Ինչ վերաբերում է հարցին, թե հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է անի, իհարկե, հայկական կողմից բոլոր մակարդակներում պետք է նմանատիպ հայտարարությունները դատապարտող հայտարարություններ ու գործողություններ իրականացվեն։

Իհարկե, այս ամենն ասելով՝ ես նաև ելնում եմ այն բանից, որ պատերազմում պարտություն կրելուց հետո ՀՀ դիրքերն էականորեն թուլացել են։ Եվ, կարծում եմ՝ սրան զուգահեռ գործնական քայլեր պետք է իրականացվեն ներգրավված միջազգային խաղաղապահների միջոցով։

Մասնավորապես նմանատիպ հայտարարություններին, գործողություններին պետք է հետևի Ռուսաստանի Դաշնության արձագանքը։ Ինչպես նաև, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործընթաց վերադարձնելու ուղղությամբ, և այդ երկրներից ևս պետք է հնչեն դատապարտող հայտարարություններ, ինչու ոչ, ըստ անհրաժեշտության՝ նաև գործողություններ։

Բայց այստեղ այս պահին առաջին հերթին Ռուսաստանի դերակատարությունն է ավելի կարևորվում, որովհետև եռակողմ հայտարարությամբ հրադադարի երաշխավոր կողմը Ռուսաստանի Դաշնությունն է, որն իր վրա վերցրել է որոշակի պարտավորություններ։

Հետևաբար, Ռուսաստանը պետք է նաև զսպող գործո՞ն հանդիսանա Ադրբեջանի համար։

– Կարծում եմ՝ այո՛։ Այն դերակատարումը, որն ստանձնել է ՌԴ-ն, պետք է ենթադրի նաև որոշակի գործողություններ և քայլեր։

– Ալիևը շարունակում է նաև պնդել, որ լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ-ի բանաձևերը։ Այսինքն՝ սրանով փորձում է կասեցնե՞լ որևէ բանակցային հնարավոր գործընթաց։

– Դա էլ նմանօրինակ հայտարարությունների շարքը կարելի է դասել։ Կարծում եմ՝ նա ապագայում շարունակելու է այդպիսի հայտարարություններ անել։ Եվ, իմ խորին համոզմամբ, ադրբեջանական կողմից այդպիսի հայտարարությունները, ագրեսիվ քայլերը հող են նախապատրաստում ապագայում նոր ագրեսիվ զարգացումների համար։

Նշածս պարտադիր չէ ընկալել առաջիկա մեկ ամսում կամ մեկ տարվա ընթացքում, բայց պարզ է, որ հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, հակառակը՝ ավելի է խորացել պատերազմի ավարտից հետո և նման հայտարարություններով շարունակում է էլ ավելի խորանալ։ Եվ հայտարարություններով չէ, որ կարելի է փաստել՝ հակամարտությունը լուծվա՞ծ է, թե՞ ոչ։

Դա ադրբեջանական կողմի մեծագույն ցանկությունն է, որ իրենք պատերազմով իբր լուծել են հարցը, և իրենց համար ավարտվել է այդ հակամարտության պատմությունը, բայց իրականությունն այլ է։

Եվ Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ ապագայում կարող են նոր զարգացումներ լինել հակամարտության հարցում՝ չբացառելով նաև ռազմական ճանապարհը, եթե այլ ելք չի թողնվում։

Եթե առհասարակ փորձենք չեզոք նայել, հակամարտություններն ունեն բնույթ, որ եթե կողմերից որևէ մեկը մնում է ճնշված վիճակում, և ամբողջությամբ ի վնաս իրեն է խնդիրը ժամանակավորապես լուծվում, և եթե կողմերից մյուսը շարունակում է թեկուզ հայտարարությունների ու այլ գործողությունների մակարդակով ագրեսիա կիրառել, ապա վաղ թե ուշ այդ հակամարտությունն իրեն կրկին զգալ է տալիս։

Իսկ այսօր ակնհայտ է, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակչության հասցեին հնչող սպառնալիքները ոչ միայն չեն վերացել, այլև ադրբեջանական կողմի հայտարարությունները փաստում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am