Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը չեն ներկայացել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն. Factor

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ներկայացել և փաստաթղթերը վերցրել միայն Լևոն Քոչարյանի ներկայացուցիչը։ Այս մասին Factor.am -ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ ըստ «Ազդարար» հայտարարությունների միասնական հարթակում տեղադրված ծանուցագրերի՝ օգոստոսի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, որդիները՝ Սեդրակ և Լևոն Քոչարյանները, դուստրը՝ Գայանե Քոչարյանը, հարսները՝ Զարուհի Բադալյանը և Սիրանուշ Հարությունյանը՝ Սիրուշոն, ինչպես նաև փեսան՝ Վիգեն Չատինյանը պետք է ներկայանային վարչություն՝ նրանց պատկանող գույքերի ուսումնասիրությանը ծանոթանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ Փաստացի, Քոչարյանները նախընտրել են անձամբ չներկայանալ, փոխարենն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն «գործուղել» իրենց ներկայացուցչին։

Նշենք, որ նրանց չներկայանալը որևէ իրավական հետևանք ու տույժ չի նախատեսում. Գլխավոր դատախազությունը, պարզապես, ենթադրյալ բռնագանձման գույքի հասցեատերերին հնարավորություն է տալիս դիրքորոշում հայտնելու, ինչու ոչ՝ նաև դրանց օրինականության վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու։

Նշենք՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը Քոչարյանների գույքը սկսել է ուսումնասիրել դեռևս 2020 թվականի հոկտեմբերից։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: