Այո՛, մենք գործընկեր ենք Ռուսաստանի հետ, պրոբլեմատիկ գործընկեր, բայց ոչ ռազմավարական. Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, ամփոփելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերություններն այս փուլում:

– Ցանկացած երկրի հետ հարաբերությունները պետք է գնահատել՝ հիմնվելով փաստերի վրա: Իսկ փաստերը ցույց են տալիս, համենայնդեպս, ես այդպես եմ տեսնում, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, 44-օրյա պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, երբ ադրբեջանական զորքը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, պատշաճ չաշխատեց՝ ըստ էության չկատարելով ռազմավարական գործընկերոջ իր պարտավորությունները: Կամ չարձագանքեցին կատարվողին, կամ ասացին, թե դրանք վիճելի տարածքներ են, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան խստիվ դատապարտեցին Ադրբեջանի մուտքը մեր տարածք: 

Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է, որ ռուս-հայկական հարաբերությունները ռազմավարական գործընկերների հարաբերություններ չեն: Հիմա Ռուսաստանի գլխավոր նպատակն է փակել այդ էջերը, և դրան ուղղված փորձեր են արվում, այսինքն՝ Ռուսաստանը փորձում է բացատրել, հիմնավորել, թե ինչու պատերազմի ժամանակ ու դրանից հետո չաջակցեց Հայաստանին, ու փորձում են սկսել զրոյից: 

Հասարակությունն ու իշխանությունը պետք է ճիշտ եզրակացություններ անեն ու հասկանան, որ մենք այսօր հայտնվել ենք անվտանգության վակուումում, չունենք ռազմավարական գործընկեր, անվտանգային համակարգ, ՀԱՊԿ-ը չի աշխատում հօգուտ մեզ, ի պատիվ իշխանությունների պետք է ասեմ, որ այդ մասին իրենք հիմա խոսում են, բարձրաձայնում այդ մասին: 

Գլխավոր եզրակացությունը, որ պետք է արվի, այն է, որ մենք այսօր չունենք ռազմավարական գործընկեր: Շատ վտանգավոր եմ համարում, որ և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի առանձին ուժերի կողմից փորձ է արվում ձևացնել, թե մենք իբր ռազմավարական գործընկեր ենք: Դա շատ վտանգավոր է, որովհետև դա ուղղակի կարող է կործանել այս երկիրը, որովհետև վտանգի պահին մենք էլի մնալու ենք մենակ: Այո՛, մենք գործընկեր ենք Ռուսաստանի հետ, պրոբլեմատիկ գործընկեր, բայց մենք ռազմավարական գործընկեր չենք:

– Թեև դուք ասում եք, որ Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարել Հայաստանի նկատմամբ, բայց, կարծես, Հայաստանի իշխանությունը գոհ է ու շարունակում է էլ ավելի ընդլայնել ու խորացնել կապերը Ռուսաստանի հետ:

– Ես նաև տեսնում եմ, որ իշխանությունները միաժամանակ բավական ակտիվացրել են աշխատանքն աշխարհի հետ՝ նույն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիտվայի հետ, Լեհաստանի, Գերմանիայի, Վրաստանի, Հոլանդիայի հետ բավական լուրջ պայմանագրեր կնքվեցին: 

Ես տեսնում եմ բազմավեկտոր այդ քաղաքականության տարրերը ու դժվարանում եմ ասել՝ երբ իշխանություններն ինչ-որ ռևերանսներ անում են Ռուսաստանին, ինչի՞ հետ է կապված, որ ռեա՞լ իրենք ցանկանում են դա, թե՞ ուրիշ տարբերակ չունեն: 

Ես տեսնում եմ դրականը իշխանության գործունեության մեջ այն, որ նրանք սկսեցին կոնկրետ քայլեր անել արտաքին ճակատում: Նույն այսօրվա Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատար, դա շատ լուրջ մեսիջ է, Կատարը շատ լուրջ երկիր է արաբական աշխարհում: Այսինքն՝ իշխանությունը փորձում է աշխատել աշխարհի հետ տարբեր ոլորտներում, տեսնում եմ այդ բազմավեկտոր քաղաքականությանն ուղղված քայլեր:

– Պարո՛ն Գրիգորյան, իսկ այդ բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը միտված փորձերը հաջողության կհասնե՞ն:

– Շատ դժվար է ասել, որովհետև աշխարհում էլ տուրբուլենտ գործընթացներ են, հնարավոր է, որ դժվարություններ ունենանք, բայց որ դա միակ ճիշտ ճանապարհն է, ես կասկած չունեմ, ուրիշ տարբերակ չկա, որովհետև եթե դու գտնվում ես անվտանգության վակուումի մեջ, ու ո՛չ ՀԱՊԿ-ն է ապահովում քո անվտանգությունը, ո՛չ Ռուսաստանը, ուրեմն պետք է որոնման մեջ լինես, փորձես բալանսավորել քո քաղաքականությունը: 

Ռուսաստանը բացահայտ լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ադրբեջանի հետ փետրվարին նրանք ստորագրեցին շատ լուրջ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, որից հետքայլ չկա, հետևաբար Հայաստանը պետք է փորձի այլընտրանքներ գտնել: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է Ռուսաստանի հետ կապերը խզել, ո՛չ, պետք է շարունակել Ռուսաստանի հետ աշխատել, համագործակցել, բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանը դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը մեզ հետ:

– Քանի որ ասում եք՝ Ռուսաստանը շատ ավելի լավ հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանն այս երկրների ռազմավարական գործընկերն է նաև:

– Կարելի է, այդ մասին վկայում են փաստերը: Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Լավրովը մեկ անգամ չէ, որ ասել են՝ և՛ յոթ շրջանները, և՛ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն են: Եթե նրանք նման բան են հայտարարում, նշանակում է, որ Ադրբեջանն է նրանց ռազմավարական գործընկերը: Բացի այս, Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ հիմնել է Աղդամի մշտադիտարկման ռազմական կենտրոնը: Կամ՝ Ռուսաստանը Թուրքիային վաճառել է С-400 համակարգեր, որոնք լրջագույն բան են, նմանօրինակ զենքեր չեն վաճառվում սովորական գործընկերոջը: Նույնը Ադրբեջանի հետ է:

– Պարո՛ն Գրիգորյան, Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարությունը Փառուխի վերաբերյալ, որը հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն խմբագրեց, և՞ս այդ համատեքստում է պետք դիտարկել:

– Այո՛, ի դեպ, ասեմ, որ Լավրովը, որը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, չէր կարող գալ Հայաստան ու ոչինչ չասել: Կոմունիկացիաների մասով ասաց, որ ամեն պետություն ինքը պետք է իրականացնի իր տարածքով անցնող ճանապարհների վերահսկողությունը, ինչը նորմալ է մեզ համար, ու ասաց նաև Փառուխ գյուղի հետ կապված բաներ, որոնք կարելի էր հօգուտ մեզ մեկնաբանել: 

Պարզ է, որ չէր կարող գոնե մի փոքր դրական բան չասեր այստեղ, որովհետև նա շատ լուրջ դիվանագետ է: Այն ճշտումները, որոնք ավելի ուշ եղան, չեն հակասում Լավրովի ասածին: Փառուխ գյուղը ինքը կապեց դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ, ինչն ահավոր վախեցրեց ադրբեջանցիներին՝ հասկանալի պատճառով: 

Փաստորեն, Լավրովն ակնարկում էր, որ Ղարաբաղի մնացած հատվածը, որտեղ հայեր կան, չի լինելու Ադրբեջանինը: Պարզ է, որ Ադրբեջանը պետք է շատ ցավոտ արձագանքեր դրան: Լավրովի այդ հայտարարությունները ես վատ չեմ ընդունում: 

Մենք պետք է հասկանանք մեկ բան. ինչքան էլ դժգոհ ենք Ռուսաստանի քաղաքականությունից, եթե նրանք ասում են ինչ-որ բաներ, որոնք կարելի է հօգուտ մեզ մեկնաբանել, պետք է օգտվել դրանցից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am