Առանց նոր խաղացողների. ո՞ւր է տանում ընդդիմություն-իշխանություն իմիտացիոն երկխոսությունը

Առանց նոր խաղացողների. ո՞ւր է տանում ընդդիմություն-իշխանություն իմիտացիոն երկխոսությունը
Առանց նոր խաղացողների. ո՞ւր է տանում ընդդիմություն-իշխանություն իմիտացիոն երկխոսությունը

Մինչ ընդդիմությունը եւ իշխանությունը շարունակում են հանդիպումները վերլուծաբանները տարակարծիք են, թե ուր են տանում մի սեղանի շուրջ տեղի ունեցող քննարկումները:
«Ոչ ոք չի հասկանում, թե ինչ իմաստ ունի այդ գործընթացը, ի՞նչ խնդիր է այն լուծում: Իմ կարծիքով, բացի իշխանությունը բաժանելու խնդրից, այլ հարց չի լուծում»,- «Մեդիալաբին» ասում է անկախ փորձագետ Երվանդ Բոզոյանը:

 

Հիշեցնենք, որ երկխոսության համար ձեւավորված ընդդիմության եւ իշխանությունների աշխատանքային խմբերը առաջին անգամ հանդիպել են հուլիսի 18-ին:

Հաջորդաբար հանդիպումներին ընդդիմությունը ներկայացրել է արտահերթ ընտրությունների անցկացումը իր 85 էջանոց փաստաթուղթ, իսկ օգոստոսի 23-ին էլ իշխանությունները ներկայացրել են իրենց պատասխան հիմնավորումների մի մասը, (ընդհանուրը` 130 էջ):

Եւ մինչ ընդդիմությունը շարունակում է խոսել արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, իսկ իշխանությունները հակառակն ապացուցել, քաղաքական վերլուծաբանները համոզված են, որ գործընթացը նման է անիվի մեջ անիմաստ պտտվող սկյուռիկի պատմությանը:

Երվանդ Բոզոյանն ասում է, որ գործընթացը հասարակական բնույթ չունի, եւ որ հասարակությունը «շատ իներտ է վերաբերվում երկխոսությանը», մի խոսքով` կորցրել է հետաքրքրությունը:

«Իրական երկխոսությունն այլ վայրում է ընթանում, եւ դա բոլորս էլ շատ լավ հասկանում ենք,-համոզված է վերլուծաբանը,- իսկ նրանք ուղղակի փորձում են այնպես անել, որպեսզի դաշտում նոր խաղացողներ չհայտնվեն»:

Նրա խոսքով, նախագահ Սարգսյանը բոլոր հնարավոր ոլորտներում ձախողել է, եւ միակ բանը, ըստ քաղաքագետի, մնացել է ընդդիմության հետ երկխոսությունն է:

«Եթե այդ երկխոսությունը չլինի, նա լուրջ կորուստներ կունենա քաղաքական դաշտում: Սերժ Սարգսյանը ցանկանում է օգտագործել Լեւոն Տեր-Պետրոսյանին` նորից վերարտադրվելու համար, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ցանկանում է օգտագործել Սարգսյանին` ասենք հարմար պահի ռադիկալ քայլեր անելու եւ իշխանությունը վերցնելու համար, ինչը եւս չի կարելի բացառել»,- ասում է Բոզոյանը` հավելելով, սակայն, թե այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե այդ երկխոսությունը կողմերին ուր կարող է տանել:

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանը եւս այն կարծիքին է, թե սկսված երկխոսությունը քաղաքական գործընթացի իմիտացիա է, եւ որ այս պահին, ինքը որեւէ արդյունք, որը կարող է ի հայտ գալ այդ երկխոսության արդյունքում, ինքը չի տեսնում:

«Բայց դա չի նշանակում, թե ամիսներ անց արդյունքներ չեն կարող լինել»,- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ, ի տարբերություն իր գործընկերների, ասում է, թե սա այն դեպքն է, երբ գործընթացն ինքն ավելի կարեւոր է, քան` հռչակված նպատակները:

Մինասյանի խոսքով, իշխանությունների համար այս երկխոսությունը ռեսուրս է` ներքին եւ արտաքին լսարանին համար եւ իշխանություններն այդ գործընթացն օգտագործում են հենց որպես ռեսուրս:

«Բայց իշխանությունները պետք է հասկանան, որ սա ոչ միայն ռեսուրս է, այլ որ այս գործընթացում իրենք եւ որոշ քաղաքական ուժեր պետք է գնան որոշակի զիջումների»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Մինասյանը:

Նրա հավաստմամբ, ընդդիմության տեսանկյունից գործընթացին նայելիս, ինքը կարծում է, որ «այսօր, կամ վաղը» հազիվ թե արտահերթ ընտրություններ լինեն:

«Իսկ եթե լինեն էլ արտահերթ ընտրություններ, ապա դրանք ժամանակային առումով շատ մոտ կլինեն հերթական ընտրություններին»,- համոզված է Սերգեյ Մինասյանը:

Սակայն անկախ վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն ասում է , որ երկխոսությունը չպետք է դիտարկել որպես առանձին գործընթաց, այլ ընդունել ներքաղաքական զարգացումների ընդհանուր համատեքստում:

«Այդ տեսանկյունից նայելով` կարծում եմ, որ այդ գործընթացը տանում է դեպի Հայաստանի ժողովրդավարացում, դեպի նոր ընտրություններ, կարծում եմ` արտահերթ, որովհետեւ Հայաստանը մինչեւ հերթական ընտրությունները սպասելու ռեսուրս չունի»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը:

Նրա խոսքով, երկխոսությունը այն խթանն է, որը արագացնում է այդ գործընթացը, որպեսզի անխուսափելի փոփոխությունները Հայաստանում տեղի ունենան անցնցում, եւ ոչ թե այնպես, ինչպես Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am