Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ,բացի մանկապարտեզի շենքի վերանորոգումից, կընդարձակվի նաև գիշերային լուսավորության ցանցը, հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն ներհամայնքային կենտրոնական ճանապարհի վրա:
Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, Լճաշեն համայնքի «Ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի անցկացում» ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 18 միլիոն 200 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 830 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը:
Լճաշեն համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում» ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 20 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը: Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանի տեղեկացմամբ՝ համայնքի ութ փողոցների առանձին հատվածներում կկառուցվի գիշերային լուսավորության ցանց՝ մոտ 3600 մետր ընդհանուր երկարությամբ: Կտեղադրվի 120 լուսատու:
Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է, աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ներհամայնքային կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է առավել վնասված 300 գծամետր հատվածի կապիտալ հիմնանորոգում, իսկ մնացած հատվածներում կիրականացվեն փոսային նորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:
Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։