Լիբանանի հայկական եկեղեցիներում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի

Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Լիբանանի ազգային առաջնորդարանը:

«Առաջիկա կիրակի, օգոստոս 9-ին Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կկատարվի` ի հիշատակ պայթյունի պատճառով զոհվածների»,- նշված է հաղորդագրությունում:

Եկեղեցիներում նաև աղոթք կհնչի պայթյունի հետևանքով վիրավորված մարդկանց առողջության համար:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 154-ը, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 13 հայ կա։ 

Երեւանից օգոստոսի 8-ի երեկոյան տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: