Հիմնական խաղացողները փորձելու են իրենց նախընտրական ռազմավարությունը կառուցել կոմպրոմատների և վիրավորանքների վրա. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, ապատեղեկատվությունը գնալով ավելի մեծ չափերի է հասնում։ Տեսակետ կա, որ նախընտրական այս փուլում սուտն ու մանիպուլյացիան հասնելու են շատ բարձր մակարդակի։ Այսօր էլ հերթական ապատեղեկատվությունը Սոսիների պուրակի հետ կապված։ Ինչպե՞ս ենք դիմակայելու այդ ստերին։

Հիմնական առաքելությունն այստեղ պատկանում է լրագրողներին։ Եթե ստացվի, իհարկե, նրանք չպետք է տրվեն այդ բավական թեժ պայքարի կանոններին։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ հիմնական խաղացողները փորձելու են իրենց նախընտրական ռազմավարությունը կառուցել կոմպրոմատների և վիրավորանքների վրա, և այս կարգի տեղեկությունները եթե միայն դրանով սահմանափակվեն լրագրողները, դժվար թե ինչ-որ օգտակար բան հուշեն ընտրողներին, և կօգնեն կողմնորոշվել հօգուտ այն քաղաքական ուժի, որը լավագույնս կկարողանա լուծել բազմաթիվ խնդիրներ և ապահովել երկրի կայունությունը և զարգացումը։

Եվ շատ բան է կախված լրագրողներից այն առումով, որ նրանք, փաստորեն, պետք է փորձեն քաղաքական ուժերին թելադրել տեղեկատվական օրակարգը և ստիպել նրանց կիսվել իրենց շատ կոնկրետ և պրակտիկ պլաններով, թե ինչ են անելու, եթե հաջողության հասնեն ընտրություններին։ Իսկ թե ինչպիսի տեղեկատվական հոսքեր կլինեն իրար նկատմամբ, մենք այսօր էլ դա շատ լավ պատկերացնում ենք։

– Սյունիքի մարզում տարբեր համայնքների ղեկավարները հակաիշխանական հայտարարություններ են անում, շատ դեպքերում մանիպուլյացիաների ենք ականատես լինում: Ըստ էության, Սյունիքն այն մարզն է, որտեղ փորձում են հնարավորինս թուլացնել Փաշինյանի դիրքերը՝ անընդհատ տարբեր կեղծ լուրերով լարվածությունը մեծացնելով: Ի՞նչ է մեզ սպասում այդ առումով, և արդյոք հնարավո՞ր է դրան հակազդել: Եվ ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը:

– Եթե խոսենք բացի լրատվամիջոցներից նաև այլ կառույցների պարտականությունների մասին, ապա և՛ ընտրական հանձնաժողովները, և՛ ՏԻՄ մարմինները, և՛ դատարանները, և՛ իրավապահ մարմինները պետք է, անկախ այն լարվածությունից, որ կա Սյունիքում, ապահովեն քաղաքակիրթ և Ընտրական օրենսգրքին համապատասխանող ընտրական գործընթաց: 

Ինչ վերաբերում է Սյունիքում բնակչության մի մասի տրամադրվածությանը, ապա ինչ-որ տեղ կարելի է դա հասկանալ: Որքան էլ մենք տեղյակ ենք, որ ընդդիմության որոշ մասը փորձելու է առավել սրել տրամադրությունները Սյունիքում, բայց կարելի է նաև հասկանալ, որ սյունեցիները երևի Հայաստանի այլ քաղաքացիների համեմատ առավել մտահոգված են ստեղծված իրավիճակով, առավել անպաշտպան են իրենց զգում:

Բնականաբար, Սյունիքի բնակիչների մի մասը այդ ամենի համար պատասխանատվության մեծ մասը դնում է հենց իշխանությունների վրա: Այնպես որ, այն հանգամանքը, որ Սյունիքում ընդդիմադիր տրամադրությունները բավականին տարածված են, օբյեկտիվ իրավիճակ է:

Կարծում եմ՝ իշխանությունները եթե ցանկանում են փոխել մթնոլորտն այս տարածաշրջանում, պետք է շատ հստակ ներկայացնեն, թե ինչ են պատրաստվում անել այդ մարզի անվտանգությունն ապահովելու համար:

– Նախընտրական և հետընտրական շրջանում այս մանիպուլյացիոն, ապատեղեկատվական իրավիճակն ավելի՞ է խորանալու՝ հաշվի առնելով, որ շատ քաղաքական ուժեր են խաղի մեջ մտնելու:

– Ինձ թվում է, որ շատ քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին նորություն չէ Հայաստանի համար: Մենք ունեցել ենք ընտրություններ, երբ 20-ից ավելի քաղաքական ուժեր էին մրցակցության մեջ մտել: Այդ առումով որևէ անսպասելի զարգացում տեղի չի ունենում: 

Ինչ վերաբերում է լարվածությանը և թեժ քաղաքական պայքարին, որը որպես բաղադրիչ իր մեջ ունենալու է նաև մանիպուլյատիվ երևույթներ, ապա դա նույնպես հիմնականում պայմանավորված է վերջին ամիսների զարգացումներով և այն անվստահության ու անապահովության զգացումներով, որոնք տարածված են բնակչության շրջանում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am