«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը
– Պարո՛ն Պիպոյան, WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային հոբելյանական 25-րդ համագումարի շրջանակներում, պանելային քննարկումներից մեկի ժամանակ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հոսանքազրկվել է: Սա առաջին դեպքը չէ, երբ կարևոր միջոցառումների ժամանակ նմանատիպ դեպքեր են լինում, հիշում ենք Օպերայի շենքի հոսանքազրկումը՝ բալետային ներկայացման ժամանակ, ֆուտբոլի ժամանակ հոսանքազրկումը, սրան գումարած նաև վերջին շրջանում հաճախակի հոսանքազրկումների դեպքերի վերաբերյալ բնակիչների դժգոհությունները։ Ինչի՞ հետևանք է սա, իսկապե՞ս դժվար է այս ամենը կանխել, որ պետությունը կամ պատկան մարմինները չեն անում դա։
– Չպետք է խուսափել «պետություն» բառից, որովհետև, ի վերջո, այդ պատկան մարմինները պետությունն է, ի վերջո գործադիր իշխանությունն է ձևավորել դա։ Կան օբյեկտիվ պատճառներ, որոնք մի կողմից կարելի է ուսումնասիրել, բայց մյուս կողմից, եթե շատ անկեղծ լինեմ, հասարակությանն այդ հարցերը հետաքրքիր չեն, որովհետև միշտ կարելի է գտնել այս կամ այն խնդիրն ունենալու արդարացումներ ու ոչինչ չանել, հաշվի առնելով, որ արդեն բոլորը կարծես ամեն ինչը շատ լավ հասկացան, ու միշտ կարելի է քայլեր ձեռնարկել այս կամ այն խնդիրը լուծելու ուղղությամբ։
Կոնկրետ դեպքում խնդիրները լուծելու պարտավորությունը դրված է, բնականաբար, Հայաստանի էլեկտրական ցանցերի վրա, բայց մենք ունենք ու պետությունից վճարում ենք կառույցներին, որպեսզի որոշումներ կայացնեն, քաղաքականություն մշակեն, գործիքակազմեր կիրառեն, որպեսզի հանրային ծառայություններ մատուցողի բարի կամքը չլինի այս կամ այն պարտավորությունը կատարել։
Հիմա ո՞նց է ստացվում, որ մեր երկրում բարի կամք է․ մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին որոշումը, որով սահմանում է ՀԷՑ-ի համար պարտավորություններ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե կայացվել է սպառողակենտրոն որոշում, այն է՝ քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի անջատումների պարագայում: Հիմա վերցնում ենք այդ անջատումների՝ ՀԷՑ-ի համար սահմանված նորմը․ ասում է՝ Երևան քաղաքում 10 անգամ, իսկ մարզերում՝ 15 անգամ ամսական անջատման պարագայում ՀԷՑ-ը պարտավորվում է փոխհատուցում տրամադրել։
Ես հիմա չեմ ուզում մանրամասն թվեր հրապարակել, որովհետև մեր խումբն աշխատում է, առաջիկայում, հույս ունենք, ասուլիս կհրավիրվի, պատասխանող կողմերն էլ կներկայանան, չեն խուսափի, ինչպես միշտ են անում։ Բայց այս որոշումն ինքնին մի բանի մասին է, մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նորմալ է համարում ամսվա մեջ մինչև տասն անգամ անջատումը: Ես այս եզրակացության եմ հանգել, որովհետև եթե դու ասում ես՝ տասն անգամից հետո պետք է փոխհատուցում տաս, նշանակում է, որ մինչև տասը խնդիր չէ։ Հիմա, երբ որ դու ունես նման քաղաքականություն մշակող կառույց, որի անմիջական հսկողությամբ ու որի կողմից մշակվող քաղաքականությամբ պետք է ունենաս բարձր որակի կամ ցածր որակի ծառայություններ, ի՞նչ արդյունք ենք ակնկալում մենք։
– Այն, ինչ ունե՞նք։
– Այն, ինչ ունենք։ Երկար-բարակ խոսելու փոխարեն՝ փորձեցի հակիրճ ասել, թե ո՛րն է պատճառը, ու իրականում հենց դա է։
– Այսինքն՝ անհնար չէ՞ այս ամենը շտկել։
– Իհարկե։ Տեսեք, մեկանգամյա դեպքը բոլորի հետ էլ կարող է պատահել, մեր խնդիրն այն է, որ մեկանգամյա չեն այդ դեպքերը, եթե մեկ անգամ լիներ՝ ոչ մեկն էլ խնդիր չէր սարքի, ըմբռնումով կմոտենար։ Բայց քանի որ մենք տեսնում ենք, որ սա դառնում է օրինաչափություն, ավելին՝ մենք տեսնում ենք, այն որոշումը, որի մասին խոսեցի, իրավական ձևակերպմամբ համարում ենք նորմալ մի բան, որն աննորմալ է, արդեն վատ է։
– Պարո՛ն Պիպոյան, իսկ փոխհատուցման նախադեպեր մենք ունեցե՞լ ենք։
– Նոր որոշում է, նոր պետք է ուժի մեջ մտնի, դրա համար եմ ասում, որ սա հենց ամենավատն է, երբ դու ունենալով մեծ խնդիրներ, բերում ես մի իրավակարգավորում, որն անուղղակիորեն լեգիտիմացնում է այն վիճակը, որն ունես։
Այս պահին քաղաքացին համարում է, որ վեց անգամ հոսանքազրկումը խայտառակություն է, երբ դու բերում ես նորմ, որ տասն անգամից հետո է փոխհատուցում լինելու, դու անուղղակիորեն լեգիտիմացնում ես վեց անջատումը։ Եվ գալիս ենք նրան, ինչ դուք հարցրիք, իսկ փոխհատուցում եղե՞լ է, այսինքն՝ տասը նորմալ է։ Այսինքն՝ անուղղակիորեն լեգիտիմացնում են այս խայտառակ վիճակը, պետական մակարդակով է արվում, որ մենք սովորենք այդ անջատումներին։ Սա նոր որոշում է, նախկինում չի եղել, բայց ավելի լավ է չունենաս որևէ որոշում, քան այս կարգի որոշում ունենաս։
– Ստացվում է, որ նաև այս նոր որոշմամբ ոտնահարվում են սպառողների իրավունքնե՞րը։
– Իհարկե։
– Իսկ ի՞նչ պետք է անի իրազեկ սպառողն այս պարագայում։
– Բարդ հարց եք տալիս։ Եթե դուք նայեք արտերկրում՝ սոցիալական թեմաներով ինչպիսի ընդվզումներ են տեղի ունենում ու համեմատեք, ապա կտեսնեք, որ միջազգային պրակտիկայում հանրային դժգոհությունները, բողոքները ավելի շատ ոչ թե պարզապես իշխանափոխության համար են, այլ՝ այս կամ այն սոցիալական խնդրի լուծման։ Իշխանափոխության պահանջով էլ են փողոցներում ցույցեր լինում, բայց դրանք կրում են ավելի շատ նախընտրական ու հետընտրական բնույթ, ընդհանուր իմաստով չկա, ու եթե նման դժգոհություն էլ կա, ապա թեման սոցիալական է, քաղաքական չէ։
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ միշտ բողոքներ ու ցույցեր են, ու դրանց առաջնային նպատակը քաղաքական է, ոչ սոցիալական։ Այս պարագայում, երբ քաղաքական շատ լարված իրավիճակում ես, ու, ըստ էության, այդ քաղաքական պահանջները շատ ավելի բարձր հենքերի վրա են դրված լինում, որովհետև եթե օրակարգը հայրենիքն է, դրա կողքին ինչ էլ դնես՝ ավելի ցածր դասի է։ Ու շատ- շատերը ինչ-որ դժգոհություն ներկայացնելուց առաջ ասում են՝ լավ, էս բարձր խնդիրը թողել ենք, ընկել ենք ցածր խնդրի հետևի՞ց։ Արդյունքում կամ հետևանքով՝ այս խնդիրները երկրորդ պլան են մղվում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















