Կա Արցախի պետության 120 հազար քաղաքացի, որի գոյությունը ոչ մի Ալեն Սիմոնյան և ոչ մի իշխանություն չեն կարող ժխտել. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

– Պարո՛ն Հակոբյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդգծել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստը վերանայելու անհրաժեշտության և Հայաստանի ու Արցախի Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովը լուծարելու մասին։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունները։

– Նոր բան չկա, սա հերթական հակաարցախյան հայտարարությունների չափաբաժինն է օրվա իշխանությունների կողմից, որովհետև նրանք բացահայտ հայտարարում են, որ այլևս Արցախ գոյություն չունի, ու Արցախի հարցը փակված է։ Այս ամենը զավեշտալի է այն ֆոնին, երբ մտացածին «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը Ադրբեջանում ստեղծում է վտարանդի կառավարություն ու դիմում իրենց օրենսդիր մարմնին, որպեսզի դրան պաշտոնական ընթացք տան, իսկ Հայաստանի իշխանությունները ամեն տեղից ման են գալիս ինչ-որ անիրական «հիմնավորումներ», որպեսզի ժխտեն Արցախի գոյությունը։ Նիկոլ Փաշինյանի թեզը նրա խմբի մնացած պաշտոնյաները կրկնում են։

– Ըստ ձեզ՝ որոշակի գործողություններ հետևելո՞ւ են այս հայտարարությանը՝ նկատի ունեմ ներկայացուցչության շենքի վերաբերյալ ասվածը։

– Որքան էլ այս իշխանությունները փորձում են ժխտել այն պատմական իրողությունները, որոնք կան, չեն կարողանալու։ Թեև Արցախի Հանրապետության տարածքն այս պահին ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ, այնուամենայնիվ, գոյություն ունի այդ պետության, այդ տարածքի 120 հազար քաղաքացի, որի գոյությունը ոչ մի իշխանություն և ոչ մի Ալեն Սիմոնյան չեն կարող ժխտել։ 

Այսօր Հայաստանի իշխանություններն ունեն լայն հնարավորություններ, ու ես չեմ էլ բացառում, որ մի օր կարող են ընդհանրապես թույլ չտալ Արցախի իշխանություններին ոտք դնեն այդ ներկայացուցչության շենք, բայց այդ շենքի լինել- չլինելով չի որոշվում Արցախի իշխանությունների գոյությունը։ 

Այսօր կան Արցախի Հանրապետության նախագահ, Կառավարություն ու Ազգային ժողով, այս երեք ինստիտուտների գոյությունը 30 տարի շարունակ ոչ միայն Հայաստանի իշխանություններն են ընդունել, այլ նաև՝ միջազգային հանրությունը, շատ հաճախ նաև՝ ոչ հրապարակային, բայց հաշվի են նստել այդ կառույցների հետ։ Որքան էլ այս իշխանությունը դա չտեսնի, փորձի լուծարել, միևնույն է, կա Արցախից բռնի տեղահանված ժողովուրդ, որը պայքարելու է ու չի մոռանալու իր հայրենիք վերադառնալու մասին։

– Պարո՛ն Հակոբյան, դուք էլ ասացիք, որ սա հակաարցախյան հերթական քայլն է, բայց նույն Ալեն Սիմոնյանը դարձյալ այսօր ասել է, թե հակաարցախյան որևէ բան իրենք չեն արել, թե ոչ մի իշխանություն Արցախի համար չի արել այնքան բան, որքան իրենք, թե Արցախը կործանել է Սամվել Շահրամանյանը՝ ընտրվելով նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո։

– Մեկ տարուց ավելի է՝ մենք ձեռնպահ ենք մնում մեր խոսույթում օգտագործել Արայիկ Հարությունյանի որևէ ասած խոսք կամ գործողություն, որովհետև այսօր այդ մարդը գտնվում է անազատության մեջ ու ֆիզիկապես հնարավորություն չունի մեզ հակադարձելու։ 

Այսօր, երբ որևէ երևույթի մասին խոսում են՝ հղում անելով Արայիկ Հարությունյանին, առնվազն ազնիվ չէ, որովհետև երբ ասում են, թե Արայիկ Հարությունյանը զանգել, ասել է, որ իրեն ճնշում են, ստիպում, որ հրաժարական տա, ակնարկելով, որ այդ ճնշողը նոր նախագահն ու նրա շուրջը հավաքված քաղաքական ուժերն են, առնվազն ազնիվ չէ, ու արդեն ասացի, թե ինչու։ Իսկ նորընտիր իշխանությունների վրա բարդել Արցախի լուծարումը և այլն, բազմիցս արձագանքել ենք այդ հայտարարություններին, ու կարիքը չեմ տեսնում հերթական անգամ դա անել, նախագահն ինքը պարզաբանումներ ներկայացրել է։ 

– Դուք էլ ասացիք, որ Ադրբեջանում չեղած բանը փորձում են ներկայացնել իբրև իրողություն, իսկ մեր իշխանությունները, ընդհակառակը՝ եղածն են փորձում վերացնել, ինչո՞ւ, գուցե իսկապես որ պարտված կողմ են, ու Ադրբեջանն էլ սպառնում է պատերազմով, դրա համա՞ր են այդպես վարվում։

– Նույնիսկ եթե պատճառը դա է, ապա իրենք կարող են ազնիվ լինել ու հրաժարական տալ, հետևաբար վախերով չի կարելի ղեկավարել մի ողջ պետություն, որովհետև մենք շատ վատ իրավիճակում ենք հայտնվելու այդ պարագայում։ Կարևոր չէ նրանց այս վարքագծի պատճառը, կարևորն այն փաստն է, որը մենք այսօր տեսնում ենք, ու այն իրողությունը, որի մեջ ենք, իսկ դրա միակ լուծումն այս իշխանությունների հեռացումն է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am