«Ադրբեջանում տարբեր քարոզչական աղբյուրներով փորձում են հասկացնել՝ եթե Ռուսաստանի նման դիրքորոշումը շարունակական լինի, նոր ագրեսիան չի ուշանա». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

Տիկի՛ն Հայրապետյան, մի քանի օրից Վաշինգտոնում կհանդիպեն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։

– Փաստացի ձևաչափերի պայքարը շարունակվում է, որովհետև, ըստ էության, Սոչիի հանդիպմանն անմիջապես հաջորդել է կամ, գուցե, ավելի շուտ է եղել առաջարկը, հանդիպել վաշինգտոնյան ձևաչափով։

Մեզ համար կարող է շահավետ լինել այն, որ ցույց տանք, թե որ կողմն է ավելի շահավետ լուծում առաջարկում, որ կողմն է մեզ համար ավելի կարևոր ու անհրաժեշտ շեշտադրումներով խնդիրը բարձրաձայնում Լեռնային Ղարաբաղի հետ կապված, որովհետև Սոչիի հայտարարության մեջ բացակայում էր Լեռնային Ղարաբաղ անվանումը, թեև ռուսական կողմն ասում էր, որ վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Հիմա արդեն Վաշինգտոնի հերթն է ցույց տալ, թե որքանով է ինքն ազդեցիկ, ու կարող է հարկադրել Ադրբեջանին Արցախի հարցում այլ ձևակերպումների գնալու։ Սպասենք հանդիպման արդյունքներին, օրակարգ այս պահին չկա, բայց, ենթադրում եմ, որ բոլոր հայտնի հարցերի վերաբերյալ քննարկումներ կընթանան։

Բայց եթե Հայաստանի ղեկավարը հայտարարում է ու քանիցս նշեց, որ իրենք ընդունում են ռուսական կողմի առաջարկները, ո՞րն է իմաստը այս ձևաչափով ևս շարունակել քննարկումները։

– Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ ինքը կողմ է ռուսական առաջարկներին, դեմ չէ արևմտյան առաջարկներին և կողմ է Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերին, եթե լսենք մեր ղեկավարին՝ ինքը կողմ է բոլոր առաջարկներին։

Հուսով եմ, որ ժամանակ են շահում՝ դրան զուգահեռ որոշակի պատրաստություններ տեսնելով, բայց նաև այս տարվա սեպտեմբերի իրադարձությունները եկան փաստելու, որ այդ ընթացքն իրենք խելացի չեն օգտագործում։

Ինչ վերաբերում է հարթակներին, եթե նպատակով, տեսլականով ու հստակ խնդիրներով ես գնում՝ շահում ես, եթե ոչ՝ խճճվելու ես ու կարող ես նույնիսկ քո շուրջն իրավիճակն ավելի բարդացնել

– Իսկ Սոչիի եռակողմ հանդիպումից ադրբեջանական կողմը գո՞հ է։

– Ըստ էության, այդ հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչամեքենան փորձում էր ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղ արտահայտության բացակայությունը հայտարարությունից իրենց կարևոր դիվանագիտական հաղթանակն է, բայց հանդիպումից հետո ռուսական կողմից, մասնավորապես, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի մակարդակով եկող որոշակի հայտարարություններ մտահոգություններ են առաջացրել Բաքվում։

Նրանք հասկանում են, որ դա ուղղակի դեսպանի անձնական կարծիքը չէ, այլ դիրքորոշում է, որը որդեգրել է Ռուսաստանը,ու տարբեր հրապարակումներում պնդում են, որ այդ դիրքորոշումներով Ռուսաստանը փաստացի անտեսում է Բաքվի դիրքորոշումը։ Այս ֆոնին նրանք տարբեր քարոզչական աղբյուրներով փորձում են հասկացնել, որ եթե նման դիրքորոշումը շարունակական լինի, ապա նոր ագրեսիան չի ուշանա։

Պարզ է, որ Ռուսաստանն ուզում է, որ խաղաղապահները երկարաժամկետ մնան տարածաշրջանում, բայց Ադրբեջանը մեծ հույսեր ունի, որ ուկրաինական պատերազմի հետևանքով թուլացած Ռուսաստանը չի կարող մնալ տարածաշրջանում, ու ամբողջ իրադրության վերահսկողությունը կմնա Անկարայի ձեռքին։

– Տիկի՛ն Հայրապետյան, վստահաբար ծանոթ եք Մարիա Զախարովայի մեկնաբանությանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որ իրենք օգտագործում են «երթուղի» եզրույթը։ Ի՞նչ է ստացվում, որ լինելու է միջանցք, ուղղակի ամեն մեկը տարբեր անվանո՞ւմ է տալիս դրան։

– Նախ եկեք փաստենք, որ երբ բոլորը խոսում են ապաշրջափակման մասին, կոնկրետ խոսում են Ադրբեջան-Թուրքիա կապի խնդիրների մասին, բայց ոչ ոք չի խոսում Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան ճանապարհի անվտանգության մասին, չէ՞ որ տարածաշրջանի ապաշրջափակումը բոլորի համար է, ինչո՞ւ են միայն Ադրբեջանի համար խոսում, սա անհասկանալի է, ընդ որում՝ դա անում են բոլորը, ներառյալ Հայաստանը։

Ինչ վերաբերում է անվանումներին, ապա ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ արտատարածքային որևէ «միջանցք» չի քննարկվում, ուղղակի խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ հետագայում եկող հայտարարություններից դատելով, ռուսական կողմը շահագրգռված է, որ իրենք ապահովեն այդ ավտոճանապարհի անվտանգությունը, ինչը, հասկանալի է, որ հայկական կողմի համար ընդունելի չէ, որովհետև իրենք կկորցնեն վերահսկողություն իրականացնելու իրավունք, գիտենք նաև, որ սա ընդունելի չէ Իրանի համար։

Բայց ռուսական կողմն արտատարածքային բնույթի մասին չի խոսում, ուղղակի վերահսկման ցանկություն ունի։ Ադրբեջանական կողմը, բնականաբար, այլ կերպ է դա պատկերացնում, ու եթե գանք նախորդ մտքիս, որ իրենք հույս ունեն, որ Ռուսաստանը կթուլանա ու կձախողվի ուկրաինական պատերազմում, ինչի հետևանքով էլ Ռուսաստանը դուրս կգա տարածաշրջանից, ապա իրենք, բնականաբար, կփորձեն աջակցել, որ ռուսական կողմը վերահսկի այդ ճանապարհը, որ հետո իրենք արդեն հեշտությամբ լուծեն խնդիրը։

Փորձագիտական կարծիք է հնչում, թե Արևմուտքը կզինի Ադրբեջանին, ու Հայաստանը կդարձնեն երկրորդ Ուկրաինա՝ պայքարելով Ռուսաստանի դեմ նաև Հայաստանի միջոցով։ Նման սցենարն իրատեսական համարո՞ւմ եք։

– Ես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ իրենց պետության մասին խոսելիս նման ոգևորությամբ այդպիսի կանխատեսումներ անում, որովհետև խոսքը մեր պետության մասին է, ուստի պետք է զգուշանալ նման որակումներից։ Ռիսկեր կան, այդուհանդերձ, ես կարծում եմ, Ադրբեջանը կգերադասի սպասել, քան գնալ առճակատման:

Նրանք, իհարկե, այս ընթացքում զինվում են, խորացնում են հարաբերություններն Իսրայելի ու այլ դերակատարների հետ, բայց Ռուսաստանի հետ ուղղակի առճակատումից, կարծում եմ՝ կխուսափեն, թեև քայլեր կարող են ձեռնարկել, որոնք կարող են հարվածներ հասցնել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության իմիջին, իսկ այդ դեպքում Ռուսաստանը պետք է կարողանա հավուր պատշաճի պատասխանել ու ոչ թե կրավորական կեցվածք ընդունել։

Չեմ կարծում, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ Ուկրաինայի, իհարկե ամեն մեկն ունի իր շահերը, ու մենք պետք է աշխատենք չդառնալ այդ շահերի բախման թատերաբեմ, այլ տեսնել, թե ում հետ են մեր շահերը համընկնում, և առաջ շարժվենք։

– Սոչիի հանդիպումից հետո կարծիքներ հնչեցին, թե Ռուսաստանը թուլացել է այնքան, որ անգամ իր համար շահավետ հարցերում չի կարողանում Ադրբեջանին համոզել։ Իսկապե՞ս նման իրականության հետ գործ ունենք, թե՞ այլ խնդիրներ կան, տիկի՛ն Հայրապետյան։

– Այն, որ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը տեղ չի գտել այդ հայտարարության տեքստում, իհարկե ոչ միայն մեր, այլ նաև Ռուսաստանի թուլության նշանն է, որովհետև նրանք հստակ նշում են խաղաղապահների դերը ԼՂ-ում կայունության հաստատման հարցում, բայց չեն կարողացել հասնել նրան, որ նշվի, թե որտեղ են իրենց խաղաղապահները տեղակայվում, ինչը որևէ լավ բանի մասին չի փաստում։

Այստեղ կա նաև Ռուսաստան-Թուրքիա համագործակցության հարցը, որը, բնականաբար, ազդում է նաև մեզ վրա։

Սրան զուգահեռ կա նաև մեկ հանգամանք, որ Ռուսաստանի շահերից բխում է մնալ ԼՂ-ում երկարաժամկետ առումով, որովհետև այդ կերպ ինքը պահպանում է Հարավային Կովկասում իր ներկայությունը, ազդեցությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի վրա և դրանով որոշակիորեն անվտանգություն է ապահովում Հյուսիսային Կովկասի համար։

Ամենաբարձր մակարդակով հնարավոր է, որ չկարողանան հասնել ինչ-որ ձևակերպումների, բայց հետո այդ բացը փորձում են լրացնել տեղեկատվական արշավներով կամ ածանցյալ որոշակի գործոններով, որովհետև նրանք բավարարված չեն այն արդյունքներով, ինչին հասել են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am