Զավեշտալի է քաղաքական հետապնդումը կոնկրետ, բացահայտ քրեական խնդիրների հետ կապելը․ Հրանուշ Խառատյան

«Մեդիալաբի» հարցազրույցը ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

– Տիկի՛ն Խառատյան, Գագիկ Ծառուկյանի շուրջ գործընթացները ի՞նչ են, ոմանք պնդում են՝ քաղաքական հետապնդում են, իշխանությունն ասում է՝ բացառապես իրավական գործընթացներ են։ Ի՞նչ է ի վերջո կատարվում Հայաստանում։

– Ես կարծում եմ, որ եթե իսկապես լուրջ և արդար հետաքննություններ իրականացվեին, էսպիսի բուռն արձագանքները հակասական չէին լինի։ Կոնկրետ Գագիկ Ծառուկյանի պարագայում, ես կարծում եմ, որ նրա վերաբերյալ քննչական գործընթացներն ավելի վաղ են սկսվել։ 

Չգիտեմ՝ պարոն Ծառուկյանը տեղյա՞կ է եղել դրանց մասին, թե՞ ոչ, բայց բոլոր դեպքերում հասկանալու կամ իմանալու, թե դրանք ինչ արդյունքի են տանում, վերջին պահին բուռն արձագանքել է՝ կանխելու քրեական գործերի ընթացքը՝ դրանք նախապես քաղաքական որակելով։ 

Իր քաղաքական թիմի անդամներն էլ շտապել են հրապարակայնացնել։ Կարծում եմ՝ խնդիրը ոչ այնքան պարոն Ծառուկյանն է․ հասարակության մի մասը սկզբունքորեն տագապ ունի, որ ներկայիս իշխանությունների մոտ էլ որոշակի միտում կա քրեական գործերին ընտրաբար մոտենալ, անձերին, որոնք, ի վերջո, մեր երկրի քրեաօլիգարխիկ հատվածն են կազմում, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը և այլք։ 

Նրանք նույնպես, ես կարծում եմ, կասկած չկա, որ լուրջ քննության դեպքում քրեական գործերի մեջ խառնված կլինեին։ Հանրության մեջ կասկած կա, որ ընտրողաբար է մոտեցումը քրեական գործերի նկատմամբ, և այս հատվածը իրական սրտացավությամբ փորձում է ազդել իշխանությունների վրա, հասնել արդարության։ Ես կարծում եմ, այստեղ կասկածի տակ չի դրվում Գագիկ Ծառուկյանի հանցանքները, կասկածի տակ է դրվում՝ արդյոք ընտրաբար չէ՞ Հայաստանում արդարադատությունը իրականանում։ 

– Իսկ դուք նման միտումներ տեսնո՞ւմ եք։

– Այո՛, կա նման բան, ես տեսնում եմ։ Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մաս լինելով՝ հայտարարում է, թե իր բիզնեսները հավատարմագրային կառավարման է հանձնել կառավարիչներին, բայց քիչ հավանական է, որ նա տեղյակ չլինի՝ ի՛նչ է կատարվում իր բիզնեսներում։ 

Մենք գործնականում չենք կարող տեսնել՝ ինչպես են իր բիզնեսները կառավարիչների կողմից քրեական գործարքներով գնում, և ինքը դրանց մասին տեղյակ չէ՞։ Նաև անհասկանալի է՝ ինքը մաքրվե՞լ է, ինքը քրեական օլիգարխ չէ, ինքը ուղղակի քաղաքական ա՞նձ է և ունի սեփականություն։ Այդ սեփականությունում, ստացվում է, կատարվում են քրեական հանցանքներ, և ինքը դրանց մասին տեղյակ չէ՞։ Եթե տեղյակ չէ․․․ թող հանցագործները պատժվեն, ինչո՞ւ է վերջին պահին փորձում այդ իր բիզնեսների նկատմամբ քննության գործընթացին քաղաքական բնութագիր տալ։ 

Հասկանալի է, որ հանրությունը վստահություն չունի ոչ նրա նկատմամբ և, ցավոք, վստահություն չունի իշխանության ընդհանուր գործընթացների նկատմամբ։ Ես սրանով չեմ ուզում ասել, թե իշխանության բարձրագույն մարմինները իսկապես չեն ուզում քրեական իրավիճակները ներկայացնել։ 

Հնարավոր է, որ դատաիրավական համակարգում չկատարված բարեփոխումներն են պատճառը, որ դեռևս մասնակիորեն են այս գործերն ընթանում։ Հնարավոր է։ Փաստարկված կարծիք չունեմ։ Բայց եթե դատաիրավական համակարգը խոչընդոտում է այս խնդրի համակարգային մոտեցմանը, այնուամենայնիվ, ինչո՛ւ է այս պահին ընտրվել խորհրդարանական երկրորդ խմբակցության ներկայացուցիչը և ոչ թե այլ մեկը։ 

Սրան էլ հնարավոր է պատասխան կա, որը կարող է լինել հետևյալը՝ այս պահին այդ քաղաքական ուժի ներկայացուցիչը խորհրդարանում ընտրվել է 2018-ին, այնպիսի ընտրություններում, որ անցել են առանց կեղծիքների, և հնարավոր է՝ կասկածներ հնչեն՝ եթե Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործերը չեն քննվում, ուրեմն կա որոշակի համաձայնություն Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև։ Այսինքն՝ որ կողմից խնդրին մոտենանք, միշտ կասկածներ լինելու են։

– Նիկոլ Փաշինյանն ուզում է ազատվե՞լ այդ կասկածներից։

– Դա մի մասի պնդումն է։ Հասարակության կողմից բոլոր տարբերակների դեպքում կարող են լինել տարընթերցումներ։ Այնպես չէ, որ այդ տարընթերցումները հիմնավորելու փաստարկներ չեն գտնվում։ Բարդ իրավիճակ է, շատ ձգձգված խնդիր է, ձգձգված են և կարծրացած են նաև դիրքերը։ 

Այդ դիրքերում իրենց մոտեցումները փաստարկելու բառամթերքը, ձևը ինչ-որ կերպ արդեն երևի կազմավորվել են։ Ընդհանուր առմամբ երկու տարի անց դեռ չեն լինում հետհեղափոխական ցնցումներ։ Երկու տարի անց ռեալ բարեփոխումային ծրագրեր պետք է լինեին։ Ես կարծում եմ, որ բուն հեղափոխական ծրագրերի ձգձգումը հանգեցրել է այն իրավիճակին, որ երեկ տեսանք և դեռ կտեսնենք։

– Երեկ Ծառուկյանի տանը տեղի ունեցած խուզարկության և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում շատերը հիշեցին 2018-ին Փաշինյան-Ծառուկյան համագործակցությունը՝ ակնարկելով, թե այդ ժամանակ աչք է փակվել Ծառուկյանի, այսպես ասած, հանցանքների վրա։

– Ես չգիտեմ՝ քննությունը երբ պետք է սկսած լիներ կամ երբ է սկսել։ Բայց այն, որ ավելի վաղ է սկսել, քան վերջին մեկ շաբաթն է, դրանում տարակույս լինել չի կարող։ Ես նաև չեմ բացառում, որ ժամանակին աչք են փակել, որովհետև, իմ կարծիքով, որը վերլուծությունների հիման վրա է ձևավորվել, հենց այս պահին էլ առանձին մարդկանց նկատմամբ աչք է փակվում։ Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը այս դեպքերից մեկն էր։ 

– Նույն իրադարձությունների ֆոնին հատկապես ուշագրավ էին նախկին իշխանությունների ու նրանց շրջապատի արձագանքները պնդում էին, որ այս ամենը Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդում է։ Ինչպե՞ս եք գնահատում այդ երևույթը։

– Ախր շատ զավեշտալի է թվում ինձ այդ ամենը (ծիծաղում է – հեղ), քաղաքական հետապնդումը կոնկրետ, բացահայտ քրեական խնդիրների հետ կապելը․․․ 

Կարծում եմ՝ որևէ մեկը տարակույս չունի, որ քրեական բաղադրիչը ակնհայտորեն առկա է, ակնհայտորեն ես ասում եմ հանրային իմացության տեսանկյունից, բայց որ քննությունը կապացուցի կամ արդեն ապացուցել է ակնհայտ առկայությունը, կարծում եմ՝ տարակույս չկա։ Բայց ինձ համար տարօրինակ է, որ խոսում և գրում են մարդիկ, որոնք ժամանակին Գագիկ Ծառուկյանին էին վատաբանում։ 

Նրանք այն ժամանակ էլ կոնկրետ Ծառուկյանի անձի դեմ բան չունեին, ակնհայտ է, որ նրանց խնդիրը Գագիկ Ծառուկյանի միջոցով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ներկայությունը խանգարելն էր։ Այսինքն՝ «այդ խեղճ մարդը» միշտ ընկնում է տարբեր քաղաքական հաշվարկների թիրախ՝ թե՛ իրեն օգնողների, թե՛ իրեն խանգարողների, թե՛ իր հետ առնչվողների միջոցով։

– Եվ չի ուզում հեռանալ քաղաքականությունից․․․

 – Ես հիմա շատ վստահ չեմ, որ ինքը չի ուզում։ Քաղաքականությունը պաշտպանում է նրա գործունեությունը, այսինքն՝ պատգամավոր լինելը նրա համար պաշտպանության միջոց է։ Առավել ևս, կուսակցապետ լինելը նրա համար քաղաքական պաշտպանության միջոց է։ 

Մյուս կողմից՝ ես համոզված եմ, որ նա ո՛չ կուզենար կուսակցապետ լիներ, ո՛չ կուզենար քաղաքական անձ լիներ և ո՛չ էլ Ազգային ժողովի պատգամավոր։ Փոխարենը շատ կուզենար իր տնտեսական գործունեությունը շարունակել այնպես, ինչպես կարող է։

Մեկ այլ խնդիր էլ կա՝ ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ինքնուրույն չէ իր քաղաքական ընտրության մեջ, և նրան պահողները թույլ չեն տալիս, որ նա հեռանա այն բեմից, որի վրա նրան բերել են։

– Ովքե՞ր են դրանք։

– Դա շատ քննարկված և փաստարկված է․ ես կարծում եմ, որ դա նախևառաջ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամքն է։

Այո՛, ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը շատ կախված է դրանից, նաև՝ տնտեսական իմաստով․ որքան ես գիտեմ, նրա բիզնեսները տարբեր տնտեսական մասնաբաժիններով են գնում Քոչարյան ընտանիքի տարբեր անդամների հետ, և այդպես էլ սկսվել է։ Նա իր ընտրությունները վաղուց ինքնուրույն չի կարող։ Եվ չկարողանալով ինքնուրույնանալ՝ միշտ կախված է այդ կամքից։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am