Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

2022 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ կայացել է 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփման նիստը, որին ներկա էին Ծառայության ղեկավար անձնակազմը, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերը:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել շտաբի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանը՝ ներկայացնելով կիսամյակային գործունեության թվային համեմատական տվյալները, համակարգային բարեփոխումներն ու օրենսդրական փոփոխությունները:

Այնուհետ զեկույցի արդյունքներով Սերգեյ Ատոմյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել հատկապես մահերի, ինքնասպանությունների մտահոգիչ ցուցանիշներին՝ հանձնարարելով առավել արդյունավետ հոգեբանական և բացատրական աշխատանքներ իրականացնել ազատազրկված անձանց հետ, մասնավորապես նրանց, ովքեր տարաբնույթ խնդիրների լուծման համար դիմում են ծայրահեղ միջոցների՝ հացադուլի կամ ինքնավնասման: Բացի այդ՝ Ծառայության պետը կարևորել է սերտ համագործակցության ապահովումը ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործում:

Նիստի ավարտին Սահմանադրության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հրամաններով մի շարք ծառայողներ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել են «Օրինականության ամրապնդման համար» մեդալով, «Գերազանց ծառայության համար», «Պատվավոր քրեակատարողական ծառայող», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, իսկ մի խումբ ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են «Հուշանվերով պարգևատրում» և խրախուսանքի այլ տեսակները:

Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ մշտապես առանձնացվելու և գնահատվելու են բարեխիղճ, նվիրված և աշխատանքում բարեվարքության կանոնները պահպանող ծառայողներն ու աշխատակիցները։