Պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձեռք բերած գույքը վաճառքի են հանել, ուրիշի անունով է եղել. վարչապետ. Տեսանյութ

Պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձեռք բերած գույքը վաճառքի են հանել, ուրիշի անունով է եղել. վարչապետ.  Տեսանյութ
Պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձեռք բերած գույքը վաճառքի են հանել, ուրիշի անունով է եղել. վարչապետ. Տեսանյութ

Կառավարությունը կոռուպցիայի դեմ կիսապայքար չի իրականացնելու։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Քրեական դատավարության օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ՝ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը։ Օրենքով ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները, ինչը բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից և բարձրաձայնվել իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար։ «Նախագծով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման։

Միաժամանակ, նման դեպքերում նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ, մասնավորապես՝ հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով կարող են միայն ներկայացվել միջնորդություններ։ Դատախազական վերահսկողություն, միջնորդության ներկայացման նկատմամբ։ Մասնավորապես, քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղեկալի հաստատմամբ։ Տեղեկատվության անհրաժեշտության հիմնավորման բարձր չափանիշներ են սահմանվել։ Մասնավորապես, բանկային գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալու վերաբերյալ քննիչի միջնորդության բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում»,- ասաց փոխնախարարը։

Վարչապետը նշեց, որ այս հարցը շատ երկար ու տարբեր ձևաչափերով քննարկվել է, առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բայց քաղաքական եզրակացությունը հետևյալն է՝ կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում։

«Կիսապայքարն ընդունելի չէ։ Մենք այս ընթացքում ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ իքսը՝ բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ապօրինի ճանապարհով վաճառված գույքը վաճառքի է հանել։ Այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, գույքը վաճառվել է։ Մենք իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է և գումարը ՀՀ-ից հանվելու է դուրս։ Այսինքն, ըստ էության, մենք իմացել ենք, որ հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ մենք կա՛մ ստիպված էինք կոպիտ ապօրինի միջամտություններ անել, որի բացատրությունը հետո իրավական առումով լուրջ հետևանքներ կունենար, կա՛մ էլ մենք պետք է լուռ հետևեինք, թե ինչպես են թալանվածը թաքցնում։ Մեր քաղաքական որոշումը հստակ է՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու, և պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմներ, որ ընդհանրապես որևէ կասկած չլինի ՀՀ ժողովրդի և Կառավարության՝ այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ սա ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է, որը քննարկվել է մեկ տարի շարունակ՝ նշելով, որ այս խնդիրը պետք է լուծվի հիմա: Երկար քննարկումից հետո Կառավարությունը հաստատեց այս նախագիծը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: