Անբացատրելի էներգետիկա, վիրտուոզ կատարումներ.տեղի ունեցավ Արա Մալիկյանի երևանյան համերգը

Բացարձակ ազատություն, խենթացնող էներգետիկա և անհավանական վիրտուոզ կատարումներ. այսպես են մեկնաբանում հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանի ելույթներն ամբողջ աշխարհում: Երաժիշտը, հավատարիմ մնալով իր բնույթին, կերպարին և վարպետությանը, ուղղակի «պայթեցրեց» երևանյան բեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալիկյանն իր երկարամյա բեմական գործունեության ընթացքում առաջին անգամ համերգներով հանդես եկավ Հայաստանում՝ արժանանալով բուռն ծափահարությունների, «բրավո» վանկարկումների և անսահման սիրո:

«ԹԻ ԷՄ պրոդակշն»-ի նախաձեռնությամբ կազմակերպված համերգներն անցկացվեցին հոկտեմբերի 14-15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Իմ խումբն ու ես շատ ուրախ ենք այստեղ լինել»,-հայերենով ասաց Մալիկյանը և խոստովանեց, որ առաջ ավելի լավ է հայերեն խոսել: «Մայրս հայերենի ուսուցիչ է և կբարկանա, եթե լսի, թե ինչպես եմ հիմա խոսում, հավանաբար մի երկու ապտակ կհասցնի»,-կատակեց երաժիշտը: Նա հիսունհինգ տարեկան է, սակայն հիսուն տարի է՝ ցանկանում է Հայաստանում ելույթ ունենալ, երջանիկ է, որ վերջապես հայրենիքում է նվագում: 

Ջութակահարն իր երաժիշտների հետ կատարեց ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ ստեղծագործություններ, սակայն նրա նվագացանկում մեծ տեղ էին զբաղեցնում հեղինակային գործերը, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքիր պատմություն ունի:

Մալիկյանը ծնվել է Լիբանանում, այժմ բնակվում է Իսպանիայում, սակայն, մինչ Իսպանիայում հաստատվելը, ապրել է տարբեր երկրներում: «Տասնհինգ տարեկան էի, երբ առանց ծնողների Գերմանիա մեկնեցի, առանց ճանաչելու երկիրը. ոչինչ չգիտեի այնտեղի մասին և ապրելու համար տարբեր գործեր էի անում: Մի անգամ Կուբայում նվագելու առաջարկ ստացա: Այնտեղ պետք է ժամանակակից (contemporary)  ստեղծագործություն կատարեի: Խելքը գլխին որևէ մեկը չէր կարող այն հավանել: Երբ բացեցի նոտաները, գլուխս սկսեց ցավել, քանի որ անկարելի էր այն նվագել. քսան տարի էր հարկավոր այդ անելու  համար: Համերգից առաջ կուբացի չորս երաժշտի հետ փորձեցինք նվագել այն»,- պատմեց Մալիկյանն ու ընդգծեց, որ երևանյան բեմում նրա հետ հենց այդ երաժիշտներն են, որոնց հետ նվագում է արդեն երեսուն տարի: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը, որոնք Հայաստանում իրենց զգում էին ինչպես տանը, ջերմ մթնոլորտում: Մալիկյանը կատակով նշեց, որ երեսուն տարի առաջ նրանք ավելի երկար մազեր ունեին, և այն ժամանակ պետք էր մազերը վարագույրի պես մի կողմ տանել միմյանց ճանաչելու համար: Կուբայի համերգի օրը Մալիկյանն ու երաժիշտներն իմպրովիզ են արել, ինչի պատճառով նրանց խաբեբաներ են անվանել:

Նրանք Երևանի ունկնդրի համար նվագեցին իմպրովիզի արդյունքում ծնված ստեղծագործությունը, որն այստեղ սիրվեց:

Հնչեց նաև Մալիկյանի քույրերին նվիրված երաժշտությունը,  իսկ երբ ջութակահարը նվագեց ֆրանսիական «Տաքսի» ֆիլմի սաունդթրեքը, երկրպագուները մոտեցան բեմին, Մալիկյանն էլ իր պարով, թռիչքներով էլ ավելի ոգևորեց նրանց։

Երաժիշտը հիշեցրեց, որ երևանյան համերգները բարեգործական են, և հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստան տեղափոխված հինգ ընտանիքի: Նա ուժ, կորով, առողջություն և խաղաղություն մաղթեց հայ ժողովրդին՝ հույս ունենալով, որ դժվար ժամանակները կհաղթահարվեն:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի