Առողջապահության նախարարությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին եւ դեսպանին

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար:

Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում:

200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների և այդ գործընթացում երկու երկրների ղեկավարների ներդրած ավանդի մասին:

Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը»: