«Խաղաղությանը նպաստելու համար Վրաստանը միշտ պատրաստ է սերտ համագործակցության». Սիմոնյանը ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին:

ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իլյա Դարչիաշվիլիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու եւ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների շարունակական զարգացումը մեր առաջնահերթություններից է, որն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) գործողությունների ծրագրում:

Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս նպատակով Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:Նա հիշեցրել է պաշտոնական Բաքվի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումները՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը խափանելուն:

Անդրադարձ է եղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքական պատանդների հարցին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման առաջնայնությունը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշանակությունը՝ մեծապես կարեւորելով խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելը եւ համարժեք այլ գործողությունների իրականացումը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ խաղաղությանը նպաստելու համար Վրաստանը միշտ պատրաստ է սերտ համագործակցության եւ աջակցության: Նա նշել է, որ խաղաղ հարեւանությունը եւ մարտահրավերներին միասին դիմակայելը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար բոլոր ուղղություններով շարժվելու անհրաժեշտությունը: