ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ նախարար Վահե Ղազարայանը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում և անչափահասների հետ տարվող աշխատանքներում:

«Նախարարն անդրադարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության կողմից կազմակերպված միջոցառումներին, կարևորեց և պատրաստակամություն հայտնեց շարունակելու աշխատանքները տարբեր ուղղություններով:

Քրիստինե Վայգանդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ կառուցվածքային բարեփոխումները, անդրադարձել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ համագործակցությանը և ընդգծել անչափահասների հանցավորության դեմ պայքարի, Բարնահուսի մոդելի տարածման, ինչպես նաև՝ հատկապես դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ քննարկվել են նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթությունները՝ առանձնացնելով ապօրինի թմրաշրջանառությունն ու թրաֆիքինգը՝ կարևոր համարելով այդ ոլորտում համագործակցությունը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ դիտարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հանուն անչափահասների պաշտպանության առավել լավ գործիքակազմի նախատեսման։