Եթե ապացուցվի, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է մանդատ վայր դնել, ապա այստեղ առկա է Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը. Գևորգ Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, գործադիրում պաշտոնանկություններին զուգահեռ խորհրդարանում ևս սկսվել է նման գործընթաց. իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, խոսվում է, որ հաջորդը լինելու է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ինչին ի պատասխան Աղազարյանն ասել է, որ եթե վարչապետը կամ վարչության անդամներն իրեն «հորդորեն» դա անել, այդ ուղղությամբ կմտածի։ Հայաստանում կա՞ նման օրենք, որի համաձայն վարչապետն ունի նման իրավասություն պատգամավորների նկատմամբ։

– Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն իրականացվում է Սահմանադրության և օրենքների հիման վրա՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռման սկզբունքով։ Նույն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ 

Հայաստանում չի գործում որևէ օրենք, որը վարչապետին իրավունք վերապահի պատգամավորներից հրաժարական պահանջել, որովհետև «հորդորել» արտահայտություն իրավագիտության մեջ չկա, նման արտահայտություն որևէ օրենքում չկա։ Ավելին ասեմ, Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն այն մարմինն է, որն ընտրում է վարչապետ ու նաև իրավունք ունի անվստահություն հայտնել այդ անձին, հիմա որքանո՞վ է խելամիտ, որ այդ մարմնի ներկայացուցչին վարչապետը ցուցում տա մանդատ վայր դնել։ 

Այստեղ մենք գործ ունենք Սահմանադրական կարգի տապալման հետ, բացի այդ՝ գոյություն ունի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքը՝ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին», որի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորն իր գործունեությամբ ու իր վարքով պետք է նպաստի հասարակության մեջ ԱԺ-ի հեղինակության ձևավորմանն ու պահպանմանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ գործադիր իշխանության ղեկավարը որևէ ցուցում տա Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորին, որը ժողովրդի կողմից ընտրված մարմնի ներկայացուցիչն է: Ավելին՝ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ 

Եթե ապացուցվի, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է մանդատ վայր դնել, ապա այստեղ առկա է Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում սահմանադրական կարգի տապալման համար: Այդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգի տապալում է համարվում Սահմանադրության առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ հոդվածների, վեցերորդ հոդվածի առաջին մասի և յոթերորդ հոդվածի խախտումը: Այս դեպքում, արդեն ասացի, առկա է ինչպես չորրորդ հոդվածի խախտում, այսինքն՝ իշխանությունների հավասարակշռության սկզբունքով պետական իշխանություն իրականացնելու և նաև վեցերորդ հոդվածի առաջին մասի, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործառույթներ, որոնց համար լիազորված է միայն Սահմանադրությամբ կամ օրենքով։ 

– Իսկ վարչապետը լիազորություն ունի՞ իրավապահ մարմինների ղեկավարներին պաշտոնանկ անելու։

– Օրինակ՝ Քննչական կոմիտեի ղեկավարին՝ ո՛չ, որովհետև վարչապետը նրան չի նշանակում, մենք Քննչական կոմիտեի մասին օրենք ունենք՝ 2014 թվականի մայիսի 19-ի օրենքն է, եթե չեմ սխալվում, այնտեղ գրված է, որ Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ, այսինքն՝ Կառավարության որոշմամբ դա պետք է լինի, այլ ոչ թե՝ վարչապետի։ 

Այստեղ էլ է առկա պաշտոնեական լիազորությունների սահմանազանցում։ Պարզապես խնդիրն այն է, քանի որ իրենցն իսկապես թիմ է, ոչ թե քաղաքական հասունություն ունեցող միավոր, դրա համար էլ իրենք այդպես են վարվում։ Տեսեք՝ ԱԺ-ի մանդատակիր Վահագն Ալեքսանյանն ասում է՝ որ պահին վարչապետն ինձ ասի՝ ես մանդատս վայր կդնեմ, դուք տեսեք սրա պատկերացումն իր կարգավիճակի մասին, այսինքն՝ սրանք ընդհանրապես տեղյակ չեն իրենց լիազորություններին, իրենց իրավունքներին ու երաշխիքներին։ Ու սա է համարվում համակարգային կոռուպցիա, երբ մի ամբողջ խումբ՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր, բարձր պաշտոններում բացարձակապես չեն տիրապետում իրենց լիազորություններին, բայց պետբյուջեից ստանում են միլիոնների աշխատավարձեր, պարգևատրումներ, էլ չասած դրանց ինքնաթիռային դեգերումները՝ անիմաստ ու անպտուղ։

– Պարո՛ն Պետրոսյան, այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում մեկ անձի որոշմա՞մբ է ամեն ինչ տեղի ունենում։

– Հիմա բռնապետություն է Հայաստանում։ Պետք չէ շատ զարգացած ու հմուտ իրավաբան լինել պարզ ճշմարտությունը հասկանալու համար, որ եթե մի մարմին իրավասու է վերահսկողություն իրականացնել վարչապետի նկատմամբ, ապա այդ վարչապետը՝ որպես վերահսկվող, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական առումներով չունի լիազորություն ազդել իրեն ընտրող ու իրեն անվստահություն հայտնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի վարքագծի վրա: Սա սահմանադրական կարգի դասական տապալում է, նորից եմ կրկնում՝ Քրեական օրենսգրքի 420-րդ հոդված, որի համար նախատեսված է 10-15 տարի ազատազրկում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am