Ոստիկանական անհամաչափ բռնություն օրենքից դուրս և ընդդեմ հանրային շահի

Ոստիկանական անհամաչափ բռնություն օրենքից դուրս և ընդդեմ հանրային շահի
Ոստիկանական անհամաչափ բռնություն օրենքից դուրս և ընդդեմ հանրային շահի

Փաստացի, պետությունը ոչ միայն չի պաշտպանել հանրային շահը, ինչն արել է ժողովրդի մի ստվար խումբ, այլև ապօրինի, բռնի, հանրության համար վտանգավոր գործողություններ է իրականացրել հանրային շահի, այն պաշտպանողների դեմ` իբր «հանրային շահի» և  «հանրային անվտանգության» հիմնավորումով:

Հունիսի 23–ի լուսաբացին` ժամը 5:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով ցրեց ու բաժանմունքներ բերման ենթարկեց մի քանի հարյուր քաղաքացիների, ովքեր, որպես նախորդ երեք օրերին Ազատության հրապարակում մեկնարկած նստացույցի և նախօրեի բազմահազարանոց զանգվածային միջոցառման շարունակություն, ողջ գիշեր խաղաղ նստացույցի միջոցով հանրության բողոքն էին արտահայտում` պահանջելով չեղյալ ճանաչել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժովի հունիսի 17-ի որոշումը:

ԴԵՊՔԵՐԻ ՀԱԿԻՐՃ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 22-ին ժամը 19:00-ին բողոքի ցույցի մի քանի հազարանոց մասնակիցները Ազատության հրապարակից ուղևորվեցին նախագահական նստավայր, սակայն Բաղրամյան փողոցի սկզբնամասից փոքր-ինչ վերև հանդիպեցին ոստիկանական ուժերի և հատուկ տեխնիկայի արգելք-պատին:

Երթի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտեցին հենց փողոցում` նստացույցի տեսքով: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնող խմբի անդամներին նախապես թույլատրել էր բողոքի ակցիաներ իրականացնել միայն Ազատության հրապարակի սահմանված հատվածում, մինչև հունիսի 22-ի ժամը 23:00-ն[1]

Բաղրամյան պողոտայում ՀՀ նախագահի անունից ակտիվիստներին առաջարկ արվեց ձևավորել 4 անդամից բաղկացած պատվիրակություն` երկրի առաջին դեմքի հետ բանակցություններ վարելու նպատակով, ինչը տեղում մերժվեց, որին հաջորդեց ոստիկանության կողմից նախապես պլանավորված բռնի, անհամաչափ ու անտեղի միջամտությունը[2]:

Մեկնարկած երթի կապացությամբ Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն էր տարածել [3], որում նշել էր, թե «անօրինական հավաքի կազմակերպիչներն իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր»: Դրանում մասնավորապես նշվել էր. ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության խնդիրներից է օրենքին համապատասխան ապահովել վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ»:

Իր սպառնալիքն իրականացնելու առնչությամբ ոստիկանությունը նշել էր, թե` ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը վարչական պատասխանատվություն է սահմանել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար (հոդված 1801, մաս 1), որի նախականխումը, կանխումը, ինչպես նաև ապօրինի երթի խափանումը(հատկապես, երբ իրավախախտումը տևող բնույթ ունի) ոստիկանությունը ապահովելու է ապօրինի երթի կազմակերպիչների նկատմամբ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելով»:

Վերջապես, Ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ «երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի», ինչպես նաև` նա «իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»:

Թեև Ոստիկանությունը հանրության նկատմամբ ուժ կիրառելու նախազգուշացումն արդեն իսկ արել էր, սակայն գիշերվա ընթացքում զանգվածային միջոցառման վայրում հարկադրանքի գործողությունները պայմանավորեց հանրության ցուցաբերած վարքում անօրինական գործողություներ նկատելու հանգամանքով, եթե զանգվածային բողոքը վերածվի անկարգությունների կամ ուղեկցվի դրանցով: Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստովանեց, որ «նստացույցը խաղաղ է, բայց անօրինական։ Ոստիկանությունը ամեն ինչ կանի, որ պահպանի հասարակական կարգը»[4]:

Իրավապահներն իրենց հնչեցրած սպառնալիքը չիրականացրին մինչև լուսաբաց. բողոքի միանգամայն խաղաղ բնույթը, ցուցարարների զգուշավորությունը` ներդրված գործակալների հնարավոր սադրանքներից, լրատվամիջոցների կողմից դեպքի վայրից ուղիղ հեռարձակումները, բազմամարդությունը և այլ հանգամանքներ բարդացրեցին  ոստիկանների  մտադրությունների ավելի վաղ իրականացումը:

Կեսգիշերին մոտ ոստիկանները «Ոչ թալանին» շարժման նախաձեռնող խմբի անդամներին առաջարկեցին հետ վերադառնալ Ազատության հրապարակ և այնտեղ շարունակել բողոքի ակցիան: Նախաձեռնողների կողմից այդ առաջարկի հրապարակային հնչեցումը հանդիպեց միջոցառման մասնակիցների առարկությանը, և նստացույցը շարունակվեց Բաղրամյան պողոտայում:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ի հակառակ ակտիվիստների պնդումների, թե բողոքի զանգվածային միջոցառումն ինքնաբուխ է, շարունակում էր պնդել դրա կազմակերպված լինելու մասին, ինչպես նաև հղում էր կատարում «հարակից տարածքի բնակիչների իրավունքների խախտման» հանգամանքի վրա:

Պատահականություն չենք համարում ոստիկանության գործողությունների ձեռնարկումը հատկապես գիշերային ժամերին, ինչպես նաև այն, որ գործողության դիմելու համար մի տևական ընթացք չունենալով քաղաքացիների կողմից ընձեռնված որևէ առիթ` Ոստիկանությունն ինքն ստեղծեց «նստացույցի խաղաղ չլինելու ապացույց». այն է` նախ հավաքվածներից պահանջեց ցրվել, որը չկատարելն իրենց կողմից «կդիտվի որպես օրինական պահանջին» դիմադրություն և միջոցառման «ոչ խաղաղ լինելու» դրսևորում` ինչպես ոստիկանությունն էր նախապես պլանավորված գործողությունների ու դրանց հաջորդականության մասին խոստովանել հայտարարության մեջ:

Նույն լուսաբացին` ժամը 5:20-ին Երևանի փոխոստիկանապետը հայտարարեց, որ նստացույցի մասնակիցների գործողություններն ապօրինի են` նրանց տրամադրելով 10 րոպե ժամանակ, որից հետո 5:30-ի սահմաններում գործողության մեջ դրվեցին ջրցան մեքենաներ, նաև մոտեցվեց հատուկ տեխնիկա: 

Ոստիկանության գործողություններին մասնակցություն ունեցան քաղաքացիական հագուստով բազում անձինք, իսկ ֆիզիկական բռնություն կիրառվեց ոչ միայն նստացույցի խաղաղ մասնակիցների, այլև ընդհուպ մեկ տասնյակ լրագրողների  հանդեպ: Ֆիզիկական բռնությունից բացի քաղաքացիական հագուստով անձինք խլել են նաև լրագրողների տեսանկարահանող սարքերն ու ջարդուփշուր արել դրանք՝ առգրավելով հիշողության քարտերը[5]։

Ոստիկանության գործողությունը շարունակվեց անգամ Ազատության հրապարակում[6], իսկ ընդհանուր առմամբ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվեցին մի քանի հարյուր ակտիվիստներ, այդ թվում` շարժման նախաձեռնող խմբի անդամները, ընդհուպ` անչափահաս երեխա, լրագրողներ[7]:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՐԱ ՇԱՀԻ ԴԵՄ

Արդեն գործելակերպ են դարձել ոստիկանության և պետության կողմից հովանավորված անձանց անառիթ, բռնի գործողություններն ու դրանց հետևանքների համար անպատժելիությունը: 2008թ մարտի 1-ին ողջ պետությունը և հասարակությունը ճաշակեցին այդպիսի գործելակերպի դառը պտուղները, մասնավորապես` ոստիկանության գործողությունների անհամաչափության, բռնի գործողությունների համար պատասխանատվություն չկրելու, քաղաքական գործընթացներում ներգրավվածության առումներով:  

Սակայն հետապնդող նպատակների առումով մենք գործ ունենք տարբեր իրավիճակների հետ: 2008թ. մարտի 1-ի բռնությունների համար պետությունն իր գործողություններն արդարացրեց սահմանադրական կարգի բռնի տապալման վտանգի շահարկումով` ուղղակիորեն կանխելով իշխանափոխությունը, որն ընդդիմությունը չէր թաքցնում: Թերևս այդքանով իշխող քաղաքական ուժը շահագրգռվածություն ուներ այդպիսի հեռանկարը կանխելու առումով:

2015թ. հունիսի 23-ի բռնությունների ժամանակ ոստիկանության գործողությունների թիրախում հայտնված քաղաքացիները որևէ սպառնալիք չեն հարուցել սահմանադրական կարգին, իշխանափոխության հավաքական, ընդհանուր քաղաքական պահանջ չեն ներկայացրել: Ավելին` նրանք հանդես են եկել որպես հանրային շահի արտահայտիչներ` հանրության անունից պահանջելով չեղյալ ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որի դեմ ընդվզել էին նաև կարգավորող մարմնի նիստի օրը[8]:

Հանրային  ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը[9] ամրագրում է, որ, որպես պետական քաղաքականության մի մաս, հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման «նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների  պարտականությունների իրականացմամբհավասարակշռել սպառողների  հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը, խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը»: Նույն օրենքի 5-րդ հոդվածը կարգավորման հիմնական սկզբունքների ներքո, ի թիվս այլոց, ամրագրում է նաեւ «(դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը» և(ե)սպառողների  կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը»:

Էլեկտրաէներգիայի գործող սակագնի` 6.93 ՀՀ դրամով թանկացման վերաբերյալ ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշման ընդունման ժամանակ հանձնաժողովը, հանրության կարծիքով, չի հարգել վերոնշյալ սկզբունքները, չի հավասարակշռել սպառողների և կարգավորվող անձանց շահերը, խտրականություն է դրսևորել հօգուտ կարգավորվողի շահերի:

Հանրության բողոքն ուղղված է եղել դրա դեմ, և, փաստացի, որևէ պետական մարմին չի պաշտպանել հանրության շահը, առավել ևս` երբ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից մինչև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն ու կառավարության անդամները բացահայտ խոսել կամ ակնարկել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կատարած չարաշահումների, պարտավորությունների չկատարման, ՀԾԿՀ-ին ներկայացրած հայտի չհիմնավորվածության մասին: Ավելին, այդ չարաշահումների և օրինախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված փաստերը չեն արժանցել իրավապահ մարմինների և դատախազության համարժեք արձագանքին` որպես հանցագործության մասին հաղորդումներ:

Փաստացի, պետությունը ոչ միայն չի պաշտպանել հանրային շահը, ինչն արել է ժողովրդի մի ստվար խումբ, այլև ապօրինի, բռնի, հանրության համար վտանգավոր գործողություններ է իրականացրել հանրային շահի, այն պաշտպանողների դեմ` իբր «հանրային շահի» և  «հանրային անվտանգության» հիմնավորումով:

ՕՐԵՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱԽՏԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածը նրան վերապահում է «2-րդ հոդվածի առաջին մասովնախատեսված խնդիրներն իրականացնելիս սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններումհարկադրանք կիրառելու իրավունք»: Իսկ 2-րդ հոդվածում էլ դրանց ներքո ամրագրում է 6 խնդիր. 1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում, 2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը  խափանումը, 3) հանցագործությունների հայտնաբերումը,  բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը, 4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, 5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, 6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և  իրավաբանական անձանց` իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը: Օրենքը ամրագրում է, որ ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն հիշյալ օրենքով:

Իսկ 5-րդ հոդվածը սահմանում է, որ «ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների, ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա»:

Թերևս, ոստիկանության գործողությունները միայն արտաքուստ ու ձևական (ֆորմալ) առումով կարող են բացատրվել  վերը հիշատակված 2-րդ (ինչպես նշված է Ոստիկանության հունիսի 22-ի հայտարարության մեջ), 4-րդ հոդվածներով (ինչպես ակնարկեց Երևանի փոխոստիկանապետը լույս 23-ի գիշերը), սահմանված   խնդիրների շրջանակներում: Քանզի որևէ փաստ արձանագրված չէ այն մասին, որ զանգվածային միջոցառման մասնակիցները կամ նախաձեռնող խմբի անդամները վտանգ են ստեղծել որևէ անձի անվտանգության ու այլոց սեփականության համար կամ մտահղացել են դրանց ուղղված որևէ հանցագործության մասին:

Իսկ ընդգծված խնդիրների դեպքում ոստիկանության միակ հոդաբաշխ հիմնավորումը կարող է լինել Բաղրամյան պողոտայի երթևեկության` որպես  խաթարված հասարակական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունը: Սակայն գիշերային ժամերը արդյո՞ք չեն նվազեցնում ոստիկանության ”մտահոգությունները”, արդյո՞ք ոստիկանությունը չի օգտագործվել իշխող ուժի քաղաքական նպատակների համար` նման իրավիճակում իր առջև դնելով սեփական  ժողովրդի  հանդեպ ուժային  գերազանցությունը ցույց տալու նպատակ:

Ի վերջո, հունիսի 22-ի հայտարարության մեջ ոստիկանությունն ինքն է խոստովանել «անօրինական երթի խափանման» անհրաժեշտության մասին, որը քաղաքական նպատակ է: Բաղրամյան պողոտայից դուրս` ընդհուպ Ազատության հրապարակում, բռնի գործողությունների իրականացումը ծանրակշիռ ապացույց է ստեղծում այն մասին, որ հետապնդված նպատակը քաղաքական է եղել, իսկ ոստիկանությունն  էլ օգտագործվել է քաղաքական-քաղաքացիական գործընթացների մեջ` կանխելու համար հանրության իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված զանգվածային շարժումը` դրանով իսկ խոչընդոտելով սահմանադրական իրավունքների իրականացմանը:

Ի վերջո, եթե անգամ հավատանք ոստիկանության պաշտոնական պարզաբանումներին, թե հարկադրանքի կիրառման նպատակը «վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումն են», ապա գործողությունների բիրտ, անմարդկային բնույթն ու դրա հետևանքները հանրության համար համաչափ չեն հայտարարված ենթադրյալ իրավախախտման «հանրային վտանգավորությանը»:

Ավելին, ոստիկանությունն ինքն է իր հայտարարության մեջ ակամայից նշել, որ նման իրավախախտման վերացման օրենսդրորեն ամրագրված միակ գործողությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի  1-ին մասի համաձայն (առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար) վարչական պատասխանատվության ենթարկելն է, այլ ոչ թե իրավապահ մարմինների կողմից անհամաչափ, անօրինական բռնություն կիրառելը: Եվ, վերջապես, ոստիկանությունը նաև խոստովանել է, որ խաղաղ բողոքի ակցիան զանգվածային անկարգության է վերածել հենց ինքը` իր նախահարձակ գործողություններով` նախ խաղաղ երթը խոչընդոտելու, ապա` «երթը խափանելու» վայրագ գործողություններով:

Մինչդեռ ոստիկանության համար սահմանված բոլոր խնդիրները համակցված դիտարկելու պարագայում ոչ պակաս կարևոր է դառնում օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական  իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը (6-րդ կետ): Բողոքի գործողության նպատակը անվիճելիորեն եղել է քաղաքացիների և ընկերությունների, այն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, ովքեր հայտարարում էին, որ տուժելու են օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում:

Եթե ՀՀ օրենքները մեկնաբանենք նույնքան հատվածաբար և ընտրողաբար, ինչպես ոստիկանությունն է անում` իր գործողությունների համար հիմնավորում բերելով սոսկ օրենքով ամրագրված խնդիրներից մեկը` նրան կամայականորեն առաջնայնություն վերագրելով մյուս խնդիրների նկատմամբ, ապա նույն տրամաբանությամբ և նման իրավիճակներում ո՞ր իրավապահ մարմինը պետք է իրականացնի 6-րդ կետում թվարկված խնդիրը, համաձայն որի  ոստիկանությունը պարտավոր էր օգնություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց` իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս: Մինչդեռ գործողության տեսանկարահանումները, ընդհակառակը, վկայում են քաղաքացիների խոշտանգման ու նրանց արժանապատվությունը վիրավորող գործողությունների մասին: 

Հիշյալ օրենքի 5-րդ հոդվածը ոստիկանությանը պարտավորեցնում է իր «իրավունքներն իրականացնելիս առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածն ամրագրում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»: 29-րդ հոդվածը քաղաքացիներին վերապահում է «խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»։ Հոդված 31-ը պետությանը պարտավորեցնում է «պաշտպանել սպառողների շահերը»: Հոդված 42.1-ը «մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածում է նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ»։

Սահմանադրության նշված հոդվածները միանգամայն օրինակարգ և օրինական են ճանաչում թե’ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հավաքներ անցկացնելու իրավունքը, թե’ դրանց իրականացման ձևը (խաղաղ, առանց զենքի հավաքների միջոցով), թե’ դրանք օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու իրավունքը: Ավելին, Սահմանադրությունն ու Ոստիկանության մասին ՀՀ օրենքը ոստիկանությանը, որպես պետական կառավարման մարմին, պարտավորեցնում են պաշտպանել սպառողների` ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը, դրանց պաշտպանության օրենքով չարգելված ձևերը:

Միաժամանակ, Սահմանադրությունն ու օրենքը ոստիկանությանը պարտադրում են`«Ոստիկանության կողմիցիրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում,կարգով սահմաններում»: 

Եթե, անգամ ոստիկանության գործողությունների օրինաչափությունը դիտարկենք Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի խախտման համատեքստում, իսկ գործողությունները դիտարկենք որպես օրենքի պահանջների խախտմամբ իրականացված զանգվածային միջոցառման ընդհատում, ապա, միևնույնն է, մեծ հաշվով այն իրավունքի զանգվածային սահմանափակման գործողություն է: Ավելին` ինչպես նշվեց, այդ իրավախախտման համար նախատեսված միակ օրինական միջոցը կազմակերպիչներին վարչական պատասխանատվության ենթարկելն է, բայց ոչ երբեք իրավունքների զանգվածային սահմանափակումն ու դրանց իրականացմանը խոչընդոտումը:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդված ամրագրում է. «Մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»։ Ավելին, Սահմանադրությունը պետությանը, տվյալ դեպքում ոստիկանությանը, որպես պետական կառավարման մարմին, պարտավորեցնում է.«Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չի ընդունել որևէ օրենք, որով կսահմանափակվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների իրացումը: Ոստիկանության կողմից գործողության իրականացման պահին նույնպես առկա չեն եղել իրավունքների և ազատությունների սահմանափակման համար սահմանադրորեն անհրաժեշտ վտանգները: Այդ հիմքի բացակայության պայմաններում ոստիկանության իրականացրած գործողությունները, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակում, գերազանցել են նաև Հայաստանի միջազգային պարտավորությունները, որոնք պահանջում են ահմանափակման կապակացությամբ վաղօրոք ծանուցում ԵԽ նախարարների կոմիտեին:

Լրատվամիջոցների կատարած բազում տեսանյութերում (օրինակ[10]) հստակ երևում է, թե ինչպես են քաղաքացիական համազգեստով անձինք (ինչը ևս օրենքի խախտում է), ոմանք` «Police» թևկապով, կամ համազգեստով ոստիկանները հրաժարվում բացատրություններ ներկայացնել իրենց ինքնության, առանց համազգեստի գործողություններին մասնակցության ու հիմքերի մասին: Մինչդեռ, Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը պարտադրում է. «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի  հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել,  բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը»:

Գործողության տեսանկարահանումները ոչ միայն արձանագրել են այդ և մյուս խախտումները, այլև հարց են հարուցում, թե ո՞վքեր են ոստիկանության անվան տակ իրականացրել հակաոստիկանական գործողություններ, և արդյո՞ք դա իրավապահ մարմինների համար քողածածկույթ չի դարձել անիրավաչափ, անօրինական ու բռնի գործողություններում ոստիկանությունից դուրս այլ ուժերի, խմբերի ներգրավման համար, ինչպես 2008թ. մարտի 1-ին դա տեղի ունեցավ:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

«Ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով ոստիկանության վրա դրվող պարտականությունները պետք է համապատասխանեն սույն օրենքի 2-րդ հոդվածում թվարկված խնդիրներին» (հոդված 5):

Հունիսի 23-ի լուսադեմին ՀՀ Ոստիկանության գործողությունները եղել են անօրինական, անհամաչափ հանրության ու նրա շահերի դեմ:

Թերևս իրավականի հետ մեկտեղ ոչ պակաս կարևոր է խնդրի բարոյական ու քաղաքական կողմը. սեռական ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման իրենց պարբերական փորձերում Հայաստանի իշխանությունները հաճախ են հղում կատարում «կործանարար ու արատավոր երևույթներից» «հանրային բարոյակականության»,  «հանրության շահերի պաշտպանության» անհրաժեշտության վրա:

Միթե՞ հանրությանը պաշտպանելու անհրաժեշտություն չկար հունիսի 23-ի լուսաբացին, երբ հանրային շահն ու նրա ներկայացուցիչները Բաղրամյան պողոտայում էին:

Ստեփան ՍաֆարյանՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար

Սեդա Սաֆարյան, ՄԱՀՀԻ իրավական հարցերի փորձագետ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ