Հրդեհ Գյումրի քաղաքում, փրկարարները 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 8-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (6 քմ)՝ գույքով։ 

Փրկարարներն օպերատիվորեն կանխել են հրդեհի հետագա տարածումը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից տարհանել երեք ամսական երեխայի։