Փող չկա՞ր. մարզերից եւ Ղարաբաղից ԱԺ գավաթի առաջնության եկած աշակերտները հիասթափված են

Փող չկա՞ր. մարզերից եւ Ղարաբաղից ԱԺ գավաթի առաջնության եկած աշակերտները հիասթափված են
Փող չկա՞ր. մարզերից եւ Ղարաբաղից ԱԺ գավաթի առաջնության եկած աշակերտները հիասթափված են

Ազգային ժողովի գավաթի առաջնություն. աշակերտները հիասթափված են, պաշտոնական կողմը վատ կազմակերպված միջոցառման համար պատճառաբանում է ֆինանսական սղությունը:
Հուլիսի 22-23-ը, 3-6-րդ դասարանների աշակերտներից կազմված Հայաստանի մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից ժամանած թիմերի միջև անցկացվել են ՀՀ Ազգային ժողովի գավաթի ամենամյա մրցումները` թեթեւ աթլետիկա մարզաձեւից:

10-րդ անգամ անցկացվող հոբելյանական Գավաթի առաջնությունը նախատեսվում էր կազմակերպել Ծաղկաձորում, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նախորդ տարիների պես Երևանում է անցկացվել:

Մասնակիցները երկար եւ հոգնեցուցիչ ճանապարհից հետո մայրաքաղաք հասնելով, ոչ միայն հանգստի ու պատշաճ վերաբերմունքի չենք արժանացել, այլեւ որոշվել է անմիջապես սկսել մրցաշարը, զուգահեռ մեկնարկել է նաեւ Երեւան ժամանած պատանիների «մղձավանջը»:

«Ամբողջ ճանապարհին սիրտս խառնում էր, փսխում էի, շատ հոգնած էի, բայց դե պիտի վազեի, ձգումներ հանձնեի, գնդակ նետեի»,- «Մեդիալաբին» ասում է Սյունիքի թիմի մասնակիցներից Գառնիկ Հարությունյանը:

Մրցույթն անցկացվել է նվազագույն պայմաններ չապահովող Սպարտակ մարզադաշտում. վազքատարածքը քարուքանդ, նստելու տեղ գոյություն չուներ, և ծնողները ստիպված կանգնած էին քաջալերում մրցող թիմերին, աշակերտներն էլ` ավտոբուսների մեջ զգեստափոխվում:

Արդեն հուլիսի 23-ի համար հույսեր կային, որ թիմերը շատ, թե քիչ կազդուրված կլինեն, սակայն կրկին ամեն ինչ կարգին չէր:

Թիմերին գիշերելու համար հատկացվել էին Օլիմպոս, ինչպես նաև Երևանի Ֆիզմաթ դպրոցներից սենյակներ: Ֆիզմաթ դպրոցում գիշերած թիմերի աշակերտները առավոտյան մարզադաշտ հասան ջերմությամբ և թունավորված: Տեղում աշխատող շտապ օգնության բուժքույրը, զննելով նրանց, նշեց, որ երեխաների մոտ ընդհանուր թուլություն է և ճնշման անկում:

«Երեկոյան մեզ ձմերուկ տվեցին, հետո էլ ասացին լողացեք, բայց ջուրը սառն էր: Գիշերվանից վատ եմ զգում, սրտխառնոցս չի անցնում ոչ մի րոպե»,- «Մեդիալաբին» պատմում է ԼՂՀ-ից ժամանած Շուշիի թիմի մասնակից Արմեն Ասրյանը:

Նրա թիմակից Մարիամ Մնացականյանը ևս նույն խնդիրներն ուներ, այդ ամենի կողքին նրան հուզում է նաև այլ հարց.

«Ինձ շատ տխրեցրեց վերաբերմունքը մարզերից ու Ղարաբաղից ժամանած աշակերտների հանդեպ: Կարծես մենք իրենց տարիքի երեխաներ չլինեինք, երևանցիներից ում խոսեցնում ես, ասում է̀ լեզուդ չեմ հասկանում, գնա, իսկ ես սպասում էի, որ պիտի ավելի ուրախ դիմավորեն մեզ»:

ԼՂՀ թիմի մարզիչ Գենա Դանիելյանի համար զարմանալի է ոչ սպորտային վերաբերմունքը.

«Սպորտում այնպես չէ, որ երկար ճանապարհ գնաս, ու անմիջապես սկսես մրցել, երեխաներին հանգիստ էր պետք, եթե նրանք հանգստանային մեկ օր, այսօր իրենց վատ չէին զգա»,-ասում է նա:

Նման պայմաններում ու տրամադրությամբ հուլիսի 23-ին մրցույթի վերջին վարժություններն էլ ավարտվեցին, ապա սկսվեց մրցականաբաշխությունը, որին Ազգային ժողովից որևէ ներկայացուցիչ չկար:

Ամենաբարձր պաշտոնյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանն էր, ով եւ «Մեդիալաբին» ասաց, որ այս տարի զարմանալիորեն նվազել է հետաքրքրությունը մրցույթի հանդեպ, և ինքը հրավիրվել է միայն մրցանակներ հանձնելու համար:

ՀՀ Ազգային ժողովի գավաթի մրցումների կազմակերպիչներից է նաև Կրթության և գիտության նախարարությունը, որտեղից տեղեկացանք, որ այս տարի աճել է «ակտիվությունն ու հետարքրվածությունը մրցումների հանդեպ»:

«Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի պաշտոնական ներկայացվածություն չի եղել միայն զբաղվածության պատճառով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս զբաղված է եղել այդ օրերին, սակայն նա խոստացել է հաղթող թիմերին, ինչպես նաև ԼՂՀ-ի թիմին հրավիրել Ազգային ժողով ու մրցանակներ հանձնել»,- ասում է ԿԳՆ ներկայացուցիչ Արայիկ Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է ոչ բարենպաստ պայմաններին, նա նշում է, որ իրենց հատկացված բյուջեն կազմել է 5 մլն դրամ, որի շրջանակում իրենք պետք է մրցավարներին վճարեին, նվերներ, գավաթներ գնեին, հոգային թիմերի ճանապարհածախսն ու սնունդը.

«Այդքան նվազ գումարով ավելի լավի մասին խոսք լինել չէր կարող»:

Մրցումներում հաղթող է ճանաչվել Շիրակի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Երևանի և Գեղարքունիքի թիմերը, ԼՂՀ թիմը չորրորդ հորիզոնականում է: Ըստ ԿԳՆ տվյալների, նախատեսվում է ամենաուշը սեպտեմբերին 4 թիմերին կրկին հրավիրել Երևան̀ Ազգային ժողովի նախագահի ձեռամբ պարգևատրելու նպատակով, սակայն հարց է, ինչպես կկազմարեկվի այդ հանդիպումը:

«Նմանատիպ մրցումներ անցկացվում են դեռևս ԽՍՀՄ տարիներից, սակայն ոչ այս պայմաններով: Երբ խորհրդային տարիներին մենք էինք գալիս մրցումների, մեկ օր հանգստանում էինք, ապա մեզ զբոսանքի էին տանում մայրաքաղաքով̀ թանգարաններ, կենդանաբանական այգի, իսկ հիմա արդեն մի քանի տարի է̀ երեխաների հետ գալիս եմ մրցումների, սակայն որևէ ուշադրություն չեմ նկատում»,- ասում է ծնողներից Աիդա Սարգսյանը:

Փառանձեմ Հովհաննիսյան

© Medialab.am