Փաշինյանը կոչ արեց հրաժարվել ընդհատակյա հարսանիքներից ու զանգվածային հուղարկավորություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց հրաժարվել ընդհատակյա հարսանիքներ ու զանգվածային հուղարկավորություններ անցկացնելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին:

«Մեր ամենամեծ խնդիրն այսօր կապված է թաղումների ու հոգեհանգիստների հետ: Դրանք նույն ձևով են ըստ էության տեղի ունենում ու դառնում են վարակի աղբյուրներ: Մեկ մարդը ՀՀ տարբեր մասերում թաղումների մասնակցելով՝ վարակը տարել է երեք տարբեր տեղ, որի արդյունքում Գեղարքունիքի Ձորագյուղ գյուղն ընդհանրապես փակվեց:

Այս շրջանում ներմուծվել է ընդհատակյա հարսանիքի ինստիտուտը, զուռնա-դհոլով ընդհատակյա հարսանիք ենք մենք ներմուծել: Կոչ եմ անում հրաժարվել ընդհատակյա հարսանիքի ինստիտուտից, զանգվածային թաղումների ինստիտուտից, քանի որ դրանով վտանգի տակ ենք դնում մեր տարիքով մեծ հարազատների կյանքը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ ոստիկանության հետհեղափոխական ընկճվածությունն ավելի է խորացնում այս խնդիրը: