Թալիբները գրավել են Աֆղանստանի Կունար նահանգի մայրաքաղաքը

Թալիբան ծայրահեղական շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի Կունար նահանգի մայրաքաղաք Ասադաբադ քաղաքը, որը գտնվում է  Պակիստանի հետ սահմանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Աֆղանստանում առաջին տարին չէ, որ շարունակվում է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» շարժման զինյալների հետ, որոնք վերջին ամիսներին զգալի տարածքներ են գրավել գյուղական և սահմանային շրջաններում ու հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:

Օգոստոսի սկզբին թալիբները 2016 թվականից ի վեր առաջին անգամ գրավել են աֆղանական 34 նահանգից մեկի վարչական կենտրոնը: Դրանից հետո նրանք հայտարարել են տասից ավելի բնակավայրերի գրավման մասին, մարտերը շարունակվում են։

Այս ֆոնին արևմտյան ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին այն մասին, որ թալիբները կարող են ամիսների ընթացքում արգելափակել և նույնիսկ վերահսկողության տակ վերցնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: