Դեպի ՀՀ կանոնավոր չվերթների թույլտվություն ստացած ընկերություններն արդեն կարող են սկսել թռիչքները

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Նախկինում դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ստացած բոլոր ավիաընկերությունները սեպտեմբերի 12-ից սկսած կարող են կրկին սկսել թռիչքներ կատարել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-ից արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո կանոնավոր չվերթների վերականգնման վերաբերյալ հարցին։

Արտակարգ դրության ռեժիմը երկրում ավարտվել է սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, դա նշանակում է, որ կհանվեն Հայաստանի ընդունած սահմանափակումները և կվերականգնվեն ավիաընկերություններին տրված բոլոր այն թույլտվությունները, որոնք եղել են մինչև կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը։

«Սեպտեմբերի 12-ից բոլոր այն ավիաընկերությունները, որոնք ունեն դեպի Հայաստան թռչելու թույլտվություն, կարող են առանց հայտ ներկայացնելու սկսել կարատել կանոնավոր չվերթներ։ Մարտի վերջին, բոլոր այն ավիաընկերություններին, որոնք կանոնավոր չվերթներ էին կատարում դեպի Հայաստան, տվել էինք թույլտվություն։ Մինչև հոկտեմբերի 24-ը նրանք ունեն թույլտվություններ՝ Air France, Aeroflot, Fly Dubai, Qatar Airways, Air Arabia և մի շարք այլ ընկերություններ»,- նշեց Փայասյանը՝ ավելացնելով, որ հետագայում՝ հոկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտ, կանոնավոր չվերթների թույլտվության համար ավիաընկերությունները պետք է հայտ ներկայացնեն։

Կորոնավիրուսի հետ կապված այդ թույլտվությունները կասեցվել էին, սակայն ՔԱԿ-ն այս ընթացքում հարցումներ է ուղարկել տվյալ ավիաընկերություններին, արդյոք օդային սահմանների բացվելուց հետո նրանք պատրաստ են իրականացնել կանոնավոր չվերթներ, ինչին պատասխանը դրական է եղել։ Փայասյանն ընդգծեց, որ վերջին հարցումն արվել է սեպտեմբերի սկզբին։

Դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ունեցող շատ ընկերություններ, ինչպիսիք են Aeroflot-ը, Sibir Airlines-ը, Air France-ը, Austrian Airlines-ը, արտակարգ դրության ընթացքում չարտերային հայտերի հիման վրա թռիչքներ են իրականացնել։

«Այսօր ժամը 17։00-ից սկսած դուրս են գալիս սահմանափակումները, և նախկինում մոտ 30 ավիաընկերության տված թույլտվությունները մտնում են ուժի մեջ։ Այս ընթացքում, մեր հարցումներին ի պատասխան մոտ 20 ավիաընկերություն պատասխանել է, որ պատրաստ են իրականացնել կանոնավոր չվերթներ դեպի Հայաստան։ Գուցե լինեն ընկերություններ, որոնք փոքր ուղևորահոսքի պատճառով առաջիկայում շարունակեն իրականացնել չարտերային թռիչքներ։ Հստակ պնդել, որ բոլոր կանոնավոր չվերթները կվերականգնվեն, ես չեմ կարող։ Մեզ նախապես 20-ից ավելի ավիաընկերություն հայտնել է, որ գալու են, սակայն նախապես ասածն ու փաստացին գուցե մի փոքր տարբերվեն»,- ասաց ՔԱԿ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատարը։

Նա վստահեցրեց, որ եվրոպական, ասիական ուղղությունների մի շարք ընկերություններ կշարունակեն իրենց տեմպը, սակայն դեպք է հաշվի առնել, որ գուցե որոշ երկրներ դեռևս չընդունեն մեր երկրի զբոսաշրջիկներին։ Փայասյանը հայտնեց, որ օդանավերը գոնե 70 տոկոս բեռնվածությամբ պետք է թռիչքներ կատարեն, որպեսզի ավիաընկերությունները շատ վնասներ չկրեն։

«Մենք սպասում ենք բոլորին և ցանկացած ավիաընկերություն, որն ունի թույլտվություն՝ կարող է գալ Հայաստան, իսկ նրանք, որոնք չունեն, կարող են դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և սեղմ ժամկետներում կփորձենք աջակցել, որպեսզի ստանան այդ թույլտվությունը»,- նշեց Ստեփան Փայասյանը։

Սեպտեմբերի 10-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկայում հնարավոր է վերականգնվեն 1-2 տասնյակ ավիաընկերության կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան։ Երկրում կարանտինային ռեժիմի հետ կապված իրականացվել են փոփոխություններ։ Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են տեղում հանձնել թեստ և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն: Եթե դրանք բացասական լինեն, ապա մարդիկ կկարողանան կարանտին չանցնել։ Հայաստանը ծրագրում է օդանավակայանում թեստավորման 20 կետ բացել: