Խաչատրյանի ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ-ում գտնվող տունը վաճառքի է հանվել 39 մլն 750 հազար դոլարով. մանրամասներ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների՝ ԱՄՆ-ում գույքի օտարման համաձայնության էական հանգամանքների մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինս» (Vinson & Elkins LLP) իրավաբանական ընկերությունը հրապարակել է գործարարներ Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի ԱՄՆ-ում դատական գործի հանգուցալուծման մասին հաղորդագրություն: 

Հաղորդագրությամբ, մասնավորապես, ներկայացվել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքներ:

«Հաղորդագրությամբ արձանագրվել է, որ ԱՄՆ-ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել։ Նաև անշարժ գույքի մասով նշվել է, որ հաշվի առնելով գործընթացի խիստ երկարատևությունը և այդ ընթացքում Խաչատրյանների բիզնես գործունեությանը պատճառվող հսկայական կորուստները, Խաչատրյանների և ԱՄՆ կառավարության միջև այն օտարելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

2024 թվականի հունիսին «Վինսոն և Էլկինսը» ապահովել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի (DOJ) կողմից իրականացվող հանրային նշանակության հետաքննության կարճումը, որը ներառել է Արդարադատության դեպարտամենտի ներկայացրած բոլոր պահանջների բարենպաստ հանգուցալուծումը հօգուտ «Վինսոն և Էլկինսի» պաշտպանյալներ Արտյոմի Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և նրանց ամերիկյան ընկերության՝ WRH, Inc.-ի:  Վերոնշյալ գործով Արդարադատության դեպարտամենտի որոշումը և վերջինիս կողմից նախաձեռնված քրեական հետապնդման դադարեցումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է, որով լուծվում է նրանց իրավական վեճը դեպարտամենտի հետ՝ Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի օրինական ձեռքբերման և կառուցապատման վերաբերյալ: 

Ինչպես պարզաբանվել է ներկայացված փաստաթղթերով, Խաչատրյանների ընտանիքը ի սկզբանե գնել է Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը և սկսել կառուցապատումը 2011 թվականին: 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո նրանց օրենքով երաշխավորված իրավունքները կասկածի տակ են դրվել:

2022 թվականի հունվարին Խաչատրյանները վաճառքի են հանել Հոլմբի Հիլզի անշարժ գույքը՝ այդ մասին  տեղեկացնելով կառավարությանը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի ապրիլին Արդարադատության դեպարտամենտը, ստանալով ՀՀ կառավարությունիցմիջնորդություն, ԱՄՆ Կենտրոնական շրջանի Կալիֆորնիայի շրջանային դատարան է ներկայացրել Հոլմբի Հիլզի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջ: «Վինսոն և Էլկինս» ընկերությունը  Խաչատրյանների անունից անմիջապես ներկայացրել է սեփականության ճանաչման պահանջ՝ միջնորդելով  մերժել Կառավարության բողոքը: Այնուհետև, դատարանի որոշմամբ  կասեցվել է Կառավարության պահանջի հիման վրա քննվող բռնագանձման գործը՝ հնարավորություն տալով  ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին իրականացնել հետաքննություն: 

Վերջին երկու տարիների ընթացքում «Վինսոն և Էլկինս» ընկերությունը ամբողջովին աջակցել է Արդարադատության դեպարտամենտի կողմից իրականացվող հետաքննությանը՝ կառավարությանը ատիվորեն տրամադրելով հասանելիություն ծավալուն նյութերին, բանկային արձանագրություններին, ինչպես նաև ապահովել է հասանելիություն վկաների ցուցմունքներին: Ավելի քան երկու տարի տևած քննության արդյունքում, Արդարադատության դեպարտամենտը պաշտոնապես ծանուցել է, որ 2024 թվականի հունիսի 11-ին դադարեցնում է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաև բռնագանձման մասով չկատարված  պարտավությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ սույն գործով Խաչատրյանների շահերը ներկայացրել է «Վինսոն և Էլկինսի» թիմը` Եֆրեյմ (Ֆրայ) Վերնիկի գլխավորությամբ։ Գործընկերներն են եղել Քրիստոֆեր Վ. Ջեյմսը,  օգնականներ՝ Փիթեր Թ. Թոմասը և Ռոբերտ Վունը, Էլիզաբեթ Ա. Մեթյուսը, Նատալի Ֆարագը, Կարինա Ա. Պերիերան, Քեթրին Գալվին և Դենի Քիմը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի:

Ըստ հաղորդագրության՝ առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:

Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին, պատկանող առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում և, ԱՄՆ-ի իշխանությունների որոշմամբ, ենթակա է բռնագրավման, ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ, 2 հարկանի գրադարան, տնային կինոթատրոն, պոկերի, բիլիարդի սենյակներ, մարզասրահ, մառան, փակ սպա սրահ, լողավազան, ավտոտնակ:

Նշվում է, որ 39,750,000 դոլարով վաճառքի հանված առանձնատունն ունի 3,126 քմ մակերես: