Զենքերի մասշտաբային կիրառումն առաջացրել է անտառների, կենդանական աշխարհի վերացման ռիսկ. ՇՄ նախարար

 Արցախում ծավալված պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների վերաբերյալ միջազգային գործընկեր կառույցներին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նամակները ստացել են արձագանքներ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ պատասխան նամակներ են ստանում, որոնցով միջազգային գործընկեր կազմակերպությունները հետաքրքրված են կոնկրետ դեպքերի առանձին դետալներով: Նախարարը նշեց, որ ներկայում իրենց գերատեսչության համապատասխան բաժինը զբաղվում է այդ հարցով:

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մի քանի նամակներ է ուղարկել միջազգային գործընկեր կազմակերպություններին՝ բարձրաձայնելով անտառային տարածքների, շրջակա միջավայրի ծանր հետևանքների մասին: Առաջին մի քանի նամակները հիմնականում ահազանգեր են եղել անտառային պատերազմի հետևանքով առաջած ռիսկերի վերաբերյալ: Վերջին գրություններում ուշադրությունը սևեռել ենք Հայաստանի հարավային տարածաշրջանների, Արցախի հարավային ու հարավարևելյան սահմաններում էկոլոգիական աղետալի վիճակի վրա, որը արդյունք է լայնամասշտաբ զենքերի կիրառման»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ զենքերի լայնամասշտաբ կիրառումը բերել է ոչ միայն անտառների, այլև կենդանական աշխարհի վերացման ռիսկի: Խոսքը մի քանի հազար հա անտառային տարածքների մասին է: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ եղել է այնպիսի իրավիճակ, երբ անտառտնտեսությունների տարածքում բռնկված հրդեհները փրկարար ծառայության ուժերը չեն կարողացել հրդեհաշիջման աշխատանքներ կատարել: Արցախի հարավային հատվածներում ուսումնասիրություններ չեն կատարվել, քանի որ դրանք հայկական զինված ուժերի տիրապետման ներքո չեն: