Ինչու՞ չի կատարվում պաշտպանության նախարարի հրամանը․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Այսօր Երասխում թշնամու կրակոցից զոհվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացրել, որ դրանք անպատասխան չեն մնա։

Անցած մեկ ու կես ամսվա ընթացքում Երասխի հատվածում երեք հայ զինվոր է զոհվել թշնամու կրակոցից։
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ս․թ․ հուլիսի 20-ին նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ կատարելով նախարարի պարտականությունները, իսկ ս․թ․ օգոստոսի 2-ին նշանակվել է նախարար։

Այսինքն ուղիղ մեկ ու կես ամիս ՀՀ պաշտպանության գերատեսությունը ղեկավարում է Արշակ կարապետյանը։

Վերջինս ս․թ․ օգոստոսի 7-ին տառացիորեն հայտարարեց, որ կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները՝ մեր սահմանները պաշտպանելու նպատակով։

Հիմա մենք պետք է միայն խոսքերով դատապարտե՞նք թշնամու գործողությունները և նախազգուշացնե՞նք նրանց, թե՞ կիրառենք բոլոր միջոցները, ինչպես նշում էր Արշակ Կարապետյանը։
Քանի՞ զինվոր դեռ պետք է զոհվի, որպեսզի կիրառվեն բոլոր միջոցները։ Իսկ եթե չեն կիրառվում, ինչու՞ են նման հայտարարություններ արվում․․․

Հ․Գ․ Խոնարհումս քո լուսավոր հիշատակի առաջ, եղբայր․․․»։