Ռազմական դրության պահպանումը իրավաչափ է և օրինական, կան լուրջ խնդիրներ, և պատերազմն ավարտված չէ. Սեդա Սաֆարյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը

– Տիկի՛ն Սաֆարյան, խորհրդարանը մերժեց ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիրների նախաձեռնությունը։ Իշխանությունը հայտարարում է, որ այսօր անհրաժեշտություն է ռազմական դրությունը։ Իրավական առումով արդյոք խնդի՞ր է ռազմական դրության վերացումը։

– Պետք է արձանագրել, որ բոլոր խնդիրները չեն լուծվել՝ կապված թե՛ ռազմագերիների, թե՛ ժողովրդի՝ իրենց տեղերում հաստատման խնդիրների հետ։

Եվ ռազմական դրության ռեժիմը իրենից ենթադրում է պահպանում, և ես այն կարծիքին են, որ այսօր սխալ չէ, որ ռազմական դրության ռեժիմը պահպանվում է, որովհետև դեռ պրոցեսներ են գնում, որոնք կապված են պատերազմի հետ։

Կա գործընթաց, այդ գործընթացն ունի որոշակի գաղտնիության, քննարկումների բացառման խնդիր։ Եվ, կարծում եմ՝ որքան էլ ընդդիմադիր կոչված խմբավորումները իրենց շահերի տեսանկյունից փորձեն բարձրացնել, ռազմական դրության պահպանումը ճիշտ է։

Խնդիրն այն է, որ այնպես չէ, թե մենք ռազմական դրությունը պահպանում ենք, ռազմական դրություն չլինի, պատկերացնում եմ՝ ինչ խառնաշփոթ կստեղծեն։

Բայց մենք ունենք ռազմագերիների և այլ հարցերի հետ կապված խնդիրներ, և այդ խնդիրները նաև մտնում են այդ ռեժիմի պահպանման մեջ, և կարծում եմ, որ այսօր չպետք է վերացնել ռազմական դրությունը:

– Տեսակետ կա, որ քանի դեռ սահմանափակումներ կան, մարդիկ չեն կարողանում տեղաշարժվել, կա մտավախություն, որ հետպատերազմական իրավիճակում շատերը կլքեն երկիրը։ Նման մտավախությունը որքանո՞վ է հիմնավոր։

Չեմ կարող ասել, որ այդպիսի մտահոգություն ունեն, որովհետև լքողը մեկ ամիս կամ մի քիչ ուշ կլքի, եթե լքելու է, և այս տեսանկյունից նրան որևէ բան չի տա, եթե մեկ ամիս հետո թողնի հեռանա։

Ընդհանրապես այդպիսի մտավախություն կա, բայց ես դա ռազմական դրության հետ չէի կապի։ Օրինակ՝ շատերին գիտեմ, որ որևէ մտադրություն չունեն Ղարաբաղ վերադառնալու և մտադրություն ունեն դուրս գալու Հայաստանից։

Եվ չեմ կարծում, թե դա պետք է շահարկվի, որովհետև շատ ավելի արժեքային բաներ կան, որ կապված են ռազմական դրության հետ։

– Կարծում եք՝ ռազմական դրության երկարաձգումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ կան հատվածներ, որտեղ դեռ լուրջ խնդիրներ կան՝ Քաշաթաղ, Սոթք և այլն։

Կան լուրջ խնդիրներ, և պատերազմն այսօր ավարտված չէ, գուցե ռազմական գործողությունները մարտի դաշտում ավարտվել են, բայց դեռ կան այնպիսի իրավիճակներ, որ մարդկանց գերի են տանում, ճանապարհներից մարդկանց են վերցնում:

Հիմա պատկերացրեք՝ եթե տեղաշարժի ազատությունը բացվի, ռազմական դրությունը հանվի, և մարդը հայտնվի այնտեղ, որտեղ պետք չէ, խնդիր կառաջանա, և վնասների ծավալն ավելի մեծ կլինի, որովհետև ուրիշ խնդիր է, որ մարդիկ մտահոգված են Օպերայի հրապարակում հավաքվելու, ուրիշ խնդիր է, որ շատերը ռազմական դրության ռեժիմի բացակայության պայմաններում կարող են ռիսկային քայլեր անել։

Ռազմական դրությունը կվերանա այն ժամանակ, երբ որոշակի խնդիրներին լուծում տրվի, մասնավորապես, պատերազմի հետևանքների մասով։ Եվ, իմ կարծիքով՝ այս տեսանկյունից ռազմական դրության պահպանումը կարևոր է։

-Կարծում եք՝ ընդդիմությունը, պահանջելով ռազմական դրության վերացում, քաղաքական նպատակնե՞ր է հետապնդում և ո՞չ իրավական։

Կարծում եմ՝ այո՛, ունի ավելի շատ իրենց շահերից բխող բովանդակություն, քան իրավական բնույթ, զինծառայության հետ կապված բոլոր ռեժիմները, որոնք սահմանվում են իշխանության կողմից, պետք է ծառայեն իրենց նպատակին, և եթե այդ խնդիրները լուծում չեն ստացել, ապա ռազմական դրության պահպանումը իրավաչափ է և օրինական։

Այնքան անկայուն իրավիճակ է ստեղծված։ Եվ ես չտեսա, որ ռազմական դրության ժամանակ այս քաղաքական ուժերը, բացի իրար վարկաբեկելուց, զբաղվեն հայրենանվեր գործով։

Նրանք այս հայտարարությունն անարդար են համարում, ուրեմն այս հայտարարության վերաբերյալ պետք է բովանդակային քննարկումներ լինեն, մինչդեռ որևէ տող չկա այդ մասին։ Իրավիճակը բարդ է։

Մանե Հարությունյան

MediaLab.am