«Վահան Բադասյանի վրա դրել են պետության յուրացման հոդված, սա խայտառակություն է». Իրավապաշտպանը՝ վարչապետին. «Մի քիչ մեծահոգի՛ գտնվեք»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Ակնկալվում էր, որ երեկ հնարավոր էր փոխվի Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը, սակայն դա տեղի չունեցավ: Ինչպե՞ս եք գնահատում նրա կալանավորումը, և արդյոք կրկին գործ չունենք սելեկտիվ արդարադատության հետ:

– Ես այս դեպքն այնքան էլ չեմ կապում դատական համակարգի հետ, չեմ կարող նման բան պնդել: Ես չեմ ընդունում նման սպառնալիքը, բայց նրա տոնայնության մեջ, իրոք, ես իրական սպառնալիք չէի տեսնում, երբ լսում էի: 

Վերջին հաշվով, վարչապետն ասել է, որ ինքը մեղավոր է պատերազմի այսպիսի ելքի համար, և թիվ մեկ մեղավորը չէ: Եթե ինքն ընդհանրապես մեղավոր է, ուրեմն մեղավոր է նաև Վահան Բադասյանի առջև, որովհետև Վահան Բադասյանն է կորցրել ամեն ինչ, ինքն է հայրենիքի համար պայքարել, կռվել, վիրավորվել: 

Համարում եմ անմարդկային, սադիստական քայլ նրան բերդում պահելը: Եթե անգամ դատական համակարգն է դա արել, ուրեմն պետք է միջամտություն լինի այդպիսի դատական համակարգին, որը ծանր վիրահատությունից հետո մարդուն պահում է փակի տակ և չի ընդունում նրա համար բերված դեղորայքը: 

Վահան Բադասյանը մեկն է այն մարդկանցից, որ կորցրեցին իր հայրենիքը, իր տունը, իր տեղը: Ընդ որում՝ անսպասելիորեն կորցրեցին: Ասում են՝ Հադրութը հանձնեցին: Մենք չգիտենք՝ իրականությունը որն է, բայց եթե հանձնեցին Հադրութը, ուրեմն հիշեցնում ենք վարչապետին իր խոստովանած մեղավորության մասին: 

Մարդուն պետք էր անմիջապես լսել, հասկանալ: Ինչո՞ւ չպետք է լսի, այդքան անհասանելի՞ է վարչապետը, չիները կընկնեի՞ն, որ լսեր այդ մարդուն, տեսներ՝ ինչո՞ւ է այդպես խոսում: 

Չէ՞ որ նա հերոս է, հանցագործ չէ: Դեռ մի բան էլ պետք է գլուխ խոնարհեր այդ հերոսի առջև, ոչ թե թույլ տար, որ իր չբարեփոխած դատական համակարգը նման քայլ անի: 

Վահան Բադասյանի վրա դրել են պետության յուրացման հոդված, սա պարզապես խայտառակություն է: Մարդիկ իրավունք ունեն սխալվելու: Լավ, համարում եք, որ սպառնացել է, մեղավոր է, այնպես արեք, որ նա բուժվելու հնարավորություն ունենա: Պետք է անպայման մարտի դաշտո՞ւմ զոհվեր, որ հետո ասեինք՝ նա հերոս էր: 

– Դուք կարծում եք, որ Բադասյանի կալանավորումը քաղաքական բնո՞ւյթ ուներ, քաղաքական հետապնդո՞ւմ է:

– Այն հոդվածը, որ դրել են Բադասյանի վրա՝ 301-րդ հոդվածը, դրված է նաև Ռոբերտ Քոչարյանի վրա, ես այդտեղից եմ ենթադրում և հակված եմ մտածելու, որ Վահան Բադասյանի կալանքը քաղաքական է: 

Ի՞նչ 301-րդ հոդված, երբ մարդն ընդամենը սպառնացել է: Մեր երկրում ամբողջ օրը սպառնում են, Վազգեն Մանուկյանն ասում էր՝ շենքեր ենք գրավելու, բա ինչի՞ նրան չեն բանտարկում: 

Ինձ դա շատ է հետաքրքրում: Վահան Բադասյանն օրինավոր մարդ է եղել, մենք այդպես գիտենք նրան: Մենք չենք տեսել այնպիսի մի քայլ, որը կասկածելի թվար: 

– Այսպես շարունակվելու դեպքում ի՞նչ խնդրի ենք բախվելու: 

– Ես կարծում եմ, որ մեր դատական համակարգը գործող իշխանությանը լրիվ համարժեք է: Ինչպես իշխանությունն է աշխատում, այդպես էլ դատական համակարգն է աշխատում: 

Պատերազմի օրերից սկսած, այդ թվում նաև՝ վարչապետի կողմից հնչեցվել են դավաճանների, ինչ-որ տարօրինակ պատմությունների մասին, և մինչև հիմա շրջանառվում են նման խոսակցություններ: 

Վարչապետն ինքն է պատմել իր առաջին ելույթներից մեկում, որ շատերը փախել են, դավաճանել են: Բա իրենց ինչի՞ չեք դատում: Ասում են՝ 1300 քրեական գործ է հարուցված, դա ինձ մոտ ծիծաղ է առաջացնում, որովհետև մենք ոչինչ չենք լսում այդ քրեական գործերի մասին: 

Դե էդ դավաճաններին գտեք, հանձնաժողով ստեղծեք: Ամբողջ ժողովուրդը գիտի, որ ամբողջ պատերազմը ինչու ենք պարտվել: Ես համարում եմ, որ պարտվել ենք առաջին հերթին անկազմակերպ, փնթի աշխատանքի պատճառով, նորմալ զորահավաք չկազմակերպելու պատճառով: 

Եթե այդքան մեր զինվորները կարողացել էին դիմակայել, և եթե այդ կազմակերպչական կողմն ապահովվեր, կարծում եմ՝ մենք ավելի քիչ զոհ կունենայինք և ավելին կունենայինք: 

Եթե դուք չեք ստեղծել այդ քննիչ հանձնաժողովը, Վահան Բադասյանին տարել 301-րդ հոդվածով փակել եք, չեմ պատկերացնում, թե գլխավոր դատախազությունը դրանով ի՛նչ է ուզում ասել: Ես հակված եմ, որ սա քաղաքական գործ է: 

Մյուս կողմից՝ Վահան Բադասյանը սպառնացել է վարչապետին, ասել է՝ պետք է վերացնենք: Մի քիչ մեծահոգի՛ գտնվեք, պարո՛ն վարչապետ: Ասեիք՝ թողեք ինձ մոտ գա, գուցե մարդը խոսելու կարիք ունի: 

Ես չեմ ասում, թե նա լավ է արել, որ նման բան է ասել: Իհարկե լավ չի արել, բայց եթե ասել է, ուրեմն բարի եղիր հասկանալ, որովհետև դա ավելի շատ հոգեբանական խնդիր է: 

Ի վերջո հիշեք, որ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, երբ նրա վրա կրակեցին, անձամբ գնաց բանտ՝ իրեն կրակողին տեսնելու: Սովորե՛ք մարդասիրություն և մա՛րդ եղեք: 

Մանե Հարությունյան

Medialab.am