«Տեղի ունեցավ Սահմանադրական դատարանը հանցավոր ռեժիմին փոխանցելու գործընթաց». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորներ ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին։ Նրանց թեկնածությունը բուռն քննադատությունների արժանացավ։ Արդյոք այդքան կարևո՞ր է անձերի հարցը այս դեպքում։

– Իհարկե կարևոր է։ Ինչքան էլ մենք ունենանք փայլուն ռազմավարություններ և հրաշալի իրավական ակտեր ու օրենքներ, միևնույն է, մենք բախվելու ենք խնդրին, թե ովքեր են դրանք իրականացնելու։ 

Չափազանց կարևոր է, թե ովքեր են լինելու Սահմանադրական դատարանի հաջորդ դատավորները։ Ցավոք սրտի, իմ համոզմամբ, տեղի ունեցավ Սահմանադրական դատարանը հանցավոր ռեժիմին փոխանցելու գործընթաց։ 

Այսինքն՝ Ազգային ժողովը և իշխանությունները տպավորություն ստեղծեցին, թե արվում են փոփոխություններ, բայց իրականում կրկին Սահմանադրական դատարանը փոխանցվեց հանցավոր ռեժիմին։

Առնվազն գոնե ՍԴ մեկ-երկու կերպարներ ծառայել են նախորդ հանցավոր ռեժիմին։ Եվ նրանց հայտնվելը Սահմանադրական դատարանում հուշում է միայն մեկ բան, որ տեղի ունեցավ դավաճանություն, հեղափոխության դավաճանություն։ 

Եվ դա տեղի ունեցավ բացառապես իմքայլականների կողմից, որովհետև ԱԺ մյուս խմբակցությունները չմասնակցեցին այդ քվեարկությանը։ Իսկ թեկնածուներն էլ հավաքեցին առավելագույն կողմ ձայներ։

Ներկայումս այլ համակարգ է, գուցե ՍԴ դատավորների առաջ այլ խնդիրներ են դրվում։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք ծառայելու են նախորդ ռեժիմին։

Մարդիկ, որոնք կարողացել են անձնվեր ծառայել հանցավոր ռեժիմին, որոնք կարողացել են տեսնել անարդարությունն ու լռել, կարողացել են տեղավորվել հանցավոր համակարգի բարձր պաշտոններում, երբևէ չեն կարող բերել համակարգային փոփոխություն։ 

Ինչո՞ւ, որովհետև եթե տեղի ունենար հեղափոխություն, իմ համոզմամբ, Խունդկարյանը պետք է նստեր, բայց ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորի աթոռին, այլ ուրիշ վայրում ու ուրիշ կարգավիճակով։ 

Այս մարդիկ որևէ կերպ շահագրգռված չեն հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու, փոփոխություններ բերելու հարցում։ Նրանք եկել են այդ պաշտոնին, որպեսզի կարողանան սպասարկել հանցավոր ռեժիմի գաղափարները, ինչպես սպասարկում են դատախազությունը, դատարանները և արդարադատություն իրականացնող մյուս մարմինները։

– Իշխանություններն ինչո՞ւ են կանգ առնում նրանց ընտրության վրա, կադրեր չկա՞ն, թե՞…

– Ես երբեք չեմ կիսել այն տեսակետը, որ կադրեր չկան։ Եթե չեն գտնում, նշանակում է՝ սխալ տեղ են փնտրում։ 

Եթե փնտրում են և անընդհատ կրկնում են, որ ցանկացած անձ, ում կառաջարկեին, միևնույն է, քննադատության էր ենթարկվելու, ես չեմ կիսում այդ տեսակետը։ 

Ես վստահ եմ, որ Հայաստանում կան միջավայրեր, որտեղից կարելի էր արժանավոր մարդկանց գտնել։ Իսկ ինչո՞ւ իշխանություններն այս քայլին գնացին, ես այս քվեարկության արդյունքում վերջնականապես համոզվել եմ, որ կա գործարք հեռացած հանցավոր ռեժիմի և ներկայիս իշխանությունների միջև։ 

Այլապես ես չեմ գտնում բացատրություն, թե ինչո՞ւ չհեռացվեց գլխավոր դատախազը, ինչո՞ւ չպատժվեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը լքեցին տարբեր պաշտոններ զբաղեցրած և կոռուպցիայի մեջ թաթախված անձինք, ինչպե՞ս ստացվեց, որ հեղափոխությունից 2,5 տարի անց ունենք զրո պատասխանատվության ենթարկված անձինք, և ունենք նոր նշանակումներ, այդ թվում՝ հանցավոր ռեժիմին ծառայած անձինք։

Այս կազմով Սահմանադրական դատարանից ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ։

– Ես նախկինում էլ, հիմա էլ ակնկալում եմ, որ նրանք ապահովելու են հանցավոր ռեժիմի պաշտպանությունն ու պահպանությունը։ Եվ մեկ կամ երկու ձայն, որոնք կարող են կոտրել այդ լռությունը, ցավոք սրտի, եղանակ չեն փոխելու, որովհետև ՍԴ ամբողջ կազմը գրեթե նախորդ ռեժիմի նվիրյալներն են։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am