«Չի կարելի ֆետիշացնել բուհը, բուհի անունը, հատկապես եթե այդ բուհը ոչ Քեմբրիջն է, ոչ Հարվարդը». Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մի քանի բուհերի միավորման նախագծին և գրել.

«Մենք շատ հաճախ շփոթում ենք նպատակն ու միջոցը: Ընդ որում, սա մշտական խնդիր է. այս մասին գրեթե միշտ խոսում ենք բյուջետային քննարկումների ժամանակ:

Օրինակ, երբ խոսքը զբոսաշրջության մասին է, ցուցահանդես կազմակերպելը նպատակ կամ արդյունք չէ: Նպատակը ավելի շատ զբոսաշրջիկներ ունենալն է: Իսկ ցուցահանդեսն ընդամենը միջոցներից մեկն է՝ այդ նպատակին հասնելու համար:

Կամ երբ խոսում ենք հարկային ոլորտի մասին, նոր ԱՏԳ-ների կառուցումը կամ վերապատրաստման մասնակցած տեսուչների թիվը վերջնական նպատակ չէ: Վերջնական նպատակը ավելի արդյունավետ հարկային վարչարարություն ունենալն է:

Մեծ հաշվով, տնտեսական աճն էլ նպատակ կամ վերջնարդյունք չէ: Այն միջոց է բուն նպատակին հասնելու՝ ավելի բարեկեցիկ հասարակություն ունենալու համար: Ու դա չափելու համար պետք է բազում ցուցանիշներ դիտարկել՝ աղքատության մակարդակ, կյանքի միջին տևողություն, առողջություն, գրագիտություն և այլն: Որովհետև հնարավոր է ունենալ անգամ երկնիշ տնտեսական աճ, սակայն բևեռացման պատճառով այդ աճի բարիքներից օգտվի մի փոքր խումբ, իսկ բնակչության մեծամասնությունն ավելի վատ ապրի:

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ մեր հիմնական բանավեճը կառավարության գործընկերների հետ հենց սրա շուրջ է. ունենալ վերջնարդյունքի հստակ չափորոշիչներ, որպեսզի հասկանանք՝ մեր առջև դրված նպատակներին որքան ենք մոտեցել, հանրային միջոցները որքանո՞վ են նպատակային ծախսվել: Ու պետք է ասեմ, որ ծրագրային բյուջետավորմանն անցնելուց ի վեր այս ուղղությամբ զգալի բարելավումներ ունենք:

Հիմա այս համատեքստում գանք կրթությանն ու, մասնավորապես, մի քանի բուհերի միավորման շուրջ առաջացած աղմուկին:

Մենք կառավարության ծրագրով խոստացել ենք մի քանի հարյուր դպրոց ու մանկապարտեզ կառուցել: Սակայն միայն դա բավարար չէ: Դպրոցի ու մանկապարտեզի շենքն ու կահավորանքը միջոց են, սակայն նպատակն այն է, որ մեր երեխաները որակյալ կրթություն ստանան: Իսկ դրա համար նախևառաջ պետք է ունենալ բարձրակարգ և իրենց գործին նվիրված մանկավարժներ, ժամանակակից կրթական ծրագրեր, դասագրքեր և այլն: Հակառակ պարագայում կունենաս շքեղ դպրոցներ, սակայն չես ունենա կրթություն:

Ինչ վերաբերում է մի քանի բուհերի միավորման գաղափարին:

Միանգամից ասեմ. ես չգիտեմ ինչ հիմնավորումներով են միավորվում բուհերը: Բայց մի բան գիտեմ. չի կարելի ֆետիշացնել ոչ բուհը, ոչ բուհի անունը, ոչ բուհի շենքը: Հատկապես եթե այդ բուհը ոչ Քեմբրիջն է, ոչ Հարվարդը, ոչ MIT-ն, և չի մտնում անգամ լավագույն 5000 բուհերի մեջ:

Այ սա է խնդիրը՝ կրթության որակով լավագույնների շարքին դասվելը: Եթե միավորումը դրան պիտի նպաստի, դրա արդյունքում ռեսուրսներն ավելի արդյունավետ ծախսվեն, կազմակերպչական ու կրթական պրոցեսներն ավելի օպտիմալ լինեն, ուրեմն որոշումը ճիշտ է: Եթե ոչ, ուրեմն անօգուտ և չհիմնավորված որոշում է:

Որքանով ինձ է հայտնի, ոչ ոք չի վերացնում բուհերը, չի քանդում շենքերը և չի ազատում պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Տեղի է ունենալու խոշորացում:

Նորից եմ կրկնում, ես չգիտեմ միավորման մանրամասները: Բայց ես նաև չեմ տեսնում բանավեճ՝ այս հարթության մեջ: Մեծ հաճույքով կլսեի փաստարկներ, թե ինչու պետք է այսինչ բուհն առանձին մնա, որքանով է դա անհրաժեշտ կրթական պրոցեսն ավելի լավը դարձնելու համար և այլն…

Իսկ երբ խոսակցությունը այլ հարթության մեջ է՝ որ բուհն է ավելի մեծ, ավելի հին, որի անունն է ավելի հնչեղ և հայտնի, դա արդեն ոչ թե կրթության մասին է, այլ լրիվ այլ բաների: 3 ռեկտորի կամ 3 գլխավոր հաշվապահի փոխարեն 1-ն ունենալը, կամ միավորված բուհի անվան շուրջ խոսակցությունը կրթության մասին չէ:

Ոչ բուհի անունն է կարևոր, ոչ առանձին ռեկտոր ունենալը: Կարևորը կրթության ավելի բարձր որակն է: Եկեք այս մասին խոսենք:

Ու եթե այս՝ նշածս տրամաբանության մեջ ասելիք ունեք (միավորման գաղափարին կողմ կամ դեմ), խնդրում եմ գրեք. մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ կկարդամ»