Ջերմուկում անչափահասը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հանգանակության արկղից փող է գողացել

«Հայփոստ»-ի Ջերմուկի բաժանմունքից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հանգանակության արկղից փող են գողացել։ Բացի այդ, մոտ 10 օր առաջ իր սեղանի դարակից էլ անհետացել էր 28 հազար դրամ, ինչի կապակցությամբ, սակայն, իրավապահներին չէր դիմել։

Ոստիկանությունից հաղորդում են, որ Ջերմուկի ոստիկանները մանրակրկիտ ուսումնասիրել են տարածքը. ոչինչ վնասված չի եղել, անգամ մուտքի դռան կողպեքը։ Ենթադրվում էր, որ դուռը բացել են հարմարեցված բանալիով, այն էլ՝ երկու անգամ։

Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ծառայողները ստացել են տեղեկություն, որ հափշտակությունները կատարել է 17-ամյա մի պատանի։

Ահազանգի հաջորդ օրը նա ներկայացվել է ոստիկանության Ջերմուկի բաժին և խոստովանել կատարած երկու գողությունը։ Պարզվե է նաև, որ բանալին ոչ թե հարմարեցված էր, այլ, ավելի ճիշտ՝ համընկած. զարմանալի զուգադիպությամբ տղայի տան բանալին բացել էր նաև «Հայփոստի» բաժանմունքի դուռը։

Անչափահասը հանձնվել է ծնողների հսկողությանը։ Դեպքի հանգամանքները պարզվում են: