Աշխարհասփյուռ հայ համայնքներում դրամահավաքներ են իրականացվում Արցախին օգնելու համար

Աշխարհասփյուռ հայ համայնքներում դրամահավաքներ են իրականացնում Արցախին նյութական աջակցություն ցուցաբերելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը «Ֆեյսբուք»-ում դրամահավաք է կազմակերպել:

«Ցանկանում ենք բարոյական և նյութական օժանդակություն բերել Արցախի մեր քույրերի և եղբայրներին: Գերմանիայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը հայտարարել է համահայկական դրամահավաք: Ձեր նյութական օգնությունը կարող եք կատարել «Ֆեյսբուք»-ի միջոցով կամ բանկային փոխանցումով»,- գրել են առաջնորդարանի «Ֆեյսբուք»-ի էջում: Արդեն իսկ հավաքվել է ավելի քան 41 հազար ԱՄՆ դոլար:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երուսաղեմի Հայ համայնքն առաջին փուլով, Արցախին նվիրաբերել է 37 հազար 777 դոլար:

«Փոխանցումը կատարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հաջորդ փուլով պիտի փոխանցվի Իսրայելի հայերի հանգանակած նվիրատվությունը»,- հայտնել է Կորյուն Հովնան Բաղդասարյանը:

Չեխիայի հայ համայնքից նույնպես հորդորել են հայրենակիցներին լինել Արցախի սահմանին կանգնած զինվորների և կամավորներին կողքին ու աջակցություն ցուցաբերել՝ գումար նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Ադրբեջանական հրետանու և թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից անընդհատ ռմբակոծության տակ գտնվող խրամատները պաշտպանող տղամարդիկ և կանայք ձեր օգնության կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել պաշտպանել մեր հայրենիքը: Այսօր է օրը, վաղն արդեն շատ ուշ կլինի: Դուք Սփյուռքում Հայաստանի միակ դաշնակիցն եք: Այս վճռական պահին Հայրենիքը ձեր կարիքն ունի: Միասին մենք կհաղթենք»,- հայտնում են Չեխիայի հայ համայնքից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 66.8 մլն ԱՄՆ դոլար: